Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնախոհությունը Էրդողանի նկատմամբ ստորաքարշությունը չի»․ Սամվել Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 27,2024 16:24

«Այն ժամանակ, այս օրը մենք հասկացանք, որ ունենք դատարկախոս, ռազմաքաղաքական իրավիճակին չտիրապետող ղեկավարություն, որը դավաճանեց մեր բանակին, դավաճանեց Արցախին, դավաճանեց հայ ժողովրդին եւ արդյունքում ունեցանք պարտություն, կապիտուլյացիա»,- այսօր՝ 44-օրյա պատերազմի չորսամյա տարելիցի օրը, «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ հավելելով, որ խնդիրը բնավ էլ այն չէ, որ որեւիցե ժողովուրդ որեւէ պատերազմում կարող է պարտվել, պատմությունը նման օրինակներ շատ է տեսել։ Ըստ նրա, հարցն այն է, որ՝ «պետությունը եւ ժողովուրդը չի հանձնվում», մինչդեռ ՀՀ իշխանությունը, որը հանձնվել էր, ժողովրդին էլ տարավ հանձնվելու ճանապարհով։

«Գիտեք, երբ ՄԱԿ-ի ամբիոնից, որեւէ հզոր պետության ղեկավար անընդհատ խոսում է խաղաղությունից՝ գրպանում ունենալով միջուկային զենքի բանալին եւ սպառնում է աշխարհին միջուկային զենքով, բայց ինքը կարող է խոսել խաղաղությունից։ Բայց երբ թույլ, պարտված ժողովրդի ղեկավարն է անընդհատ խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից, մոլորակի համար առաջին խոսափողից ասում է՝ «ապագա կա»․ իրեն թվում է, որ ինքը գնացել է որեւիցե գյուղ եւ ՝ «ապագա կա» կարգախոսով փորձում է խաբել այդ գյուղացիներին, որպեսզի իրեն ընտրեն։ Նստած են հզոր երկրների ղեկավարներ, որոնք իրենք են որոշում մոլորակի բախտը, իրենք են որոշում՝ որ երկրում պատերազմ լինի կամ չլինի, այդ պատերազմներն ինչ ուժգնությամբ գնան, օրական հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեն․․․ հիմա գնացել է ինչ-որ մեկը եւ իրենց դասախոսություն է կարդում՝ խաղաղության մասին։ Դա ընդամենը խղճահարություն, արհամարհանք եւ ծիծաղ է առաջացնում»,- սա էլ Սամվել Նիկոյանի տեսակետն է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի մասին։

Սամվել Նիկոյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այնպիսի իրավիճակի, որ ՄԱԿ ամբիոնից որեւէ պահանջատիրության մասին ինքը խոսել չի կարող, բայց ՄԱԿ-ի լեզվաոճով, որոշումներով կարող էր խոսել արցախահայության՝ միջազգային իրավունքի մասին․ «Էլի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսեր, խաղաղության ենթատեքստով ասեր այն միջազգային իրավունքի մասին, ՄԱԿ կանոնադրության այն կետերի վրա հղում անելով, որ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածները, պետք է միջազգային երաշխիքներով վերադառնան իրենց տները։ ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային կանոնակարգերը տալիս են դրա իրավունքը։ Պետք չէր այնտեղից սուր ճոճել ու խոսել այդ իրավունքի մասին»։

Սամվել Նիկոյանը չի հասկանում, թե 2018-ից հետո ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ամբարտավան պահվածք դրսեւորեց ՌԴ նախագահի նկատմամբ, որից կախված էր ՀՀ-ի եւ Արցախի ճակատագիրը , իսկ Էրդողանի պարագայում նման նվաստացուցիչ պայմանների գնաց․ «Բա էն դուխով տղան ես, ինչի՞ ես նվաստացել, մեզ էլ հետդ ես նվաստացնում»։

Առհասարակ, Սամվել Նիկոյանը ողջունում է տարատեսակ հանդիպումները տարածաշրջանային առաջնորդների հետ՝ անկախ նրանից՝ այդ մարդուն սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, նա սխալվե՞լ է, թե՞ ոչ կամ ինքդ ի՞նչ վերաբերմունք ունեց, քանի որ փոքր երկրները այլ կերպ չեն կարող վարվել ու փոքր երկրների ղեկավարներից լայնախոհություն է պահանջվում՝ հանուն սեփական ազգային եւ պետական շահի․ մի բան, որն ինքը Նիկոլ Փաշինյանի մոտ չի տեսնում։

«Լայնախոհությունը Էրդողանի նկատմամբ ստորաքարշությունը չի, բոլորի հանդեպ դու պետք է շատ նորմալ, արժանապատիվ վարքագիծ դրսեւորես»,- ասաց նա՝ հավելելով, որ բավական վտանգավոր թեզ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանն՝ ասելով, որ դիմելու է Էրդողանին, որպեսզի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցում միջնորդություն ստանձնի, այն պարագայում, երբ ՌԴ-ի, Եվրոպայի նման ջանքերն անարդյունք են անցել։

Սամվել Նիկոյանը հիշեցնում է՝ Թուրքիայի նախագահն ինքն է ասել, որ ինքն է մտել Արցախ։

Բանախոսը չի բացառում, որ ՌԴ-ն միջուկային հարվածներ հասցնի Ուկրաինային, ինչը տարածաշրջանում ավելի բարդ իրավիճակ կստեղծի։ Իսկ Վրաստանի իշխանություններին համարում է վրաստանակենտրոն, որը իր երկրի շահերը չդրեց հանուն Արեւմուտքի եւ ընդդեմ ՌԴ-ի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30