Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել: Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:
«Այո, մեզ պատճառաբանել էին, որ օրենքի պահանջով ստորագրահավաքը պետք է կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց աշխատանքային օրերին և ժամերին՝ ժամը իննից վեցը»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում