Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր վերելքները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով: Պետք է քայլեր ձեռնարկենք երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելը խթանելու»

Սեպտեմբեր 27,2024 16:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Հայրապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և ՀՀ դրոշն ամենաբարձր գագաթներին ծածանելու համար:

«Այս խորհրդանշական գնահատանքով կուզեինք ձեր օրինակը վարակիչ դարձնել մյուսների համար: Հայաստանը լեռնային երկիր է, և լեռնագնացությունը մեր երկրում զարգացման շատ լուրջ ներուժ ունի։ Պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուղղված երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելու խթանմանը: Կարծում եմ՝ ձեր անձնական օրինակը կարող է նման քայլ դիտվել, ցույց տալու, որ  բոլոր վերելքներն ու բարդությունները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:

ԿԳՄՍ նախարարն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրականացման համատեքստում: Տարիներ առաջ արշավային ակումբների և ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 7 դպրոցներում իրականացրել է լեռնագնացության ծրագիր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ ծրագրերի շարունակականության հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի կարևորվում է դպրոցականների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական կոփվածությունը:

«Կարծում եմ՝ լեռնագնացությունն ու արշավներն այս նպատակներին հասնելու ամենաուղիղ միջոցներից են: Ծրագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցներում, և կարող ենք քննարկել այն շարունակելու հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է՝ ՀՊՉ ներդրմամբ դպրոցներում նաև խմբակների իրականացման հնարավորություն է ստեղծվել, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել լեռնագնացության ու արշավների կրթական ծրագիրը խմբակի ձևաչափով իրականացնելու հնարավորությունը՝ նշելով, որ դպրոցի խմբակավարը կարող է լինել նաև հրավիրյալ մասնագետ՝  համապատասխան փորձառությամբ և որակավորմամբ:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով սպորտային բաղադրիչին, կարևորել է ժայռամագլցում մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը, որն օլիմպիական մարզաձև է: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում և նաև մի քանի մարզահամալիրներում մագլցման պատեր կան, բայց

 

մարզաձևի զարգացման, ժայռամագլցման մարզիկների պատրաստման տեսանկյունից կարևոր է համապատասխան գույքի առկայությունն առավել մեծ թվով սպորտային կառույցներում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լեռնագնացությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30