«Մարդասպանը, գողը միշտ վերադառնում են իրենց հանցագործության վայրը: Իրենք գալիս են այստեղ հրճվելու, իրենց արյունախում հոգիներին նոր սնունդ տալու: Իրենք չեն գալիս այստեղ ցավելու կամ ցավակցելու: Որովհետեւ նրանք մարդիկ են, որոնք վաճառել են Արցախը ու մինչ օրս հրճվում են, որ կարողացան այդքան հեշտ խաբել մի ամբողջ ժողովրդի, ու այդ ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով ձեռքբերումը այդքան հեշտ նվիրել թշնամուն: Իրենց դեմ պայքարելն անգամ անիմաստ է: Ես ուրիշ ձեւ եմ վերաբերում՝ հեգնանքով»,- այսօր Եռաբլուրում՝ 44 օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
Կարին Տոնոյանը հավատում է, որ ինչպես կորցրինք Արցախը, այնպես էլ կարող ենք հետ բերել. «Ինչպես իրենք էին կորցրել, մենք էինք հետ բերել կամ հաղթել: Հաղթանակներն ու պարտությունները հերթափոխով են: Այս տղաներն իրենց կյանքը տվեցին իրենց հայրենիքի համար, Արցախը մեր հայրենիքի մի մասն է… այդ էներգիան, որ տվել են այս տղաներն իրենց նվիրումով, մի օր անպայման վերադառնալու է»:
Տիկին Տոնոյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ եթե խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ լինի Սահմանադրությունը փոխել, կփոխենք, հարեւանների հետ խնդիր չունենք, շարունակեց. «Համոզված եմ՝ միլիոնավոր հայեր չեն հաշտվելու դրա հետ: Փաշինյանը շատ փոքր է, որ որոշի մի ամբողջ ազգի ճակատագիր, եթե նույնիսկ այս պահին իր ձեռքին է իշխանության գործիքը ու կարող է նույնիսկ Սահմանադրություն փոխել: Մենք Սահմանադրություն չենք էլ ունեցել , պայքարել ենք թուրքի դեմ, պետություն չենք էլ ունեցել պայքարել ենք թուրքի դեմ: Ու կշարունակենք պայքարել, եթե նույնիսկ նա կործանի հայոց պետականությունը, չնայած արդեն կործանել է… ես ինքս էլ նայում էի ու մտածում՝ ինչ մեղք է այս մարդը: Այն, որ ինքը կրթություն չունի, այն, որ դաստիարակություն չունի՝ փայլուն դրսեւորվում է իր այսօրվա պահվածքի մեջ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ