Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով:
Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման:
Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիազների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների:
Կարդացեք նաև
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով:
ՀՀ ԱԳՆ