Ճանաչված հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցը, որն այժմ բնակվում է Գերմանիայում, այսօր աշխարհի առաջատար և պահանջված սոպրանոներից է: Երգչուհին Երևանում հանդես կգա յուրօրինակ համերգային ծրագրով:
Սեպտեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հրաչուհի Բասենցը, դաշնակահար Հելմուտ Դոյչի (Գերմանի) նվագակցությամբ, կներկայացնի “MORGEN” («Վաղը») խորագրով համերգը: Ծրագիրը կազմված է Ռիխարդ Շտրաուսի երգերից և կներկայացվի Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում:
Ներկա գտնվելով փորձերին՝ նկատեցինք, որ երաժիշտներն անսովոր հերթականությամբ են կատարում Շտրաուսի երգաշարը, որը չեն ավարտում «մահվամբ», ինչպես ընդունված է, այլ սկսում են դրանով: Շտրաուսի «Չորս վերջին երգերը» շարքը նրանք բացում են «Մայրամուտին» երգով և ավարտում՝ «Գարուն»-ով, որը նոր կյանքի և նոր սկզբի խորհրդանիշ է: Ի դեպ, արվեստագետների ցանկությունն է ունկնդրին փոխանցել հույս՝ ապագայի նկատմամբ, որ նույնիսկ ակնհայտ անհույս իրավիճակները կարող են դեպի լավը փոխվել: Այս միտքը ողջ երեկոյի ժամանակ կփոխանցվի հանդիսատեսին և կդառնա երկրորդ մասի վերջին երկու երգերի ծրագրային կապի նշանաբանը. «Վաղը նոր օր կբացվի, արևը նորից կհառնի, մենք կնայենք միմյանց աչքերի մեջ և «Վաղը» ամեն ինչ լավ կլինի»,-կարճատև զրույցի ընթացքում մեզ փոխանցեցին արտիստները:
Կարդացեք նաև
Հրաչուհի Բասենցը ծանոթ է մեր հանդիսատեսին, Հելմուտ Դոյչն առաջին անգամ է Հայաստանում: «Երկու տարի առաջ Հրաչուհու հետ Դրեզդենում այս նույն ծրագրով ունեցած համերգը պատճառ հանդիսացավ, որ իմ մոտ ցանկություն առաջանա այցելել ձեր չքնաղ երկիրը… Հրաչուհին շատ տաղանդավոր երգչուհի է՝ գեղեցիկ ձայնով: Ես ծեր և փորձառու մարդ եմ և հաճախ շատ եմ քննադատում աշխատանքի ժամանակ, բայց նա ամեն բան իդեալական է անում: Այստեղ հրաշալի, ջերմ մթնոլորտ է և ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում»:
Մշակութային բոլոր ոլորտներում, առանց բացառության, վարպետության դասերն անփոխարինելի և գրեթե միակ միջոցն են, այս դեպքում երիտասարդ երաժիշտների համար, կարճ ժամանակահատվածում, համաքայլ ընթանալու, համաշխարհային խիստ արագընթաց փոփոխություններին:
Սեպտեմբերի 26-ին Հելմուտ Դոյչը, որը հանդիսանում է աշխարհի անվանի և պահանջված վոկալ կոնցերտմայստեր-դաշնակահարներից և գերմանական լիդերի (Lieder, երգեր) լավագույն մասնագետներից մեկը, նաև վարպետության դաս ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Օպերային ստուդիայում մոտ 7 ժամ տևած վարպետության դասի ժամանակ, Դոյչը երիտասարդական եռանդով, իր տարիների փորձի բարձրունքից ուսանողների և կոնցերտմայստերների համար բացահայտեց գերմանական երգի գաղտնիքներն ու նրբությունները:
Տեղեկացնենք, ավելի շուտ նշենք, Հելմուտ Դոյչի ստեղծագործական գործունեության իրադարձային, նշանակալի ձեռքբերումները. դեռևս 1965-ին շնորհվել են Composition Prize of Vienna մրցանակը, 24 տարեկանում ստացել է պրոֆեսորի կոչում: Չնայած դաշնակահարը հանդես է գալիս հայտնի մենակատարների հետ, նրա հիմնական նախասիրությունը կապված է երգաշարերի նվագակցության հետ: Իր կարիերայի սկզբում Դոյչը աշխատել է սոպրանո Իրմգարդ Զեեֆրիդի հետ, բայց 12 տարի շարունակ համագործակցել է անվանի երգիչ Հերման Պրեյի հետ: Հելմուտ Դոյչը նվագակցել է աշխարհի ամենահայտնի երգիչներին հեղինակավոր համերգասրահներում: Ներկայումս ամենակարևոր համագործակցությունը Յոնաս Կաուֆմանի, Դիանա Դամրաուի և Մայքլ Վոլլեի հետ տրվող համերգներն են:
Դոյչը ձայնագրել է ավելի քան հարյուր ձայնասկավառակ: Վերջին տարիներին դաշնակահարի համար հատկապես գրավիչ է երիտասարդ տաղանդների հետ տարվող աշխատանքը: Վիեննայում դասավանդելուց բացի՝ նա 28 տարի հանդիսանում է Մյունխենի Hochschule fur Musik und Theater-ի պրոֆեսոր, որտեղ վարում է երգի մեկնաբանության դասընթացը: Նա դասավանդում է նաև տարբեր համալսարաններում և պահանջված է իր օրեցօր ընդլայնվող վարպետության դասընթացներով Եվրոպայում և Հեռավոր Արևելքում:
Աստղիկ Դալլաքյան
Սամվել Դանիելյան