1996-ի կեղծված ընտրություններով կոտրվեց Հայաստանի ողնաշարը
«Ինչ ասում է Ռուբենը՝ 1996թ. սեպտեմբերի 25-ի գիշերվա, թե՛ իր, թե՛ իմ նկատմամբ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքի մասով՝ ամբողջը ճիշտ է։ Ռուբեն Հակոբյանը մանրամասն է նկարագրել, դա իմ աչքի առաջ է տեղի ունեցել, ես դրա մասնակիցն եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 1990-2003թթ. խորհրդարանի «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ Սեյրան Ավագյանը։
1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հոդվածաշար է հրապարակել՝ վերլուծելով ներկայիս իրողությունները՝ Հայաստանի անկախության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Ըստ այդմ, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, այն, ինչ ունենք այսօր մեր քաղաքական դաշտում, պատճառ է, ոչ թե հետեւանք: Պատճառները գալիս են 1996 թվականի կեղծված նախագահական ընտրություններից, որը կոտրեց Հայաստանի ողնաշարը։
Սեյրան Ավագյանն էլ է այն կարծիքին, որ Հայաստանում տեղի ունեցածի հիմնական պատճառները պետք է Հայաստանում փնտրել. «Համամիտ եմ, որ 1996-ի իրադարձությունները կանխորոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Այնքան էլ չեմ կիսում տեսակետները, որ դրանում դրսի ուժերն են մեղավոր։ Իհարկե, նրանք ազդեցություն ունեցել են Հայաստանի գործընթացների վրա։ Դրսի խոշոր ուժերն ունեն իրենց շահերը եւ այդ շահերի տեսանկյունով են շփվել Հայաստանի հետ ու այդպես էլ պիտի լիներ։ Ավելի ճիշտ է, որ մենք մեր մեջ փնտրենք մեր թերությունները, որպեսզի կարողանանք շտկել»։
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը մի ուշագրավ դրվագի է անդրադարձել իր հոդվածում, որտեղ նկարագրում է, թե խորհրդարանի շենք մուտք գործած ցուցարարների հետ ինչպես վարվեց իշխանությունը. «…Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ սկսեցին բացահայտ բռնութուններ։ Բազմաթիվ քաղաքացիների հետ միասին, նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներով հայտնվեցինք ՀՀ ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 26-ի գիշերը ԱԺ-ում պատգամավոր Սեյրան Ավագյանին եւ ինձ Վազգեն Սարգսյանի հրահանգով թիկնապահները ձեռբակալեցին եւ, կապելով մեր աչքերը, տարան անհայտ ուղղությամբ։ Մինչեւ լուսադեմ պահեցին մի խոնավ նկուղում, որտեղ մեզ հսկում էին դիմակավորված զինվորականներ։ Առավոտյան տարան Անվտանգություն նախարարություն, բայց այդպես էլ մեզ չհաջողվեց ճշտել, թե մինչեւ այդտեղ բերելը որտեղ էին մեզ փակել։ Ակնհայտ էր, որ անօրինական էր Վազգեն Սարգսյանի կողմից մեզ ձերբակալելը, ինչն այդպես էլ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ գնահատականի չարժանացավ։ Հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստում մեզ, մի քանի պատգամավորների հետ միասին, զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով կալանավորեցին»։
Սեյրան Ավագյանին խնդրեցինք որոշ մանրամասներ հիշել իր եւ Ռուբեն Հակոբյանի հետ տեղի ունեցածից: Ավելի մանրամասնել, քան Ռուբեն Հակոբյանն է նկարագրել, Սեյրան Ավագյանը չցանկացավ՝ հավելելով, որ իր համար ավելի սարսափելի էր այն ամենը, ինչ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, տեղի ունեցավ ԱԺ դահլիճում։
«Այդ ինչպե՞ս իրենց պահեցին մեր պառլամենտականները՝ բոլորի աչքի առաջ, միացված տեսախցիկների առաջ։ Ինձ դահլիճում մոտեցավ միայն Արտաշես Գեղամյանը։ Մյուս պատգամավորներն այդպես էլ չմոտեցան՝ այն դեպքից հետո, ինչ որ ինձ հետ տեղի ունեցավ դահլիճում։ Բայց չէ՞ որ դահլիճում ներկա մարդկանց հետ մենք մի ամբողջ շարժում էինք անցել… Երբ ամբիոն բարձրացավ Հայաստանի դատախազ Արտավազդ Գեւորգյանը, ես հիշեցի այն օրը, երբ նա դարձավ ՀՀ գլխավոր դատախազ… Իմիջիայլոց, կոմունիստական շրջանի իրավական դաշտի ներկայացուցիչների շարքում ինքն ուներ բավական դրական իմիջ, հեղինակություն ու հույսեր կապում էինք իր հետ. այդ բոլոր հույսերը փլուզվեցին՝ ամբիոնից նրա ելույթով։ Ի՞նչ էինք արել ես ու Ռուբիկը. գնացել էինք ԱԺ շենքում գտնվող ԿԸՀ եւ բանակցում էինք, թե ինչպե՞ս լուծում գտնենք ստեղծված իրավիճակից։ Լա՜վ, ցանկապատը կոտրել էին ցուցարարները, բայց դրա եւ մեր կապն իրավական տեսակետից ի՞նչ ձեւակերպում կարող էր ստանալ, ինչո՞ւ պիտի գնդակահարման հոդվածի հասներ բանը… Իրավաբանությունն այդ օրը վերջացավ։ Քաղաքական դաշտը մնաց առանց իրավունքի՝ կամայականությունների մեջ։ Ուզում եմ ասել, որ ամսի 26-ին տեղի ունեցածը տասնապատիկ ավելի կործանարար էր մեր պետականության համար։ Ահա, այսպիսի հարվածներ են եղել պետության հիմքերին, եւ ունենք այն, ինչ-որ ունենք»։
Ի դեպ, Սեյրան Ավագյանի կարծիքով, եթե 1996թ. տեղի ունեցած դեպքերը զարգանային 1994-ին կամ 1993-ին, այդպիսի արդյունք չէիք ունենա. «1996-ի խորհրդարանն այլ էր, քան 1993-ին, 94-ին։ 1990-ի պառլամենտը ամենալավն էր, որովհետեւ այն ուներ քաղաքական բովանդակություն։ 1995-ի դեպքերը նախադրյալներ ստեղծեցին 1996-ի համար»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2024