Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ օգուտ կա ամոթանք տալուց

Սեպտեմբեր 28,2024 10:00

Ինչպես հայտնի է՝ բազային սոցիալական էմոցիաներն են մեղքի զգացողությունը, նեղացածությունը, ամոթը եւ ցասումը: Դիտարկենք հերթով.

1/ Ես պետք է այսպես վարվեի, բայց այնպես վարվեցի եւ ինձ մեղավոր եմ զգում:

2/ Ես քեզնից սպասում էի, որ դու քեզ այսպես կպահես, բայց դու քեզ ճիշտ հակառակ ձեւով քեզ պահեցիր, եւ ես քեզնից նեղացել եմ:

3/ Ես ինձ պատկերացնում էի այս ձեւով («ես»-ի հայեցակարգ), բայց իրականում իմ պատկերացրածին չեմ համապատասխանում ու դրանից ամաչում եմ:

4/ Ես քեզ այսպիսին էի պատկերացնում, բայց դու բոլորովին այլ մարդ ես, եւ դա առաջացնում է իմ ցասումը: Այսպիսով, առաջին երկու էմոցիաները կապված են ակնկալվելիք վարքի, իսկ երկրորդ զույգը՝ պատկերացումների համակարգի փլուզման հետ:

Կա նաեւ, այսպես կոչված, «իսպանական ամոթ», երբ դու ինքդ որեւէ բան չես անում, բայց տեսնում ես որ դիմացինի գործողությունները հակասում են քո խմբում, քո միջավայրում ընդունված նորմերին, պատկերացումներին, ու դու դրա համար ամաչում ես: Օրինակ՝ երբ քո երկրի վարչապետը լեգիտիմացնում է էթնիկ զտումը, քո հայրենակիցներին՝ պատանդ պահելը, քո ինքնիշխան տարածքի զավթումը՝ որեւէ պահանջ չդնելով այդ քաղաքականության հեղինակների առաջ:

Մեր հասարակական դիսկուրսում շատ ընդունված է ամոթանք տալը: Դա նշանակում է՝ ամոթանք տվողը պահանջում է, որ դիմացինը հասկանա, թե որքան է հեռացել մարդկային այն կերպարից, որն իրականում պետք է ունենար: Օրինակ, ես, շատերի նման, կարծում եմ, որ ՔՊ-ականների վերնախավը չպիտի գնա Եռաբլուր, որովհետեւ այնտեղ հազարավոր նահատակների առկայությունն իրենց քաղաքականության արդյունքն է: Բայց, մյուս կողմից, որեւէ իմաստ չեմ տեսնում ամոթանք տալու մեջ (այդ թվում՝ լրագրողական «հարցերի» միջոցով): Եթե նրանք չեն ամաչում իրենց քաղաքականության համար, ապա բնական է, որ չեն ամաչելու գնալ այն վայրը, որտեղ ամփոփված են այդ քաղաքականության զոհերի աճյունները:

Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ որեւէ քաղաքական կամ պետական գործիչ «կարմրի» կամ կարկամի՝ իրեն ամոթանք տալուց եւ ասի՝ «այո, ես ամաչում եմ եւ կփորձեմ ուղղվել»: Դա, ինձ թվում է, սկզբունքորեն հնարավոր չէ. վերը թվարկած էմոցիաները, թեեւ սոցիալական են, բայց դրանք վերապրում են նախ եւ առաջ անհատները: Իսկ քաղաքականություն մտնում են հիմնականում այնպիսի անհատներ, որոնք նման ապրումների ընդունակ չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ես ամեն օր ամաչում եմ բացելով լրահոսը,
    Մեղքի զգացումից շունչս կտրվում է, երբ հասկանում եմ ինչ ժառանգություն ենք թողնում մեր երեխաներին,
    Ցասումս չեմ կարողանում կառավարել, երբ կարդում եմ ինչպիսի դասագրքերով են այժմ կրթվում մեր երեխաները,
    Անզորության զգացումից դառնում եմ ագրեսիվ,
    Այո, ես ամաչում եմ ու փորձում եմ ուղղվել, բայց ցավոք չի ստացվում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30