Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: «Կառավարության առաջարկությամբ վերանայվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Մասնավորապես՝ հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվա փոխարեն սահմանվել է 2025 թվականի հունվարի 1-ը՝ ողջամիտ ժամկետ տրամադրելով նշված իրավակարգավորումներին ծանոթանալու եւ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է արագության սահմանափակմանն առնչվող լրացում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ Երեւանում էլեկտրական անհատական տեղաշարժման տրանսպորտային միջոցների համար Կառավարությունն առաջարկում է առավելագույն արագություն սահմանել 25 կմ/ժամը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
Հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով: