Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պետական, ֆինանսական, մասնավորապես՝ բանկային համակարգում, երբ բառի առաջին տառը կոշտ ռ-ն է, մի տեսակ անհասկանալի մթնոլորտ է սկսում տիրել»․ Վիլեն Գաբրիելյան

Սեպտեմբեր 27,2024 14:31

«Բոլոր այս փոփոխությունները գալիս են լուծելու մեկ հիմնական խնդիր՝ այն է` իրավական, օրենսդրական դաշտում սահմանել նոր գործառույթներ ռազմարդյունաբերական կոմիտեի համար»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա վստահեցրեց՝ եթե միջավայրը չբարելավենք, ռազմարդյունաբերությամբ զբաղվելը մասնավորի համար գրավիչ չի լինի․ «Մենք ցանկանում ենք մեր քաղաքականությամբ ապահովել տեխնոլոգիական առաջընթաց ԶՈւ համար, իսկ դրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն նորարարությունները և տեխնոլոգիական նոր լուծումները։ Այստեղ ինքնին կարևորվում է գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխատանքների համար մեր թիրախային ֆինանսավորումը, որը գալիս է մի շարք ընկերությունների համար խրախուսելու նորարարությունը։ Մենք սրանով գալիս ենք կարգավորելու պետական փորձարկումների դաշտը։ Պետական փորձարկումների համար անհրաժեշտ, օրինակ՝ փամփուշտների անհրաժեշտությունը կամ սեփական, ոչ պետական փորձարկումների համար դրանց անհրաժեշտությունը, լրջագույն բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում, որովհետև ՊՆ-ն չունի համապատասխան կարգավորումներ, և մենք ստիպված ենք անգամ մեկ փամփուշտ տրամադրելու համար գնալ կառավարության որոշմամբ։ Այս պարագայում պարզեցնում ենք այս համակարգը, և երկու նախարարների՝ ԲՏԱ և ՊՆ նախարարների համատեղ հրամանով կարգավորելու ենք դաշտը և չեզոքացնելու բոլոր ռիսկերը»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշեց՝ երբ խոսում ենք ռազմական նշանակության արտադրանքի մասին, ՀՀ-ում, ըստ էության, ռազմական նշանակության արտադրանքի մասով կարգավորումները տրվում են համապատասխան կառավարության որոշմամբ՝ ինչը, ըստ նրա՝ իրավական ու ինստիտուցիոնալ առումով թերի մոտեցում է պետության կողմից․ «Ժամանակակից աշխարհում, երբ փաստացի աշխարհն այդ տեսանկյունից սանկցիոն է, ես խնդիրը տեսնում են հենց այնտեղ, որ ոլորտը իրավական, օրենսդրական առումով չունի հստակ ձևակերպումներ, պարզ իրավական դրույթներ։ Մի օրինակ էլ բերեմ՝ պետական համակարգում, այդ թվում նաև ֆինանսական համակարգում, մասնավորապես՝ բանկային համակարգում, մի ունիկալ բանի եմ հանդիպել, որ երբ բառի առաջին տառը կոշտ ռ-ն է, մի տեսակ անհասկանալի մթնոլորտ է սկսում տիրել, չեմ ուզում վախենալ կոչեմ, բայց առնվազն մարդկանց մոտ մտահոգություն է ծագում։ Դրա պատասխանն ինձ համար ևս հստակ է, քանի որ ռազմական նշանակության արտադրանքի մասով ՀՀ-ում մենք չունենք ամուր, պատշաճ իրավական բազա, որ մեր բոլոր արտասահմանյան գործընկերների համար կլինի հստակություն՝ այդ թվում քաղաքական երաշխիքի, որ այն համագործակցությունը, որը մենք իրենց հետ ծավալելու ենք, ծավալելու ենք բացառապես ՀՀ զարգացման, ուժեղացման և ամրացման համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30