Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայի նախագահը հայտնվել է ամերիկյան ներքաղաքական պայքարի կենտրոնում. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 27,2024 23:20

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին՝ քննարկելու Կիևին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը։ Դեռ չի ավարտվել Ուկրաինայի ղեկավարի այցը Միացյալ Նահանգներ, սակայն Կոնգրեսի հանրապետականները սուր քննադատության են ենթարկել նրան՝ Փենսիլվանիա նահանգում գտնվող զինագործարան այցելելու համար՝ այն անվանելով «կուսակցական քարոզարշավ, որը նախատեսված է դեմոկրատներին օգնելու համար»:

Չեն դադարում ուկրաինական բնակավայրերին ուղղված ռուսական հարվածները։ Այս չորեքշաբթի թիրախավորվել էր Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը, և մինչ Ուկրաինայում արյունահեղությունը կանգ չի առնում՝ հինգշաբթի Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

«Թույլ տվեք պարզ ասել՝ Ռուսաստանը պատերազմում չի հաղթի: Կհաղթի՛ Ուկրաինան, և կշարունակենք ձեր կողքին լինել յուրաքանչյուր քայլափոխին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

Զելենսկին առաջարկել է Բայդենին՝ թույլ տալ Ուկրաինային օգտագործել ամերիկյան սպառազինությունը՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները խոցելու համար։

«Նախագահ Բայդենին ծանոթացրել եմ հաղթանակի ծրագրի հետ։ Այսօր պատրաստվում ենք քննարկել այն՝ ամրապնդելու մեր դիրքորոշումները, համակարգելու տեսակետներն ու մոտեցումները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Սպիտակ տանը նշել են, թե հանդիպման արդյունքում որևէ պաշտոնական հայտարարություն նախատեսված չէ

Սակայն Զելենսկու այցը ստվերվեց Կոնգրեսի հանրապետականների քննադատության պատճառով, որոնք մեղադրեցին Ուկրաինայի ղեկավարին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Փենսիլվանիա նահանգի զինագործարան այցելելու համար։ Հանրապետականները պնդում են, որ կիրակի կայացած այցը, «նախընտրական միջոցառում էր, որը նախատեսված էր դեմոկրատներին օգնելու համար»: Նրանք կոչ են արել ԱՄՆ-ում անցանկալի անձ հայտարարել Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային։

«Գտնվում ենք նախընտրական թեժ փուլում, և մեզ պետք չէ, որ օտար երկրները միջամտեն և իրենց կարծիքը լսելի դարձնեն նման պահին»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը:

Զելենսկին առանձին հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ, երկրի ղեկավարի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի հետ։ Վերջինս ընդգծել է, որ Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես կավարտվի պատերազմը, և քննադատել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսին, որի հնչեցրած առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, ըստ Հարիսի, նշանակում է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մի մասը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին:

«Այդ առաջարկները նույնն են, ինչ Պուտինինը, և հստակ ընդգծենք՝ դրանք խաղաղության առաջարկներ չեն։ Փոխարենը, դրանք հանձնվելու առաջարկներ են, ինչը վտանգավոր է ու անընդունելի»,- ասել է Քամալա Հարիսը։

Ուրբաթ Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, ով բազմիցս է մեղադրել Վոլոդիմիր Զելենսկուն ու Ջո Բայդենին՝ պատերազմը ձգձգելու մեջ

«[Ուկրաինայում հրադադարի շուրջ] պայմանավորվածությունը կարող էր կայանալ, եթե ունենայինք իրավասու [ԱՄՆ] նախագահ, ոչ թե մեկին, ով այդ ամենի պատճառն է: Բայդենն ու Քամալան թույլ տվեցին, որ դա տեղի ունենա՝ Զելենսկուն տալով այնքան փող և զինամթերք, որքան ոչ մի երկիր երբևէ չի ստացել»,- ասել է Թրամփը:

Գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփի նման մոտեցումը անհանգստություն է առաջ բերել ոչ միայն Ուկրաինայում, այլև եվրոպական մայրաքաղաքներում, որոնք աջակցում են Կիևին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի։

«Շրջել իրավիճակը, Մոսկվային ընձեռել լծակներ՝ կասկածի տակ դնելով [Կիևին] սպառազինության մատակարարումը, Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական աջակցությունը, նշանակում է՝ հաղթանակ շնորհել Մոսկվային»,- նշում է The German Marshall Fund-ի վերլուծաբան Յան Լեսսերը:

Ինչևէ, Զելենսկու ամերիկյան այցից առաջ ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինային 8 միլիարդ դոլարի նոր օգնություն տրամադրելու մասին՝ ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և այլ զինատեսակներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30