Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի դեմ գործով իրավապաշտպան կազմակերպությունը սպասում է որոշմանը

Սեպտեմբեր 28,2024 12:00

Այն, որ հանրապետության ամեն մի թփի տակ, ամեն մի պատի վրա տեսախցիկներ են, արդեն իսկ զարմանք չի պատճառում: Մարդիկ կամաց-կամաց չհաշտվելով հաշտվում են դրանց ներկայության հետ: Բայց որ մարդկանց գաղտնալսման, գաղտնի տեղեկություններ հավաքելու հետ կապված անհանգստությունները օր-օրի մեծանում են ու նման գործեր են հայտնվում դատարաններում, խոսում է դժգոհությունների թաքնված աճի մասին:

«Մեզանում արատավոր պրակտիկա է ձեւավորվել «գաղտնալսումների գործերով»: Եթե դու նախկին, ներկա պաշտոնյա ես, գաղտնալսումների գործով կարող են քեզ տուժող ճանաչել, իսկ եթե հանրության համար անծանոթ մեկն ես, կարող են հայտնվել բնակարանումդ, սարք տեղադրել, քո շարժերը դիտել, իմանալ, ու երբ գործը դատարան հասնի, ժամկետներն այնքան կանցնեն, որ դատարանը կկարճի այդ գործը: Իսկ արա՞րքը, արարքի գնահատականը ո՞վ պիտի տա: Գաղտնալսման գործերով ասես կա խտրականություն, ինչպես Խառատյանի նախորդ փակված գործով եղավ»,- գրել էի ես՝ անդրադառնալով մոսկվաբնակ Վարդան Խառատյանի գործին, երբ նրա երեւանյան բնակարանում Ա.Ս.-ն գաղտնալսող սարք էր տեղադրել, ապա այդ արարքը բացահայտվել էր, հարուցվել էր քրեական գործ, իսկ դատարանում գործը երկար ձգձգումներից հետո ի վերջո, վաղեմության ժամկետի հիմքով փակվեց («Առավոտ», «Ինձ տուժող են ճանաչում, հետո՝ արգելում խոսել». Վարդան Խառատյան, 25.01.2024):

Մի բացահայտված գործով էլ իրավապաշտպան կազմակերպությունն է դատարան դիմել: Այս դեպքում, գաղտնի տեղեկություններ են հավաքվել այդ կազմակերպության վերաբերյալ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված Ազգային անվտանգության ծառայության 23.12.2019 թվականի թիվ 11/1279 գրությամբ հայտնվել է. «Ձեր 13.12.2019թ. N Ե/2019-13.12/860 դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ ինչպես Ձեր դիմումում նշված տեղեկատվությունը, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելով, որոնց արդյունքների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն եւ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Ձեզ տրամադրվել չեն կարող: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ձեր իսկ կողմից հիշատակված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական, ապահովագրական գաղտնիք համարվող ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանն առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կամ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով»:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) 2023թ.ապրիլի 7-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել ՀՔԱՎ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի՝ «Հայցվորի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին» հայցը:

Հայցվորը նշել է, որ Ծառայության կողմից կազմակերպության ղեկավար Ա. Սաքունցի վերաբերյալ հավաքագրվել են տեղեկություններ, որոնց հավաքագրումը սահմանված չէ օրենքով նախատեսված կարգով:

2019 թ. դեկտեմբերի 10-ին Ծառայությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է «ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց» վերտառությամբ հաղորդագրություն, որում նաեւ նշվել էր «…Ինչ վերաբերում է մինչեւ հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաեւ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի եւ նման այլ անդրազգային հանցավոր դրսեւորումների նախականխման, խափանման եւ բացահայտման նպատակով պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից այլ հանգամանքներից: Այն, որ յուրաքանչուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, ում, բայց նյութի հեղինակի համար դա եւս պետք է պարզ լիներ, եւ կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում նաեւ հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսեւորվելու իրավունքը»:

2019 թվականի դեկտեմբերի 13-ին Կազմակերպության կողմից տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացվել Ծառայություն՝ Ա. Սաքունցի եւ նրա ղեկավարած կազմակերպության վերաբերյալ հավաքված տեղեկատվությունը տրամադրելու պահանջով: Դրան ի պատասխան, ինչպես վերը նշել ենք, 2019թ. դեկտեմբերի 23-ի գրությամբ Ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է. «Ինչպես ձեր դիմումում նշված տեղեկությունները, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելով, որոնց արդյունքների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն եւ, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ձեզ տրամադրվել չեն կարող»:

2020 թ. հունիսի 15-ին կրկին դիմում է ներկայացվել Ծառայություն, ՀՀ ԱԱԾ 2019թ. դեկտեմբերի 10-ին հրապարակման մեջ նշված՝ Ա. Սաքունցի եւ իր ղեկավարած՝ իրավապաշտպան կազմակերպության վերաբերյալ հավաքված տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ պատճենների կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրելու պահանջով:

Նշված տեղեկություններն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով ոչնչացված լինելու դեպքում պահանջվել էր ոչնչացման կարգի եւ ժամկետների մասին տեղեկատվություն:

2020 թվականի հունիսի 22-ին ԱԱԾ-ն պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ «Օպերատիվ-հետախուզական գործողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշված հիմքերը ոչ Ա.Սաքունցի, ոչ այլ ղեկավարած կազմակերպության վերաբերյալ առկա չեն: Ա.Սաքունցը կրկին դիմել է ԱԱԾ, մասնավորապես ուղղելով հետեւյալ հարցերը.

«1. Ի՞նչ բնույթի եւ ի՞նչ բովանդակության տեղեկություններ են հավաքագրվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իմ՝ Արթուր Սաքունցիս, եւ իմ ղեկավարած կազմակերպության՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության վերաբերյալ: Տրամադրել հավաքագրված ամբողջ տեղեկությունները ըստ դրանց հավաքագրման ժամանակագրության փաստաթղթային պատճենների կամ էլեկտրոնային տարբերակով:

2.Որո՞նք են եղել հավաքագրված տեղեկատվության աղբյուրները՝ հստակ մատնանշել դրանք:

3.Ի՞նչ վարույթի կամ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում են հավաքագրվել նշված տեղեկությունները: Տրամադրել վարույթի օպերատիվ հետախուզական միջոցառման ամբողջական փաթեթը:

4.Ո՞րն է համապատասխան տեղեկություններ հավաքագրելու իրավաչափությունը հիմնավորող իրավական հիմքը: Հստակ մատնանշել այն իրավանորմերը, որոնց ուժով ՀՀ ԱԱԾ-ն իրավունք է ունեցել հավաքագրելու համարժեք տեղեկություն, դրա հավաքագրման փաստի վերաբերյալ տարածել հրապարակային հաղորդագրություն եւ առ այսօր հավաքագրված տեղեկություններ, զաղտնի պահելու տեղեկությունների հասցեատիրոջից»:

Սաքունցը հղում էր կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, ինչի կապակցությամբ, Ծառայությունից պատասխանել են.« Ինչ վերաբերում է Ձեր կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի վկայակոչմանը, ապա տեղեկացնում ենք, որ նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական, ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանն առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կամ դատավարություններում օգտագործվող, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով…ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր նկատմամբ վերոնշյալ հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ չեն կայացվել»:

Այս պատասխանը չէր գոհացրել վարչական դատարան դիմած հայցվորին, նրա ներկայացուցչին, որոնց դիտարկմամբ. «Այդպես էլ անպատասխան է թողնվել այն հարցը, թե արդյոք կա հարուցված կամ նախաձեռնված քրեական վարույթ»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առ այսօր Արթուր Սաքունցի կողմից իրեն հասցեագրված գրությունների պատասխաններով չի հերքել, որ Ա. Սաքունցի եւ նրա ղեկավարած կազմակերպության վերաբերյալ հավաքագրել/հավաքագրում է տեղեկատվություն, որը, ըստ հայցվորի, պիտի ճանաչվեր ոչ իրավաչափ՝ դատական կարգով: «Հավաքագրվել է որոշակի տեղեկություններ, պատասխանողը հրապարակային նշում է տեղեկություններ հավաքագրելու մասին, սակայն չի նշում, որ տեղեկությունները հավաքագրվել են օրենքի խախտմամբ»,-նշել էր հայցվորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հնարավորություն չի ունեցել «կատարելու իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ»:

Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ծառայությունը վարչարարություն է իրականացրել, իրականացրել է ոչ իրավաչափ գործողություններ, որոնց դատարանը պետք է գնահատական տա:

Վարչական դատարանը 2023թ. դեկտեմբերի 20-ին մերժել էր հայցը, վարչական վերաքննիչ դատարանում վերջերս՝ սեպտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով լսվել, ավարտվել է բողոքի քննությունը, եւ ինչպես երեկ Ա.Սաքունցն «Առավոտին» տեղեկացրեց, սպասում են որոշման հրապարակմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. – Հիշո՞ւմ եք, այս տարվա մայիսին, երբ ներկայիս ՀՀ արտաքին հետախուզության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանից ԱԱԾ-ն ներողամտություն հայցեց, որ սխալմամբ գաղտնալսող ծրագրեր է «նստեցրել» նրա բջջային հեռախոսի վրա:

«Առավոտ» օրաթերթ
27.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30