Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտուժ» նախաձեռնություն. «Այս պրոցեսը կարելի է անվանել երկրորդ ՍՈՒ 30 ինքնաթիռներ»

Սեպտեմբեր 27,2024 23:59

ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծ, որին այսօր «Մեդիա կենտրոնում» արձագանքեցին «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները:

EarlyOne-ի հիմնադիր, Limetech-ի հիմնադիր, ԱՏՁՄ եւ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի համար այդ նախագիծը շատ մտահոգիչ է: «Որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչ է կատարվում, այս պրոցեսը կարելի է անվանել երկրորդ ՍՈՒ 30 ինքնաթիռներ: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ ոգեւորություն, անվտանգության ինչ հույսեր  առաջացրեց այդ ինքնաթիռների բերելը Հայաստան: Բայց արդյունքում ոչ մի կրակոց չեղավ, ոչ մի հրթիռ չարձակվեց: Այս ամենը, իմ կարծիքով, կապված է ռազմավարությունները, տարբեր ռեսուրսները ճիշտ չհաշվելու եւ տարբեր հանգամանքների հետ:

Այսօր մենք ականատես ենք լինում գիտության ոլորտը կարգավորող օրենքի մի քննարկման, որտեղ չկա հստակ ռազմավարություն, ռեսուրսների գնահատում, առկա համակարգերում փոփոխություններ: Այս գործելաոճը կարելի է անվանել թերի, որովհետեւ եթե դու ունակ չես ճիշտ կառավարելու պրոցեսները, արդյունքները կարող են լինել անդառնալի: Տարրական դասագրքային մոտեցում է. չանելով տնային այն աշխատանքը, որը պետք է արվեր, օրենքի նման մեծ փոփոխությունները, կարող են ազգային անվտանգության խնդիր առաջացնել»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նկատեց, որ իրենք տեսնում են խնդիրը: «Մենք ամենասկզբից էլ խոսել ենք պետության հզորացման մասին: Անգամ կարգախոսն է. «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն»: Նրա խոսքով իրենք իրենց առաջարկները որոշում կայացնողներին ներկայացրել են տարբեր ձեւաչափերով, բայց դրանք անտեսվել են: «Պատճառը իմ կարծիքով իրենց ավտորիտար մոտեցումն է, իրենց կարծրացած կարծիքը, որ այսպես պետք է լինի առանց հիմնավորումներ բերելու:

ՀՀ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հավելեց, որ փաստորեն ընդունվում կամ քննարկվում են օրենքներ զրոյական իմացությամբ: «Նաեւ շատ կարեւոր է գործելաոճը, որը տվյալ պարագայում ոչ մի կերպ չի տեղավորվում գիտական համայնքի գործելաոճի պատկերացումների մեջ: Մի պարզ օրինակ. երբ որ մենք դրամաշնորհային  ծրագիր ենք ներկայացնում Գիտական կոմիտե, մեզանից պահանջում են շատ լավ հիմնավորել արդի վիճակը, մեր ծրագրի նպատակները, իրականացման ճանապարհները, ակնկալիք արդյունքները եւ ռիսկերը: Այդ ամենը նախատեսվում է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի բյուջեն թող լինի 100 կամ 150 միլիոն դրամ: Բայց այս օրենքի դեպքում խոսքը տրիլիոն դրամի մասին է: Հետեւաբար, բոլոր հիմնավորումները պետք ձեւակերպված լինեն ավելի ծավալուն եւ մանրամասն: Մինչդեռ, օրենքի նախագծում տեսնում ենք ընդամենը բառեր, ցանկություններ, որոնք ոչ մի կերպ հիմնավորված չեն: Երկրորդը, երբ մենք ներկայացնում ենք դրամաշնորհային նախագիծը, դա անցնում է փորձաքննական մի քանի փուլ՝ տեխնիկական, փորձագետներ եւ հանձնաժողով ու այդ ընթացքը տեւում է առնվազն 3-4 ամիս: Սրա կողքին մենք ունենք օրենքի նախագիծ, որի քննարկմանը տվել են երկու շաբաթ: Մենք դրամաշնորհային 12 էջանոց նախագիծ ենք ներկայացնում, օրենքը 100 էջ է: Ու ակնկալում են, որ հնարավոր է այդ ամբողջը երկու շաբաթում ամբողջությամբ քննարկե՞լ:

Ինձ թվում է, որ այստեղ իրականում նախարարության խնդիրը ոչ թե կարծիք լսելն է, այլ ֆորմալ կարգը պահպանելը: Այդ ինչպե՞ս եղավ, որ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպեց համալսարանների ռեկտորների հետ, ներկայացրեց եւ քննարկեց օրենքի նախագիծը, բայց չհանդիպեց ոչ ակադեմիայի նախագահության, ոչ էլ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ: Հետեւաբար, օրենքի ամենամտահոգիչ մասն այն է, որ գիտությունը դրվում է ստորադաս դիրքում կրթության նկատմամբ»,-ասաց պարոն Առաքելյանը:

Բանախոսները նշեցին, որ հատկացված երկշաբաթյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին: Նրանք նաեւ ուզում են հավատալ, որ օրենքը մշակող մարմինները կհասկանան, որ իրենց նպատակը սաբոտաժը չէ, որ օրենքի այս նախագծում կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրել, վեր հանել ու գտնել հարցերի լուծումները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30