Լրահոս
Օրվա լրահոսը

«COP29-ը բացառապես աշխատելու է Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման համար»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 27,2024 19:15

«Նիկոլ Փաշինյանի ելույթը ելնում է այն առաջնահերթությունից, որն այսօր կա, որը ՀՀ իշխանության համար օրակարգային է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված Ապագայի գագաթնաժողովին արված հայտարարությանը։

Լրագրողների այն հարցին, թե ինչու այդ ելույթում հայ ռազմագերիների մասին վկայակոչում չկար, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց՝ իր համար զարմանալու բան այդտեղ չկա․ «Իշխանության բառապաշարն անգամ ներքին լսարանի համար շատ ավելի վնասում է այս գործընթացին, քան կարող է օգնել։ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները ռազմագերիների և հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանության հետ կապված ներդաշնակ են»։

Հարցին՝ ի՞նչ կփոխի COP29-ին ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Որևէ բան չի փոխելու, դա բացառապես աշխատելու է Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ։ Ադրբեջանն արդեն իր ստանալիքի մի մասին հասել է։ Ադրբեջանը նաև հասավ նրան, որ ՀՀ-ն իր վետոյի իրավունքը չկիրառեց այդ համաժողովի՝ Ադրբեջանում անցկացման հարցով։ Զուգահեռ իրականությունում Ադրբեջանի նախագահը նոր ձևավորված խորհրդարանի անդրանիկ նիստում բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՀ-ի՝ հետագա սպառազինության հետ կապված՝ հնչեցնելով ուղիղ սպառնալիք»։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ի սկզբանե գերիների՝ հումանիտար բնույթի հարցը դարձրել է քաղաքական առևտրի առարկա․ «44-օրյա պատերազմից հետո անընդհատ կիրառվել է դա, այդ հարցն անընդհատ օգտագործվել է ՀՀ-ից նոր զիջումներ ստանալու համար։ ՀՀ-ն մտել է այդ խաղի մեջ՝ գնալով արևտրի՝ դրանով պայմանավորված այս գործընթացն անընդհատ շարունակվել և մեզ նոր զիջումների առաջ է կանգնեցնել։ Միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է այդ հարցը դարձնել շահարկման կամ այդպիսի առևտրի առարկա՝ անկախ նրանից՝ վերաբերում է սովորական քաղաքացիական անձ ռազմագերիներին, թե՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30