Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ Ռազմարդյունաբերության կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնությամբ կկանոնակարգվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման եւ հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակում գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արագ եւ դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանք կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակով օգտագործելու համար:
Հարակից զեկուցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագծի անհրաժեշտությունը վաղուց է եղել: Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերողների հետ հանդիպումների ընթացքում մշտապես բարձրաձայնվել են օրենսդրական բացերը, որոնք այս օրինագծով կլուծվեն:
Կարդացեք նաև
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Նշենք, որ նախքան նիստի մեկնարկը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը:
ԱԺ