Սեպտեմբերի 28-ին` Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, ազգային բարերարներ, մշակույթի, գիտության, հասարակական և քաղաքական գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այս կարևորագույն պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղոթակից էին Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներն ու ներկայացուցիչները։
Տերունական աղոթքից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Մայր Տաճարից շարժվեց դեպի Մայր Աթոռի Սուրբ Տրդատ Բաց Խորան: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան:
Կարդացեք նաև
Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը մասնակցում էր նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
Հայրապետական թափորի մեջ տարվում էին Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սրբալույս Մյուռոնի նյութերը և այլ սրբություններ:
Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը կրում էին Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ․ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Աշոտ Երկաթի խաչ մասունքարանը կրում էին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոկոս Նավասարդյանը և Երևանի Սուրգ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը` Սուրբ Գեղարդը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը` Ծաղկանց նյութի սափորը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ Բալասանի սափորը, ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքակիր Աջը, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ հին Մյուռոնով Մյուռոնաթափ մեծ աղավնին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության միաբան Գերաշնորհ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կրում էր Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Ս. Թադեոս առաքյալի մասունքակիր Աջը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթայնը՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքակիր Աջը։
Սրբալույս Մյուռոնի կնքահայրն է ազգային բարերար տիար Սամվել Կարպետյանը:
Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը:
Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը և Սրբալույս Մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ և Սուրբ Մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին:
Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց Մյուռոնի կնքահայրը, ով և բացեց Սուրբ Մյուռոնի կաթսան:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը և բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաև Անթիլիասում օրհնված Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգիսյանը։
Սրբազան Ավանդության համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաև հին Մյուռոնը` նորին փոխանցելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունն ու շնորհը:
Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքակիր խաչով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և հայոց հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո Նորին Սրբությունը, եպիսկոպոսաց դասը և Մյուռոնօրհնության կնքահայրը համբուրեցին նորօրհնյալ Մյուռոնի կաթսան:
Արարողությունը փակվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Գեղարդով օրհնեց ներկաներին:
Ուխտավոր ժողովրդին հնարավորություն տրվեց հպվելու Սուրբ Մյուռոնի կաթսային և ստանալու նոր Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհնության արարողության ավարտին թափորը Հայրապետական մաղթերգի ներքո ուղղվեց դեպի Վեհարան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Որ ոք օծցի ի սմանէ երկիւղած լիցի յԱստուծոյ
եւ աներկիւղ ի հակառակորդէն»։
«Ով օծվի Սրանով (Մյուռոնով), երկյուղած
պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց»։
(Կանոն Սրբալույս Մյուռոնի Օրհնության)
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ շնորհը պարգևեց Մեզ Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակի օրը, կատարելու Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որը անցնող տարիների աղետաբեր իրադարձությունների պատճառով անհնար եղավ իրականացնել։ Թող Աստծո բարեգութ կամքով նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորություն՝ պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին։
Սիրելիներ, Սրբալույս Մյուռոնի օրհնությունը մեզ հիշեցնում է նվիրական օրերը հայոց դարձի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ, բիբլիական Արարատի վեհապանծ հայացքի ներքո, մեր ժողովուրդը մկրտվեց և օծվեց մեր Տիրոջ կողմից օրհնված և Սուրբ Թադեոս առաքյալի միջոցով Հայաստան բերված սուրբ յուղով և մեկ դարձավ Քրիստոսով ու իր Սուրբ Եկեղեցիով։ Ազգս հայոց շնորհը ստացավ լինելու Աստծո սեփական ժողովուրդ և առաջինը աշխարհում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն։ Հավատակերտ այդ ժամանակներից ի վեր փրկության սուրբ լեռն Արարատ և Միածնաէջ Մայր Տաճարը դարձան սրբազան և անջնջելի խորհրդանիշ մեր հավատքի ամրության և հայոց հավերժ լինելության։
«Ով օծվի Մյուռոնով, երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ՝ թշնամուց»։ Մյուռոնօրհնության աղոթքի ազդու այս խոսքերն են այսօր մեծ ուժականությամբ հնչում ի լուր ամենքիս։ Մեր հայրերի այս պատգամը ուղեկցել է մեր ժողովրդին պատմության ողջ ընթացքում, զորացրել ապրելու Աստծո սիրո երկյուղով և արիացրել թշնամյաց դեմ պայքարներում, քաջալերել լինելու պաշտպանը սրբազան արժեքների, մեր ինքնության և նվիրյալը հայրենիքին ծառայության։
Մյուռոնը տեսանելի նշանն է Սուրբ Հոգու ներկայության։ Սուրբ Մյուռոնի դրոշմով աստվածային օրհնության աղբյուրն է բացվում անհատի և ժողովրդի կյանքում։ Մյուռոնով օծյալը արժանի է դառնում աստվածային երկնառաք շնորհների, նորոգվում բարին խորհելու և արարելու, ապրելու Աստծո երկյուղով և անվախ՝ ընդդեմ չարի։ Սուրբ Մյուռոնի կնիքը հաստատումն է Քրիստոսի հետ միության և Սուրբ Եկեղեցուն անդամագրության, այլև ազգային ինքնության և առհավատչյան առ Աստված հավատարմության։
Սրբալույս Մյուռոնը դարեդար միմյանց է շաղկապել աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, միավորել հայրենիքն ու սփյուռքը։ Սուրբ Մյուռոնով մենք մեկ ազգ ենք և մեկ Եկեղեցի։ Այսօր էլ Սուրբ Մյուռոնը, Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով ընծայվելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին, վերստին ամրապնդում է ի հոգևորս անլուծանելի մեր միասնականությունը։ Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»։
Սիրելիներ, աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով ու հակառակություններով, որոնք խաթարում են ներդաշնակությունը ընտանեկան կյանքում, մարդկային հարաբերություններում և հասարակության մեջ սերմանում թշնամանք ու անհանդուրժողություն, հրահրում պատերազմ, սփռում ավեր ու արհավիրքներ։ Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և աղետներից ու վշտագին կորուստներից վերհառնումի հրամայականի առջև։ Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը։ Մյուռոնօրհնության նվիրական այս արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր Եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։
Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության։
Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն է աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ մյուռոնադրոշմ պահել մեր կյանքի ընթացքը, հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան, քանզի ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս Մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, և աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջև, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25)։
Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին:
Մյուռոնօրհնության հոգենորոգ այս առիթով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում արարողությանը մասնակից եկեղեցական, պետական, քաղաքական, դիվանագիտական գործիչներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալ ազգային բարերարներին և ուխտավոր հավատացյալներին։ Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք հայտնում Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնած ազգային մեծ բարերար տիար Սամվել Կարապետյանին, ով իր նշանակալի ավանդն է բերել ազգային և հայրենական մեր կյանքի շենությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Աստծո ամենառատ օրհնություններն ու մշտանորոգ հաջողություններ Ձեզ, սիրելի բարերար տիար Կարապետյան, և Ձեր բարեպաշտ ընտանիքին։
Աղոթում ենք Երկնավոր մեր Հորը, որ Սուրբ Հոգու շնորհներով աշխարհում առատանան հավատո գործերը, սերն ու բարին, և զորանան խաղաղության ու համերաշխության ուղիները։
Թող Սուրբ Հոգու շնորհաց հանապազ հեղումով անվտանգ ու աներեր լինի մեր հայրենիքը, բարեզարդ՝ համայն մեր ժողովրդի կյանքը, պայծառ ու անսասան՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։ Թող Սուրբ Մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ