«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը։
– Նյու Յորքում՝ «Թուրքական տուն» (Turkevi) կոչվող վայրում Նիկոլ Փաշինյանը այցելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, նրանից նվեր ստացել՝ իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Շատ ցցուն էր պատվիրակությունների կազմը. հայկական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Ի՞նչ զգացողություններ ու մտորումներ է առաջացնում այս հանդիպումը, ի՞նչ արդյունքներ սպասել։
– Ոչ մի նոր զգացողություն։ 2020թ-ից այս կողմ զգացողություններն ու մտորումները նույնն են։ Նժդեհյան բնորոշումով «ազգային տականքը» շարունակում է երեւակայել, թե փրկում է մեր կյանքերը, հազարամյա խաղաղ ապագա պարգեւում անարժաններիս եւ իրականացնում է թուրքական առեւտրական խաչմերուկ դառնալու գռզո-ազգիներիս դարավոր երազանքը՝ ազգայնականությամբ վարակվածներիս վերջնականորեն ազատելով հայրենիքի ավելորդ բեռից՝ փռելով այն թուրքերի ոտքերի տակ։ Սակայն շատ ավելի կարեւոր է այն, որ այս մարդիկ դա անում են ամուլ ընդդիմադիր դաշտի զավեշտային ջղաձգումների ֆոնին եւ իրենց հայրենասեր համարող այլոց քաղաքական անհասունության եւ բացարձակ չկազմակերպվածության պայմաններում։ Դժվար չէ կռահել, թե ինչ նոր չարիքներ են մեզ հետ պատահելու առաջիկայում, ժպիտով, գրքով ու միաժամանակ պատերազմի սպառնալիքի ներքո ինչպիսի նոր զիջումներ ենք գետնի վրա կատարելու եւ փաստաթղթերով ամրագրելու, բայց, միեւնույն է, նոր խայտառակ ու մահաբեր պարտությունների սպառնալիքից այդպես էլ չենք ազատվելու։ Ով էլ չի հասկանում, կամ այլ հույսեր ունի, էրդողանների հետ հանդիպումները բացահայտ մատնացույց են անում, թե ինչ է կատարվում։ Դատապարտվածության զգացումը ամբողջանում է այն համոզվածությամբ, որ ցեղասպանների առջեւ անառակաբար ժպտացողները սեփական ժողովրդից ու ընդդիմությունից գոնե հիմա չեն վախենում։ Մասնավորապես, մարդիկ հասկանում են, որ ասելիք չունեցող տարատեսակ նախկիններին, ով էլ նրանց համախմբի, չի հաջողվելու կանխել այս ընթացքը, առավելագույնը հաջողվելու է վերարտադրվել իբրեւ ընդդիմություն՝ դրանով իսկ նպաստելով անհայրենիք պատեհապաշտների վերարտադրությանը իբրեւ իշխանություն։ Սա հասկանալով հանդերձ՝ երիտասարդ ազգային ակտիվիստների մեծ մասը, անգամ նրանք, ովքեր հայրենատեր դիրքորոշումներ են արտահայտում եւ գիտակցում են քաղաքականապես կազմակերպվելու անհրաժեշտությունը, չեն պատկերացնում, թե ինչպես է պետք դա անել կամ շարունակում են թաքնվել «ապաքաղաքական անկուսակցական բարոյականի» դիմակի տակ։ Սա է մեր բուն ողբերգությունը, այլ ոչ թե նիկոլենց հերթական հանդիպումը իրենց բանակը ջախջախած եւ երկիրը գրաված թուրքի հետ։ Գոնե իմ մտորումները առավելապես ուղղված են մեր ազգային-քաղաքական անկազմակերպ վիճակը հաղթահարելուն, այլ ոչ թե Էրդողանի հետ հերթական լուսանկարին։
-Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումից հետո, ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակցությունները շարունակվում են՝ առանց նախապայմանների երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում Էրդողանը բառացի ասաց, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը վերապահումով պետք է արտասանել ու հավելեց. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին եւ հուսով ենք, որ աշխատանքը կավարտվի որքան հնարավոր է՝ շուտ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի զարգացումներն ազդեցություն կունենան Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների վրա»։
Կարդացեք նաև
-Հայաստանի անունից բանակցողները բացահայտ ստում են ամեն անգամ, երբ խոսում են նախապայմանների բացակայության մասին։ Կապիտուլյացիոն բնակցությունների ողջ իմաստը հենց հաղթողի նախապայմանների ամբողջական կատարումն է, այդ թվում նոր կործանարար պատերազմի սպառնալիքի ներքո։ Եթե ամբողջությամբ չես կատարում, ուրեմն պատրաստվում ես դիմադրել, պատերազմել։ Ակնհայտ է, որ անհայրենիք տականքն իր համար այդ տարբերակը մերժում է թե՛ խոսքով, թե՛ գործով, այլապես տեղի չէին ունենա այն ընթացիկ բազմաթիվ մեծուփոքր զիջումները, որ շարունակվում են։ Հետեւաբար, «առանց նախապայմանների» հարաբերությունների վերականգնման, խաղաղության համաձայնագրերի մասին խոսակցությունները սոսկ դեմքը փրկելու ձեւական, խղճուկ փորձեր են։
– ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, Ապագայի գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն աշխարհին ներկայացավ ՔՊ-ի «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով եւ առաջարկեց՝ մոռանալ անցյալը, ներկան, ապագային նայել «պոզիտիվ»։ Արցախի անկման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մասին ոչ մի խոսք։ Նույն օրերին Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից Ալիեւը խոսում էր իր երկրի առաջնահերթության՝ զինվելու մասին, օկուպացված Ստեփանակերտում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասում էր՝ հիշում եք նաեւ, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, եւ այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ու հավելում. «…օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլեւս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, եւ այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք…»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունները։ Ի՞նչ են ցույց տալիս սրանք՝ առաջիկա զարգացումների համատեքստում։ Ի դեպ, 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել այն մասին, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու համար ցեղասպանությունը, բայց սա միայն Հայաստանի եւ Արցախի հարց չէ, այլ համաշխարհային անվտանգության հարց։
– Ապագա միշտ էլ կա, նայած թե ինչպիսի՞ ապագա եւ ո՞ւմ համար։ Սակայն, երբ խոսում ենք ազգերի մասին, ապա անցյալը մոռացող, այսինքն դրանից հրաժարվող, ըստ էության ինքնությունը կորցրած ազգի համար բացարձակ միեւնույն է, թե ապագան ինչպիսին կլինի, որովհետեւ դա այլեւս իր ապագան չի լինելու, ինքն այդ ապագայում գոյություն չի ունենալու։ Ցեղասպանվողի համար էլ ի՞նչ ապագա։ Ներկա Հայաստանի անունը Հայաստան է, որովհետեւ հազարամյակներ առաջ էլ այստեղ Հայաստան երկիր է եղել։ Իսկ հարյուրամյակներ առաջ, պարսից տիրապետության վերջին շրջանում, այստեղ թրքախոս խաներ են եղել եւ թրքախոս քոչվորներ, որոնք բնակեցվել էին հայաթափված շրջաններում։ Եթե դու մոռանում ես հազարամյա անցյալդ, իսկ թշնամիդ անընդհատ հիշում եւ հիշեցնում է 200 տարի առաջվա իր խանին, ու միայն չի հիշեցնում, այլ նաեւ զինվում է, ապա շատ բնական կլինի, որ շուտով Հայաստանի վերջին պատառիկն էլ «Արեւմտյան Ադրբեջան» կոչվի։ Հատկապես, երբ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը դեռ 44-օրյա պատերազմի սկզբին Թուրքիայի մասնակցությունը համարում էր 100 տարի առաջվա ցեղասպանությունը ավարտին հասցնելու փորձ, իսկ Արցախի կործանումից ու հայաթափումից հետո, բերանը մինչեւ ականջները բացած, հյուր է գնում ցեղասպանին եւ լուսանկարվում է նրա հետ։ Ու այսօր բացարձակ կապ չունի՝ այս մարդը ինչ-որ դավադիր ծրագրով ու խաբեությա՞մբ եկավ իշխանության, որպեսզի պայմանավորված պատերազմում մեզ տանի պարտության, թե՞ մինչեւ 2018-ը կեղծ հայրենասիրական ամբոխվարությունը սոսկ հանրային լայն աջակցություն ստանալու եւ իշխանության հասնելու միջոց էր, իսկ այսօրվա ողորմելի զիջողականությունը պայմանավորված է թուլությամբ ու վախերով։ Այդ մարդը ի ցույց աշխարհի խստագույնս պետք է պատժվի իր բոլոր ստերի, բանակն ու երկիրը կործանող, Արցախն ու արցախցիներին օտարող որոշումների համար, որպեսզի աշխարհը համոզվի, որ իր ստանձնած պարտավորություններն ու ստորագրությունները առ ոչինչ են, եւ հայ ազգը դրանց հետ կապ չի ունեցել։ Հակառակ դեպքում, Էրդողանի հետ նկարվողը նաեւ մենք ենք, ու մենք իսկապես հայրենիք ունենալու իրավունք չունենք։
-Տարածաշրջանը թեժանում է. Լիբանանում մարտական գործողություններ են, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն, արդեն իսկ խոստանում են անհանգիստ լինել… ի՞նչ զարգացումներ սպասել Հայաստանում, մանավանդ, Բագրատ սրբազանը հայտարարեց, որ իր գլխավորած շարժումը փողոցային անկտիվ գործողությունների փուլ է մտնում նորից։
– Մի բան հաստատ է, որ Բագրատ արքեպիսկոպոսի ազդարարած քաղաքական ակտիվությունը ոչ մի կապ չունի ոչ Իսրայելի՝ Հըզբոլահի դեմ գործողության, ոչ էլ վրացական ընտրությունների հետ։ Նաեւ խիստ կասկածելի է, որ նրան կհաջողվի այնքան զանգվածային փողոցային շարժում սկսել, որը կարող է սպառնալ Նիկոլի իշխանությանը։ Եթե դա հնարավոր լիներ, ապա արդեն տեղի ունեցած կլիներ։ Սրբազան շարժմանն առավելապես աջակցում են նախկինում կազմակերպված կառույցներ եւ խմբեր, որոնք միշտ կարող են մի քանի հազար իրենց շահառու անդամներին հավաքել մարզահամերգայինում եւ տպավորիչ շոու կազմակերպել, գուցե մի քանի երթ էլ անցկացնեն, բայց նրանց համակիրների քանակը բավարար չէ մեծ հրապարակներ լցնելու համար։ Հրապարակային պայքարն այս փուլում բացարձակ անարդյունավետ է եւ անիմաստ։ Այսպես, թե այնպես, ամեն բան ավարտվելու է խորհրդարանական ընտրություններով։ Հերթական, թե արտահերթ՝ որոշողը ՔՊ-ն է լինելու։ Մինչ այդ, Բագրատ արքեպիսկոպոսը երկու խնդիր ունի։ Նախ, տարբեր դահլիճային կամ փողոցային գործողություններով, մինչեւ ընտրությունների մեկնարկը, վերահաստատել, որ ընդդիմության գլխավոր ձեւաչափը Սրբազան շարժումն է։ Եվ երկրորդը, որոշել եւ հանրությանը ներկայացնել շարժման նոր առաջնորդին, քանի որ ինքը՝ Բագրատը, պատգամավորի, առավել եւս վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորություն չունի։
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2024