Կարծես անընդհատ պայքարում ենք ապացուցելու, որ սա մեր հողն է, մեր պետությունն է, մեր երկիրն է, որովհետև այլ տարբերակ չկա, նահանջելու տեղ չկա: Իսկ հիմա ի՞նչ տեսք ունի պատերազմն ինձ համար: Ինձ մեր տղաների տեսքով է ներկայանում արդեն ամիսներ շարունակ: Երբ սկսեցինք «Փաստում» պատմել նրանց մասին, գիտեինք, որ առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն ենք ստանձնում, երկրորդ՝ հեշտ չի լինելու: Չկեղծեմ՝ երկրորդի մասով մեղմ էինք ասում: Այս մի քանի ամսվա ընթացքում ինչ պատմություն ասես չլսեցինք, ինչ ողբերգության մասին ասես չիմացանք: Ծնողների հետ զրուցեցինք, որոնք իրենց միակներին են կորցրել և այժմ պայքարում են, որ իրենց ընտանիքներում մանկան ճիչ լսվի: Ծնողների, որոնք չէին կարողացել մի վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին՝ նրանց մարմինները անճանաչելի էին եղել, ոմանք նաև իրենց որդիներից միայն մասունքներ էին հուղարկավորել:
Զրուցեցինք ծնողների հետ, որոնց որդիները գերեզմանատեղի չունեն, մինչ օրս անհետ կորած են համարվում: Ո՞ւր գնա ծնողը խունկ ծխելու: Այս հարցի պատասխանը նա արդեն չորս տարի է, ինչ չունի: Որդին չկա, ծնողը տարբեր աղբյուրներից գիտի, որ նա ծանր վիրավորում է ստացել և տոկոսային մեծ հարաբերակցությամբ ողջ չէր կարող մնալ, բայց մարմինը չի տեսել: Որևէ բանական մարդ, երբ պատկերացնի այս տեսարանները, կկարողանա՞ չմոտենալ խելագարության շեմին: Պատերազմներն իրենցից հետո նաև անպատասխան հարցեր են թողնում: Բոլոր պատերազմների պարագայում տարբեր դրվագներով հարուցված քրեական գործեր կան, որոշների դեպքում գործերն արդեն դատարաններում են, կալանավորված անձինք կան:
Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, պատասխաններ՝ զրո: 2022 թ.-ի սեպտեմբերին Իշխանասարում անմահացած մեր տղաների ծնողները «Փաստի» հետ զրույցում յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է, որ տղաների թիկունքը բաց է եղել, որ օգնության չեն հասել: Քրեական գործ կա հարուցված, զրո արդյունք: Նույն վիճակն է այդ պատերազմում այլ ուղղություններով ռազմական գործողությունների մասով՝ Սոթք, Ներքին Հանդ և այլն: Ծնողներին նաև բարկացնում է այն, որ ռազմական այդ գործողությունները պատերազմ որակավորումը չեն ստանում, որ իրենց որդիներին պաշտոնական գերատեսչությունները չեն հիշում: Կարո՞ղ եք ասել, թե քանի պետական ցավակցական ուղերձ հնչեց այս տարի սեպտեմբերի 13-ին: Ոչ մի: Բոլոր սեպտեմբերի 27-երին կհնչի: Վայ մեր ականջներին, որ այդ պաթոսախեղդ ու իմաստազուրկ ուղերձներն ենք լսելու ամեն տարի:
Երբեմն զգացողություն ունեմ, որ եթե լրատվամիջոցները, գրող-հեղինակները, անհատները չլինեին, պատերազմի ժամանակ անմահացած տղաներին անուն առ անուն ճանաչելու հնարավորություն մեր հանրությունը չէր ունենա: Շատերն, օրինակ՝ չգիտեն, որ 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել: Մեր հանրության որոշ մասի այս անտեղյակությունը նաև բարկացնում է: Ուզում ես, որ հատկապես նրանք, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում», առերեսվեն իրականության հետ: Գուցե դրա համար պետք է դիտեն բոլորիս որդիների գնդակահարության ու խոշտանգման կադրերը, թե ինչ տեսքով են տղաների մարմինները հասել նրանց ընտանիքներին: Գուցե այս դաժան առերեսումը մարդկանց դուրս բերի այս համատարած թմբիրից:
Կարդացեք նաև
Գուցե պետք է դաժան իրականությանն առերեսվենք, որ ուշքի գանք: Այսօր Վեհափառ Հայրապետի ձեռամբ կօրհնվի Սրբալույս Մյուռոնը: Ասում են, որ այն իր հրաշագործ զորությամբ կարող է փոխել մեր կյանքը, լցնել այն հույսով, հավատով և սիրով: Մյուռոնօրհնությունը հերթական հնարավորությունն է Աստծուն մոտենալու, իսկ այսօր մեր ապավենն Աստված է, քանի որ, ավաղ, երկրի վրա այս պահին հենման կետեր, բացի մեր հայրենիքից, չունենք:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում