Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «ԱՐՓԱ» ինստիտուտի (ARPA Institute) հիմնադիր նախագահ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ, ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանին:
Փանոսյան ԱՐՓԱ-յի միջոցներով ստեղծել է Ալիխանյան Ազգային լաբորատորիան ինչպես նաև հիմնադրել է Էրեբունի հիվանդանոցում առաջին արդի արյան կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության Ինստիտուտին է նվիրաբերել ԴՆԹ-ի ուսումնասիրությունների համար առաջին արդի սեկվինաթորը, բազմաթիվ ինստիտուտներին և համալսարաններին նվիրել անհրաժեշտ գիտահետազոտական սարքեր, ինչպես նաև՝ սկսած 1987 թվականից, պարբերաբար դասավանդել է Հայաստանում ավտոմատ կառավարման համակարգերի արդիական թեմաներով։
Այդ շրջանից ի վեր Հակոբ Փանոսյանը հաճախ է գտնվում Հայաստանում, կազմակերպում զանազան աշխատանքներ «ԱՐՓԱ»-յի շրջանակներում։
Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել նրա վաստակը Հայաստանում բարձր տեխնոլոգիական բնագավառի և բնական գիտությունների ու առողջապահության ոլորտում զարգացման նոր ուղղությունների բացահայտման գործում:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգիայի արտադրության, արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման և զարգացման հնարավորությունների նոր ուղիներ գտնելու վերաբերյալ: Այս համատեքստում ամերիկահայ գիտնականը Հանրապետության նախագահին է ներկայացրել կիրառական գիտության ոլորտում իրենց աշխատանքային խմբի մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր:
Հանդիպման ավարտին նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակում աջակցել հայտնի գիտնականին և նրա աշխատանքային խմբի գործունեությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմ