Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուր Գուրգեն Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալուց, երբ այցելում է իր օբյեկտները, բայց արցախցիները հյուր չեն․ իրենց հայրենիքում են»․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբեր 27,2024 12:46

«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին օրն է։ Կառաջարկեմ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի զոհերի հիշատակը»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ այսպիսի առաջարկ արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը։

Առաջարկն ընդունվեց։ Այնուհետև պատգամավորը վարման կարգով հայտարարեց․ «ՀՀ-ում վերջին շրջանում շատ ակտիվացել է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը, քանի որ պաշտպանության հանձնաժողովի նիստին ենք, այդ առումով վերջերս մեծ արձագանք ստացավ և բազմաթիվ քննադատությունների արժանացավ այս հանձնաժողովի անդամ, ժամանակին բանակի թիկունքի հրամանատար գեներալ Գուրգեն Մելքոնյանի հայտարարությունը արցախցիների մասին՝ իբր նրանք հյուր են։ Հյուր Գուրգեն Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալուց, երբ այցելում է իր օբյեկտները, բայց արցախցիները հյուր չեն․ իրենց հայրենիքում են արցախցիներ, ոնց արմավիրցիները, մարտունեցիները հայոց աշխարհի քաղաքացիներն ու զավակներն են»։

Գեղամ Մանուկյանի խոսքն ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նաև թույլ չտալով Գուրգեն Մելքոնյանին արձագանքել՝ ասաց․ «Ես եմ խոսում այս թեմայով, քանի որ Գուրգեն Մելքոնյանի անունը նշվեց, ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մելքոնյանը շատ ավելի երիտասարդ տարիքում՝ դեռ սովետական կարգերը կային, բայց արցախյան հերոսամարտը սկսված էր, Էջմիածնի խմբերը, որոնք ակտիվ են եղել, դրանցում առաջին հերթին ներգրավված է եղել նաև ապագայում գեներալ լեյտենանտ Մելքոնյանը, որն առաջին պահից՝ սկսած սովետական ոստիկանական ուժերի շրջանում պաշտպանական խնդիրների ներգրավմանը, ավարտած արդեն կանոնավոր բանակի և նրա աստիճանակարգով բարձրացրած, Մելքոնյան Գուրգենը չի եղել ուրիշ թիկունքի պետ, եղել է զինվոր, սպա, գնդի հրամանատար, թիկունքի գծով պատասխանատու և այդպես շարունակ։ Այն զգացմունքները, որոնք ունեն մեր սերունդը, նաև Գուրգեն Մելքոնյանը՝ Արցախի հայության հետ կապված, դրանք անփոփոխ են, և այն խնդիրները, որոնց առաջ մեր երկիրը կանգնել է, այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինի մեր հայրենիքի հզորացումը՝ հանձին նաև նրա ուժային կառույցների կայացման տեսքով»։

Գուրգեն Մելքոնյանը կրկին ցանկացավ արձագանքել, Անդրանիկ Քոչարյանը նորից թույլ չտվեց ու ասաց․ «Հետագայում դու քո հանրային խոսքում ամեն ինչ կարող ես ասել, դու ասում էլ ես, որի իրավունքը և զգացմունքային տեսանկյունից, և պատասխանատվության տեսանկյունից, դու ինքդ ես որոշում՝ ոնց պետք է ասես։ Օրինակ՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի Արցախի հետ կապված ինչ-որ քո տեսակետին դեմ գնալ, քանի որ դու Քելբաջարի սարերի վրա տարիներ ես անցկացրել, Հադրութի ողկույզների տակ ապրել ես, այնպես որ, դա էլ չմոռանանք»։

Այնուհետև նիստի մեկնարկից առաջ անդրադառնալով բացակա պատգամավորներին՝ Անդրանիկ Քոչարյանը հեգնանքով ասաց՝ Տիգրան Աբրահամյանը շարունակում է լքել մարտի դաշտը։ Գեղամ Մանուկյանը փորձեց նշել պատճառը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Գրություն, եթե ուղարկի, մենք հարգելի կհամարենք, ես կարծում եմ ավանդույթ կա, եթե հարգելի է բացակայությունը, տեղյակ են պահում, այդպես է կարգը։ Իսկ եթե տեղյակ չեն պահում, ինչպես Տիգրան Աբրահամյանն է, միշտ բացակա կստանա, որովհետև երևում է՝ ինքն աշխատավարձի խնդիր չունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30