Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Սրբալույս Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Այդ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Մյուռոնի կաթսայի մեջ:
Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են: Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը:
Մյուռոնի ծագումը կապվում է Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադեոսի հետ։ Հայաստան գալով՝ նա իր հետ բերած յուղով օծել է հիվանդ Աբգար թագավորին եւ բուժել նրան։ Այդ յուղն օգտագործելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատրաստել է եւ օրհնել հայկական առաջին մյուռոնը։ Ամեն անգամ, մյուռոնօրհնության ժամանակ, հին մյուռոնը խառնում են նորին՝ անցյալի, ներկայի եւ ապագայի կապն ապահովելով:
Կարդացեք նաև
Հայկական մյուռոնը տարբերվում է բոլոր մյուս եկեղեցիների օրհնած յուղերից. հայերի համար մյուռոնը պարզ յուղ չէ, այն մեր ազգային, քրիստոնեական կնիքն է։ Աշխարհասփյուռ հայությունը, որտեղ էլ լինի, իր ճակատին կրում է Սուրբ Էջմիածնում օրհնված մյուռոնը եւ սա միավորիչ, շաղախող ուժ ունի։
Մյուռոնին դիպչել թույլատրվում է միայն քահանայական ձեռնադրություն եւ օծում ունեցող անձանց։ Հավատացյալները մյուռոնից «մի մասնիկ» կարող են ունենալ հունվարի 6-ին՝ մասնակցելով ջրօրհնեքի արարողությանը եւ վերցնելով օրհնված ջուր, որի մեջ հեղվում է նաեւ սրբալույս մյուռոն։ Բացի այդ, կյանքում մեկ անգամ՝ մկրտության ժամանակ, մյուռոնով դրոշմվում են մկրտվողի մարմնի 9 մասերը։ Մյուռոնով օծում են նաեւ եկեղեցու հիմքի խաչապատկեր սալիկները, եկեղեցու դուռը, զանգը, գմբեթի խաչը, սուրբ խորանը, մկրտության ավազանը, սրբապատկերները։ Մյուռոնն օգտագործվում է նաեւ հոգեւորականների՝ քահանաների, եպիսկոպոսների եւ կաթողիկոսների ձեռնադրության ժամանակ։ Հավատացյալները համբուրում են հոգեւորականի աջը, որովհետեւ այն օծված է սուրբ Մյուռոնով։
Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Մյուռոնօրհնության օրը Վեհափառը, հոգեւոր դասի ուղեկցությամբ, «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության եւ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, գալիս է դեպի Բաց խորան։ Նրան ուղեկցում են 12 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, որոնք բերում են մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ 3 սրբությունները՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, ինչպես նաեւ այլ կարեւոր սրբություններ։
Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազմաթիվ պատմություններ կան՝ դարերից եկող եւ մերօրյա:
Հայ առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեք է կազմակերպում, ավանդաբար, 7 տարին մեկ անգամ: Վերջին անգամ, սակայն, Մյուռոնօրհնեք է եղել 9 տարի առաջ՝ 2015 թվականին: Յուրաքանչյուր կաթողիկոսի երազանքն է եղել գոնե մեկ անգամ Մյուռոն օրհնել։ Բայց եղել են հայրապետներ, որոնք տարբեր պատճառներով սրբալույս Մյուռոնի օրհնություն չեն կատարել։ Օրինակ, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան կաթողիկոսն իր կարճ գահակալության ընթացքում չի հասցրել Մյուռոն օրհնել, քանի օր 1909 թվականին նշանակված արարողությունը հետաձգվել է Կովկասում բռնկված խոլերայի պատճառով։ Խորեն Ա Մուրադբեկյան եւ Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսները նույնպես հնարավորություն չեն ունեցել Մյուռոն օրհնել՝ խորհրդային կարգերի պատճառով։ Սակայն 29 տարվա դադարից հետո՝ 1955 թվականին, նորընտիր Վազգեն Առաջին կաթողիկոսը կատարել է իր առաջին Մյուռոնօրհնությունը։ Գահակալության ընթացքում նա եւս 5 անգամ օրհնել է մյուռոնը, այդ թվում՝ 1991 թվականին. նորանկախ Հայաստանի հանրապետության առաջին Մյուռոնը Վազգեն կաթողիկոսն անվանել է «անկախության»։ Նրան հաջորդած Գարեգին Առաջին կաթողիկոսը մեկ անգամ՝ 1996 թվականի սեպտեմբերին է օրհնել մյուռոն ու այն անվանել «վերածնության»։
Հաջորդ մյուռոնօրհնությունը ոչ թե 7, այլ 5 տարի անց էր՝ 2001 թվականին՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Արարողությունը կատարել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Անցած տարի նախատեսված մյուռոնօրհնեքի արարողությունը հետաձգվեց՝ արցախյան սեպտեմբերյան պատերազնով, ապա Արցախի անկման եւ արցախցիների բռնի տեղահանությամբ պայմանավորված:
Այսօր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 4-րդ անգամ կօրհնի սրբալույս յուղը։
Արարողությունը՝ տեսանյութում
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ