Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի՝ եթե մեր սեփականությամբ գույքերը դատական վճիռների միջոցով պետականացվեն, ապա մենք ի՞նչ օրինագծի մասին ենք այսօր խոսում»․ Սուրեն Սաֆարյան

Սեպտեմբեր 27,2024 22:10

«Մեր մտահոգությունները կփարատվեն, երբ այս ամենը վերջանա, բայց դեռ ընթացքի մեջ է»,-Aravot.am-ի հարցին՝ այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ իրենց մտահոգությունները փարատվեցի՞ն, թե ավելի խորացան, այսպես պատասխանեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է պետականացնել Հայաստանի գրողների, Նկարիչների եւ այլ միությունների շենքերը։

Ստեղծագործական միությունների ներկայացուցիչներն էլ մտահոգված են՝  անընդհատ հնչում է գույք բառը, բայց մոռանում ենք, որ այս ամենը միայն գույք չէ․ այս ամենը պատմություն է, այս ամենը արժեք է, այս ամենը Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է։

ՀՀ ԱԺ-ում հանդիպման այսօրվա ժամանակ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը վստահեցրել էր․ «Մենք այս նախագծով չենք ուզում եւ չենք էլ կարող ձեր սեփականության իրավունքը վերցնել: Նախագծում այդպիսի կետ էլ չկա: Չեմ ուզում համաձայնել ձեր այն ձեւակերպման հետ, թե ամեն ինչ կորցնում եք: Այս նախագծով մենք պաշտպանում ենք ձեր միության բոլոր շահառուներին»։

Սուրեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ իրենց առաջարկը՝ ժամանակավորապես սառեցնել գործընթացը, ընդունվե՞լ է, նա պատասխանեց․ «Դատավարությունը դեռ շարունակվում է։ Երեկ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան մասով դատական առաջին նիստը կայացավ, իսկ հոկտեմբերի 30-ին լինելու է Աբովյան 16-ի մասով դատական վճռի կայացումը, քանի որ գրավոր ընթացակարգով է լինում։ Մենք այդ բոլոր խնդիրներն ԱԺ-ում բարձրաձայնել ենք, և այո, նաև հնչեցրել ենք այն փաստը, որ մենք ունենք այն վտանգը, որ մեր սեփականությամբ գույքերը Աստված չանի՝ եթե դատական վճիռների միջոցով պետականացվեն, ապա մենք ի՞նչ օրինագծի մասին ենք այսօր խոսում։ Դրա համար ավելի շատ զրույցը կայացել է այն ձևաչափով, թե ինչպես պետք է հարցը լուծում ստանա, որովհետև եթե պետականացվի, այդ օրենքը մեզ չի վերաբերվելու»։

Հարցին՝ լուծում ուրվագծվե՞ց, Սուրեն Սաֆարյանը պատասխանեց․ «Դեռ չեմ կարող ասել՝ լուծման ուրվագծեր երևում են, թե՝ ոչ։ Առաջին հանդիպումն էր։ Հույս ունենանք՝ առաջիկայում նույնպես հանդիպումներ կունենանք։ Պատրաստ ենք կառուցողական քննարկումների, բայց խնդիրը շատ լուրջ է, և ամենալուրջ կետերից մեկը սեփականության ունեզրկումն է, որը առաջնային դերակատարություն ունի։ Հիմա ավելի կարևոր խնդիր է դա լուծել, այլ ոչ թե օրինագիծը, թե ինչպես պետք է տվյալ հաստատությունները հարաբերվեն պետության հետ»։

Խորհրդարանում կայացած հանդիպման արդյունավետ լինել-չլինելու հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Բոլոր հանդիպումներն ունեն իրենց արդյունավետության չափը, բայց արձանագրում ենք՝ խնդիրը լուծված չէ, որովհետև դատական գործընթացներն ընթանում են, և առաջիկայում՝ հենց հոկտեմբերի 30-ին, մենք ունենք այդպիսի լուրջ խնդիր։ Անընդունելի է, որ սեփականության իրավունքի դատավարություն է գնում, այն էլ գրավոր ընթացակարգով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30