Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, որի առթիվ պաշտոնական մակարդակով դարձյալ տոնական միջոցառումներ չեղան, ինչպես նախորդ երեք հետպատերազմյան տարիներին։ Այդ օրը նախագահականում պարգեւատրման արարողություն էր, եւ Եռաբլուրի կողմից մերժված իշխանությունը գրեթե ողջ կազմով այնտեղ էր։ Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Եռաբլուրում են լուսացրել, որպեսզի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ու նրա թիմակիցներին չթողնեին մոտենալ զինվորների շիրիմներին: Երրորդ տարին է, ինչ ծնողներն այդպես են արտահայտում իրենց բողոքը։
Այդուհանդերձ, սակայն, Եռաբլուրը Անկախության օրը մարդաշատ էր, առավոտից զոհվածների հարազատների հոսքը չէր դադարում, ու մինչեւ օրվա վերջ իշխանականներն այդպես էլ Եռաբլուրում չերեւացին: Փոխարենը Փաշինյանի հրաժարականը հանրորեն պահանջող Բագրատ Սրբազանը վաղ առավոտից գաղափարակից ընկերների հետ Եռաբլուրում էր: Նրանք միասին երգեցին Հայաստանի օրհներգը, այցելեցին զոհվածների գերեզմաններին, զրուցեցին որդեկորույս մայրերի հետ՝ փորձելով սփոփանքի խոսքերով փոքր-ինչ մեղմել նրանց վիշտը:
«Այո, պետք է ընդունել մեր պարտությունը, բայց՝ ոչ մեր տղաների, որոնք հաղթանակի տեսիլքով էին գնացել… պարտվածի զգացողություններ չպիտի ունենալ նրանց այցելելու պահերին, ընդհակառակը՝ մեր այցերը պետք է ուխտ լինեն, նվիրում, ինքնամաքրում, ինքնասրբագործում, զղջում, ապաշխարություն, մեծ իմաստով՝ ամոթ, որ մենք դեռ այս վիճակում ենք»,- նշել է «Սրբազան պայքարի» առաջնորդը։ Անկախության հիմքը, ըստ նրա, Արցախն էր, «եւ հիմա բոլոր նրանք, ովքեր Արցախի կորուստը կհամարեն Անկախության օր, ուրացող են»: Բագրատ արքեպիսկոպոսն ակնարկում է ՔՊ-ական Գեւորգ Պապոյանին, որն օրերս հայտարարեց, թե «Հայաստանի իրական անկախության օրը սեպտեմբերի 19-ն է»: Սա Արցախի հայաթափման վերջին օրն է:
Լպիրշությունն էլ պետք է սահման ունենա: Սրանց լպիրշությունն անսահման է, արդեն անթաքույց ինքնաբացահայտվում են՝ ցույց տալով իրենց ներքին էությունը: Փաշինյանը Եռաբլուր վախեցավ գնալ, բայց ոստիկանական եռաշերտ շարքերով պաշտպանված կառավարական շենքի իր ապահով աշխատասենյակից կարճ տեսանյութ հրապարակեց սոցցանցերում, թե ինչպես անկախացավ Հայաստանը, բայց Արցախյան շարժման մասին որեւէ հիշատակում չկա։ Ուղերձում նա գոհանակությամբ նշում է, որ անկախության մակարդակը երկրում օրեցօր աճում է «ժողովրդավարության եւ բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ»: Սթափ դատող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ իրականում ո՛չ ժողովրդավարություն կա երկրում, ո՛չ արտաքին քաղաքականություն, այն էլ՝ «բալանսավորված»:
Կարդացեք նաև
Բայց այսքանով սուտն ու մանիպուլյացիաները չեն ավարտվում, դրանք տող առ տող ուժեղացվում են: Համոզվեք ինքներդ. «2018թ. ժողովրդական, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել եւ շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը եւ առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020թ. անկախության կորստի եզրին հասնելով՝ իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատեւության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»,- ասված է նրա ուղերձում:
Ըստ էության, խոստովանում է, որ ՔՊ-ական իշխանության կողմից թույլ են տրվել սխալներ ու ձախողումներ, ինչի հետեւանքով անկախության կորստի սպառնալիքը 2020թ.-ին հասել էր եզրագծին: Սակայն հաջողվել է, իբր, հաղթահարել այդ սպառնալիքը: Եվ գիտե՞ք ինչպես: Ըստ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի ռազմավարությամբ՝ «պետության հարատեւության տեսական թեզը դնելով գործնական ռելսերի վրա»: Այնպես որ, հայ ազգը պետք է ցկյանս երախտապարտ լինի այդ մարդուն՝ «Իրական Հայաստան»- «Պատմական Հայաստան» տխրահռչակ «տրակտատի» համար, որի շնորհիվ, բա չեք ասի, ազգը փրկվել է կործանումից: Այստեղ են ասել՝ տերդ խնդա, Բաղդասար:
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր չէր գնացել նաեւԳարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: Մայր աթոռից հոգեւորականներն այցելել էին առանց նրա: Առաքելական եկեղեցու առաջնորդն իր ուղերձում խոսել է ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին եւ միասնության կոչ արել։ «Այսօր նոր փորձությունների միջով են անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը. բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, եւ անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների եւ նոր սպառնալիքների առջեւ»,- ասված է տոնի առթիվ Վեհափառ հայրապետի հղած ուղերձում։
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում