Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական լինենք մեր աղոթքի, խնդրանքի մեջ»․ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների համար միասնական աղոթք՝ Սուրբ Աննա եկեղեցում

Սեպտեմբեր 27,2024 18:35

«Մենք այսօր հավաքվել ենք Սուրբ Աննա տաճարում մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված՝ հայցելով Տիրոջ ողորմությունը»,- Սուրբ Աննա եկեղեցում նշեց հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։

Նրա ձեռամբ կատարվեց միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։

Աղոթքին ներկա են ապօրինաբար կալանավորված, Բաքվի բանտում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդին, քույրը, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանի ընկերները, քաղաքացիներ։

Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, հիշելով 4 տարի առաջ այս օրը, ասաց․ «Հիշում եմ՝ սրանից չորս տարի առաջ, երբ սեպտեմբերի 27-ին Վարագա Սուրբ խաչի տոնը՝ կիրակի օրը, եկեղեցում ժամերգությամբ մեր աղոթքն էինք բարձրացնում առ Աստված, այդ լուրը եկավ պատերազմի։ Տարբեր հուզմունքներ ու զգացմունքներ ունեցանք այդ պահին, և Տիրոջ ողորմությամբ բոլորս էլ գնացինք պաշտպանելու մեր հայրենիքը, գնացինք մեր զինվորների կողքը կանգնելու և մեր զինվորին Քրիստոսով առաջ տանելու։ Ես չեմ ուզում ասել՝ ինչեր տեսանք Տիրոջ ողորմությամբ այդ ժամանակ պատերազմի ընթացքում, թե ինչպես էին մեր քաջարի զինվորները պատերազմում և թե ինչպես օրեր շարունակ պահում էին իրենց վստահված դիրքերը՝ քաջաբար։ Զուր չեն այս բառերը, որ ասում ենք՝ վասն հավատո և վասն հայրենիքի իրենց կյանքն էին տալիս, որ մենք ապրենք։ Մենք ապրելով պիտի կարողանանք արժևորել իրենց թափված արյունը, ամեն մի կաթիլ արյուն պիտի կարողանանք արժևորել մեր կյանքով։

Եթե չկարողացանք՝ վայ մեզ։ Իրենք՝ հայրենիքի համար նահատակվածները, վստահ եմ՝  Քրիստոսի մոտ են, Քրիստոսի զորքի հաղթանակած եկեղեցում։ Այսօր հիշելով ննջեցյալներին՝ մեր նահատակ տղաներին, պարտավոր ենք մեր աղոթքը բարձրացնել առ Աստված մեր գերիների համար, որոնք հիմա գտնվում են բանտերում՝ թշնամու, Ադրբեջանի բանտերում։ Մենք մեր աղոթքը պետք է բարձրացնենք, որ Տերը շուտափույթ ազատի իրենց այդ բանտերից, առողջություն պարգևի, որ առողջ, Տիրոջ ողորմությամբ ամեն մեկը կարողանա վերադառնալ իր տուն ու իր գործին։ Դրա համար շատ կուզեմ, որ մենք, հիշելով Քրիստոսի խոսքը, որ ասում է՝ ուր երկու, երեք հոգի իմ անունով, այնտեղ նաև ես, միասնական լինենք մեր աղոթքի, խնդրանքի մեջ, միասնական լինենք առ Միածին որդի՝ ապավինելով Տիրոջ ողորմությանը։ Եկեք մեր հույսը դնենք Տիրոջ վրա, մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված՝ հայցելով, որ Տերը ողորմի մեր գերիներին, և իրենք շատ շուտ վերադառնան տուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30