«Միկա» մարզադահլիճում կայացավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 22 երկրների ուժեղագույն մարզիկներ:
Հատուկ այդ նպատակով Երեւան ժամանած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը բացման հանդիսավոր արարողության ժամանակ հատուկ ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը անձնական մեծ ներդրում ունի սամբոյի զարգացման գործում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Եվ որպես ապացույց բերեց այս մրցաշարը, որը սամբիստների համար իրենց հնարավորությունները մի վերջին անգամ եւս ստուգելու լավ հնարավորություն է տալիս աշխարհի առաջնությունից առաջ:
Գնահատելով ՀԱՕԿ նախագահի մեծ ավանդը սամբոյի զարգացման գործում՝ Վասիլի Շեստակովը հայտարարեց, որ միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2025 թվականից «Գագիկ Ծառուկյանի գավաթ» մրցաշարին տալ նոր, ավելի բարձր կարգավիճակ: Եկող տարվանից այն Երեւանում կանցկացվի արդեն որպես աշխարհի գավաթ եւ այդ գավաթը հանդիսավոր կերպով հանձնեց նրան:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այս մրցաշարն իսկապես տոն է, քանի որ տարբեր երկրներից ժամանած աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր սամբիստները Երեւան ժամանելով ոչ միայն ստուգում են պատրաստվածության աստիճանը, իրենց փորձը փոխանցում միմյանց, այլեւ ծանոթանում են, ընկերանում, ամրապնդում կապերը: Նա ուրախությամբ ընդունեց մրցաշարին բարձրագույն կարգավիճակ շնորհելու որոշումը՝ նշելով, որ դա նշանակում է, ավելի շատ երկրների մասնակցություն, ինչը էլ ավելի կմեծացնի մրցակցությունը, Հայաստանի ճանաչելիությունը:
Այնուհետեւ տատամին տրամադրվեց եզրափակիչ գոտեմարտերի մասնակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ