Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը». գիտաժողով՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին

Սեպտեմբեր 27,2024 17:50

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Պարարվեստը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Այն գործողությունների շարք է, որն իր շարժումներով որոշակի խոսք է ասում աշխատանքի մասին, սիրո մասին, պատերազմի մասին։ Այս տեսակետից պարն ունի գիտական հետազոտական նշանակություն, և այս գիտաժողովը կարևոր է, որպեսզի ոչ միայն մեկնաբանի պարը որպես արվեստի տեսակ, այլև մշակվեն մեթոդներ, սկզբունքներ պարը որպես արվեստի տեսակ զարգացնելու համար։ Շատ ողջունելի է, որ գիտաժողովը նվիրված է պարարվեստի նվիրյալ Գագիկ Գինոսյանի հիշատակին», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ պարը կարևոր նշանակություն է ունեցել հայ ինքնության համար։ «Գագիկ Գինոսյանը վերջին շրջանում ամենամեծ նպաստն է ունեցել պարի զարգացման գործում։ Այսօր կարևոր է քննարկել պարի բանահյուսական համատեքստը, որովհետև պարը միայն շարժում չէ, տեքստ է, որը մենք կարող ենք վերծանել և հասկանալ», – նշեց Արսեն Բոբոխյանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կիսվեց Գագիկ Գինոսյանի մասին հիշողություններով և նշեց, որ Գինոսյանն իր գործունեությամբ որպես ժառանգություն թողել է պարարվեստի դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, պարագետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանը նշեց, որ պարարվեստը հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից է, և դրա պահպանության, արժևորման խնդիրներն արդիական են բոլոր ժամանակներում։ «Այսօր առանձնահատուկ պետք է նշենք ազգագրագետ, պարագետ Սրբուհի Լիսիցյանի ներդրումը համաշխարհային և հայ էթնոպարագիտության, էթնոխորեոլոգիայի ասպարեզում և ում ուղենիշներով և դպրոցի հիման վրա նաև իր գործունեությունն էր ծավալում Գագիկ Գինոսյանը», – ասաց Նաիրա Կիլիչյանը։ Նա շեշտեց, որ ներկայում ոլորտում սակավաթիվ են երիտասարդ հետազոտողները, և այս խնդիրը լուրջ մարտահրավեր է հայ պարագիտության հետագա ընթացքի և շարունակության համար։ «Երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը միակ ուղին է, որը կնպաստի հայ պարագիտական դպրոցի զարգացմանը, ինչպես նաև արդի շրջանի հետազոտական աշխատանքների ներկայացմանը Հայաստանում և միջազգային գիտական ասպարեզում», – ասաց Նաիրա Կիլիչյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, բանագետ-լեզվաբան Տորք Դալալյանը նշեց, որ պարի ազգագրական հետազոտությանը նվիրված մեծամասշտաբ գիտաժողով անցկացնելու գաղափարը ծագել էր դեռ Գագիկ Գինոսյանի ողջության օրոք։ «Պարագիտական մի գիտաժողով պետք է կազմակերպեինք, քանի որ պարը մեր գիտության կարևոր բաղադրիչներից մեկն է՝ գուցե ինչ-որ տեղ անտեսված։ Կազմակերպչական աշխատանքների ժամանակ եկավ Գագիկ Գինոսյանի մահվան գույժը, և որևէ տարակարծություն չառաջացավ կազմկոմիտեի մեջ, որ գիտաժողովը պետք է նվիրվի հենց իր հիշատակին։ Գինոսյանը կարողացավ իր գործունեության շնորհիվ պարը դարձնել մասսայական երևույթ Հայաստանում։ Նա պարն ուսումնասիրում էր ոչ միայն գիտական տեսանկյունից, այլև բերեց կիրառական դաշտ և դրանով ցույց տվեց, որ հետազոտական աշխատանքը կարող է շատ արդյունավետ կերպով շաղկապվել կիրառականության հետ», – ասաց Տորք Դալալյանը։ Գիտաժողովի ընթացքում գիտնականներն ու հետազոտողները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված պարագիտության, պարարվեստի պատմությանը, հնագույն պարին և ծեսին, Գագիկ Գինոսյանի ստեղծագործական ժառանգությանը։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30