Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակելի շենքերը, հաստատությունները, առեւտրային օբյեկտները, ժամանցի վայրերը, անգամ դեղատները մեծամասամբ անմատչելի են անվասայլակով տեղաշարժվողների համար

Սեպտեմբեր 27,2024 17:38

Ինքնակրթման հարթակը ֆլեշմոբ էր կազմակերպել՝ պարզելու, թե Երեւանում որո՞նք են մանկասայլակով կամ հաշմանդամական սայլակով տեղաշարժվելու խոչընդոտները, վեր հանելու առկա խնդիրները, բացահայտելու, թե իրականում որքանո՞վ է մայրաքաղաքը հասանելի հաշմանդամություն ունեցեղ անձանց եւ մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:

Ինքնակրթման հարթակի խորհրդի անդամ Տաթեւիկ Սահակյան-Շամիրազյանը «Մեդիա» կենտրոնում տեղեկացրեց, որ նման նախաձեռնություն իրականացնելու համար առիթ է հանդիսացել այն պարզ հանգամանքը, որ անգամ մանկասայլակով շրջելու կարիք ունեցող գրեթե բոլոր քաղաքացիները առնչվում են այդ խնդիրների հետ: «Շատերս նաեւ բարեկամներ, ընկերներ ու ծանոթներ ունենք, որոնք տեղաշարժվում են սայլակով: Ինֆորմացիան ստացվում էր նույնիսկ դրա մասին հայտարարելու օրից: Մարդիկ զանգահարում եւ կիսվում էին անձնական փորձառություններով:

Խնդիրները, թերեւս կարելի է դասակարգել երեք խմբի. ֆիզիկական, որը թեքահարթակի գոյության կամ չգոյության հարցն է, երթեւեկության կանոնների խախտում, որը հաճախ թույլ չի տալիս սայլակով անվնաս տեղաշարժվել եւ հասարակության անտարբեր վերաբերմունք»,-ասաց տիկին Տաթեւիկը: Նա թվարկեց իրենց դիտարկումների արդյունքում ի հայտ եկած այլ խոչընդոտներ, որոնք առավել տարածված են Երեւանի փողոցներում, բակերում եւ հանրային այլ վայրերում:

Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ճանապարհների հիմնանորոգման եւ միջին նորոգման պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը համաձայնեց հնչեցված դիտարկումների հետ եւ նշեց. «Քաղաքապետարանը այս տարի դրանց մասով լայնամասշտաբ հտազոտական աշխատանք է իրականացրել Երեւան քաղաքի վարչական շրջաններում: Հետազոտական աշխատանքների հիման վրա տարանջատվել են հաշմանդամություն ունեցող եւ կույր հետիոտների համար առաջացող խնդիրները եւ հստակ հանձնարարական է ներկայացվել՝ կառուցել նոր թեքահարթակներ, անհրաժեշտության դեպքում վերանորոգել հին թեքահարթակները»:

Նա նշեց նաեւ, որ խնդիրները վերացնելու նպատակով հայտարարվել է մրցույթ եւ արդեն կա կապալառու կազմակերպություն, որը իրականացնելու է միջինը 400 թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Նաեւ թեքահարթակների շրջակայքում եւ թեքահարթակների վրա կույր հետիոտների համար տեղակայվելու են հատուկ տակդիր սալիկներ:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ երբ խոսում են թեքահարթակների մասին, առաջին հերթին հիշում են հաշմանդամության սայլակով տեղաշարժվող անձանց, նաեւ մանկական սայլակով մարդկանց իրավունքները: Բայց այն, ինչ հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հարմար է բոլորին: Նրա խոսքով՝ Երեւանը, համեմատած հարեւան երկրների մայրաքաղաքների հետ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությամբ բավականին լավ վիճակում է:

«Մենք՝ «Ունիսոն» ՀԿ-ի անդամների մեծ մասը, այսօրվա քննարկման թեմայի իրական կրողներն ենք: Կոնկրետ այս տարվա համար մենք քաղաքապետարանին ներկայացրել ենք մեր մոնիթորինգի արդյունքների հստակ ցանկը, որտեղ նշված են, մեր կարծիքով, առաջնային խնդրահարույց անցումները եւ թեքահարթակները: Հուսով եմ, որ այդ ցանկը հաշվի կառնվի: Բայց մենք չպետք է անընդհատ կախված լինենք տվյալ պահի քաղաքապետի, համայնքների ղեկավար անձանց բարյացակամությունից: Պետք է այնպիսի հստակ նորմատիվներ, պատասխանատվության այնպիսի խիստ մեխանիզմներ լինեն, որ մենք երբեք չմտածենք՝ արդյո՞ք նոր ղեկավարը հակված է որեւէ բան անել: Պետք է լինի համակարգ»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

Նա հատուկ ուշադրություն հրավիրեց շենքերի վրա, այդ թվում՝ նաեւ Կենտրոն համայնքի, որը համեմատաբար հասանելի է համարվում: «Շենքերը, տարբեր հաստատությունները՝ բնակելի, առեւտրային օբյեկտները, ժամանցի վայրերը, անգամ դեղատները մեծամասամբ, բացառությամբ սուպերմարկետների եւ խոշոր կենտրոնների, անմատչելի են անվասայլակով տեղաշարժվողների համար: Ու դա, իրոք, լուրջ խնդիր է»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը ներկայացրեց իրավիճակը Երեւանից դուրս, մասնավորապես, Վանաձոր քաղաքում: Բայց մինչ այդ խոսեց Երեւանում լուսացույցների մասին, որ մայթից-մայթ անցնելու ժամանակը չի բավականացնում հատկապես սակավաշարժ հետիոտներին:

«Ուրախալի է, որ ամբողջ երկրում փողոցները, մայթերը սուբվենցիոն ծրագրերով վերանորոգելու աշխատանքներ են տարվում: Ինչ վերաբերում է Վանաձորին, մեր կազմակերպությունը պարբերաբար մոնիթորինգ է կազմակերպում, բայց անկանոն: Ինչո՞ւ, որովհետեւ երբ որեւէ փողոց կամ մայթ է վերանորոգվում, նախնական փուլում արձագանքում ենք, որպեսզի իմանան ինչպես պետք է կառուցել, մեզ ասում են՝ դեռ շուտ եք արձագանքում: Երբ վերջում ենք արձագանքում, պատասխանում են, որ արդեն ուշ է»:

Անուշ Ասլանյանն արծարծեց նաեւ այլ հարցեր, մասնավորապես, արդեն թեքություն ունեցող փողոցում լրացուցիչ թեքահարթակ կառուցելու խնդիրը, փողոցներում թեքահարթակների վտանգավորությունը ձմռան ամիսներին, երբ սառցակալում են եւ վտանգ ներկայացնում ոչ միայն հաշմանդամություն ուեցողների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել