Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնի են ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի նոր անդամները

Սեպտեմբեր 27,2024 15:59

Մայրենի լեզվի պահպանությունն ու տարածումը մշտապես եղել է Հայոց Մայր եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հիմնական առաքելություններից մեկը։ Այդ նպատակին ծառայել են թեմապատկան դպրոցներն ու մշակութային օջախները, որոնց շարքին այսօր Արևմտյան թեմում առանձնանում են Շաբաթօրյա վարժարանները։ Հարկ է նշել, որ վերջիններս այս տարի ստանալով պետական հավաստագիր՝ թևակոխեցին զարգացման նոր հանգրվան՝ սփյուռքի պատմության մեջ բացելով սեփական, նոր, հաղթական էջը։

Այս պատվաբեր ու բացառիկ իրողությունը դպրոցների կյանքում պահանջում է նոր փոփոխություններ, բարեփոխումներ, կրթական, կառավարչական և այլ ոլորտներում։ Այդ նպատակով 2024 թ․-ի սեպտեմբերի 21-ին առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ և նախագահությամբ տեղի ունեցավ Շաբաթօրյա վարժարանների գիտակրթական հանձնախմբի ժողով՝ նորացված կազմով, որին մասնակցում էր նաև Արևմտյան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը։ Օրակարգի համաձայն  ընդունվեցին կանոնադրական նոր փաթեթներ, որոնք թեմի ողջ տարածքով կիրառելի  պետք է դառնան բոլոր շաբաթօրյա դպրոցների համար։ Ընտրությամբ դադարեցվեց նախկին կանոնադրության գործածությունը և հաստատվեց նորը, որը համապատասխանում է պահանջվող չափանիշներին և թեմի օրենքներին։ Ըստ որի՝ առաջնորդանիստ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գիտակցվում է որպես թեմի Մայր Շաբաթօրյա վարժարան, իսկ մնացած կրթօջախները, պահպանելով իրենց անվանումները, դառնում են նրա մասնաճյուղերը։

Առաջնորդ սրբազան հոր օրհնությամբ Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչի պարտականությունները շարունակում է կատարել բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որը միաժամանակ  «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրենն է։ Հոգևոր տեսչության իշխանության ներքո, ժողովում եռամյա կարգով և ընտրությամբ հաստատվեցին շաբաթօրյա դպրոցների կրթական հանձնախմբի նոր անդամները հետևյալ կազմով՝

Տ․ Խաժակ քահանա Շահբազյան

Ատենապետ – դոկ․ Էլլի Անդրեասյան

Փոխատենապետ – դոկ․ Արփի Մարտիրոսյան

Քարտուղար – Արփի Ավանեսյան

Անդամներ -Ալեն Հախվերդյան, Սեդա Աբաջյան

Կրթական հանձնախմբի ժողովի ավարտին մեկնարկեց Շաբաթօրյա դպրոցների տնօրենների ավանդական ժողովը, որին մասնակցում էին ոչ միայն Լոս Անջելեսի շրջանի վարժարանների պատասխանատուները, այլև հեռավոր կրթօջախների ղեկավարները՝ առցանց միջոցով։

Առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք․ Տերտերյանի ողջույնի խոսքից հետո տնօրենները ծանոթացան կրթական հանձնախմբի նոր անդամներին, ապա գիտակրթական հանձնախմբի քարտուղար Արփի Ավանեսյանը ներկաներին տեղեկացրեց կանոնադրական նոր փոփոխությունները։

Տնօրենները հանդես եկան համառոտ հաշվետվությամբ։ Արձանագրվեց, որ շատ վայրերում եռապատկվել, կամ քառապատկվել են աշակերտների քանակը և այդ պարագայում դպրոցները դարձել են երկհերթ։

Քննարկումներ եղան կրթօջախների միօրինակության, ուսումնական ծրագրերի արդյունավետ օգտագործման և զարգացման նոր հեռանկարների մասին։

Վերջում առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը բոլորին մաղթեց հաջող ու բեղմնավոր ուսումնական տարի՝ հորդորելով կազմակերպել համընդհանուր ծրագրեր, որոնք միտված կլինեն Արևմտյան թեմի նմանօրինակ դպրոցների աշակերտների համընդհանուր ծանոթացմանը և ազգային ու հոգեմտավոր կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ցանկություն հայտնեց այցելել դպրոցներ և տեղում ծանոթանալ հաստատությունների կրթական կյանքին։

Շաբաթօրյա վարժարանների մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30