«Ազատություն». ռ/կ. Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել, այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալլիվանը։
«Երեկվա հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես կարող ենք COP 29-ին ընդառաջ հաղթահարել մնացած հարցերը։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմերի համար կա պոտենցիալ հնարավորություն՝ միավորվելու և աշխարհին ցույց տալու, որ իրենք նոր հարաբերություններ են թևակոխում»,- ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում »Թուրան» գործակալությունը։
Թոմ Սալլիվանը, որը, ըստ լրատվամիջոցի, երեկ ներկա էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, ասել է, որ երկու կողմն էլ «զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում»։
«Կային մի քանի չլուծված հարցեր.․.. Մենք երեկ պայմանավորվեցինք, որ կշարունակենք լուծումներ փնտրել այն հարցերի համար, որոնք պետք է լուծվեն», – գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդականը՝ առանց հստակեցնելու, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն համաձայնության հասել, և որ կետերում են պահպանվում տարաձայնությունները։
Կարդացեք նաև
«Թիմերը կշարունակեն աշխատել առաջիկա օրերին և շաբաթներին և կտեսնեն, թե արդյոք մենք կարող ենք իրականում հասնել մի կետի, որտեղ երկու երկրներն ի վիճակի կլինեն ավարտին հասցնելու խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Թոմ Սալլիվանը։