«Ցավոք, ես շատ լավատես չեմ այդ ուղղությամբ, որովհետև բավարար աշխատանք չի տարվում այդ տեսակետից։ Միջազգային անկյուններից որոշ արձագանքներ կան, բայց կարծես մեր պետության օրակարգում գերիների հարցը չկա, գերիների հարցը խաղաղության օրակարգի բանակցություններում գոյություն չունի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռուբեն Վարդանյանի ընկեր, վերլուծաբան Վահան Զանոյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվեց միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։
Աղոթքին ներկա էին ապօրինաբար կալանավորված, Բաքվի բանտում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդին, քույրը, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանի ընկերները, քաղաքացիներ։
Վահան Զանոյանը վստահեցրեց՝ առանց որոշակի պետական մկանի գերիների վերադարձի հարցում չի տեսնում՝ այսօրվա Ադրբեջանի իշխանություններն ինչ դրդապատճառ ու խթան պիտի ունենան այդ քայլն անելու․ «Պարզապես այս հարցը պետք է օրակարգում լինի, վերջիվերջո, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, ոչ թե միայն պարզ քաղաքացիներ, այլ Ռուբեն Վարդանյանի պարագայում՝ նա մեծ բարերարություն է արել այս երկրի համար։ Եթե մենք մեր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք եղած ռեսուրսը չպետք է ներդնենք, բա ինչի՞ համար է պետությունը։ Ինձ համար անհասկանալի է իրենց լռությունը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ