Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ:
Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն» ու «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցերի հետ կապված հյուրերի մտահոգությունները: Հանդիպման մասնակիցները որոշակի մտահոգություններ եւ թյուրըմբռնումներ ունեին՝ կապված վերոնշյալ օրենքի նախագծի կարգավորումների, ինչպես նաեւ իրենց կազմակերպություններին պատկանող գույքերը կորցնելու վտանգի հետ: Հյուրերը նաեւ ներկայացրել են որոշ փաստարկներ՝ կապված իրենց զբաղեցրած գույքերի պատկանելության հետ: Ներկաները հայտնել են, որ անցած տասնամյակների ընթացքում ոչ բոլոր կազմակերպություններն են օտարել իրենց պատկանող գույքերից: Նրանց մի մասը որոշ գույքեր հանձնել է վարձակալության, ինչի արդյունքում ստանում են որոշակի գումարներ, հոգում իրենց կազմակերպությունների եւ շահառուների կարիքները:
Կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ նպատակահարմար են համարել, որ գոնե առժամանակ սառեցվի դատախազության հայցերի քննարկումը:
Նախագծի հեղինակները լսել են հյուրերի մտահոգություններ, տվել պարզաբանումներ, ներկայացրել օրինագծի կարգավորումները: «Մենք այս նախագծով չենք ուզում եւ չենք էլ կարող ձեր սեփականության իրավունքը վերցնել: Նախագծում այդպիսի կետ էլ չկա: Չեմ ուզում համաձայնել ձեր այն ձեւակերպման հետ, թե ամեն ինչ կորցնում եք: Այս նախագծով մենք պաշտպանում ենք ձեր միության բոլոր շահառուներին»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ պարզաբանելով, որ, ըստ նախագծի, կազմակերպությունը չի կարող վաճառել անշարժ գույքը, եթե չկա կազմակերպության անդամների 2/3-ի համաձայնությունը: Գույքը վաճառելու մտադրության դեպքում էլ պետք է կազմակերպվեն հանրային լսումներ:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժամանակին նկարիչների մեծ մասը դժգոհ է եղել, երբ վաճառվել է այդ գույքը»,- դիմելով Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանին՝ ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է՝ պատրաստակամ են աշխատել նախագծի բարեփոխման ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատել դատախազության հետ՝ առանց միջամտելու նրանց աշխատանքին:
Հանդիպմանը քննարկվել են կառույցների գործունեությանը վերաբերող այլ հարցեր եւս:
ԱԺ