Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
«Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարի խոսքով նպատակն է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում: Փոխվում են վերջիններիս պատրաստման ու վերապատրաստման մեխանիզմները:
Նորաստեղծ կրթահամալիրի ռեկտորը չի հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, այլ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ է լինելու: Վերջինիս ընտրության բաց եւ թափանցիկ մրցույթ կանցկացվի, թեկնածուն կներկայացնի կրթահամալիրի զարգացման իր տեսլականը: Ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադիրի կողմից ընդունելի քաղաքականությանը:
Կարդացեք նաև
Նախատեսվում է Ներքին գործերի նախարարության ձեւավորման ընդհանուր տրամաբանությանը համահունչ պահպանել բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք ծառայողները կունենան ոստիկանական կամ փրկարար ծառայությունից քաղաքացիական աշխատանք կատարողի անցման շրջանակում:
Կգործի ոստիկանների կրթական ապահովման դեպարտամենտ, փրկարար ծառայողների համար՝ ուսումնական դեպարտամենտ. սա կապահովի նախնականից մինչեւ բարձրագույն կրթության իրականացման շարունակական գործընթացը:
«Այս պահին ունենք խառը մոդելային կառուցվածք, ունենք քոլեջ, ակադեմիա, պատրաստում ենք իրավաբաններ, կառավարիչներ, բայց տրամաբանությունն այն է, որ նեղ մասնագիտացում ունեցող ՊՈԱԿ-ը պետք է սպասարկի ՆԳՆ կադրային կարիքը: Հետեւապես, ընդունելով այն դրական ժառանգությունը, որը թողել են այս երկու կրթահամալիրներն իրենց գործունեության ընթացքում, չպետք է խոչընդոտներ ստեղծենք հետագա զարգացման համար եւ արդի պայմաններում կենտրոնանանք բացառապես ոստիկանների եւ փրկարար ծառայողների պատրաստման գործընթացի վրա»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ մուտքը ոստիկանական համակարգ պետք է լինի բացառապես նախնական կրթական խողովակով անցնելու պայմաններում: Դա վերաբերելու է նաեւ առաջխաղացումների գործընթացին:
Յուրաքանչյուր ծառայողի մասով տարեկան վերապատրաստման հստակ պլան է լինելու: Պարտադիր վերապատրաստումների համակարգը 2025 թվականի հուլիսի մեկից կգործի քրեական ոստիկանների եւ պարեկային ծառայողների համար, իսկ մնացած ծառայողների համար՝ 2026 թվականից:
Պատգամավորները հետաքրքրվել են համակարգում կրճատումների հնարավորությամբ, ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարման ընթացքով, խոսել նախարարության առանձին կրթահամալիրի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ:
Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն աշխատանքային ձեւաչափով համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովում, պատգամավորներին մտահոգող մի շարք խնդիրներ հաշվի են առնվել:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ