Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն երեք միջազգային կոնվենցիա է ստորագրել. Թաթուլ Մանասերյան. Ermenihaber.am

Սեպտեմբեր 27,2024 12:04

Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք հայ և թուրք տնտեսագետների հետ։

Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման պարագայում, հատկապես ո՞ր ոլորտներում կա համագործակցելու ներուժ։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի հետ։

Պրն Մանասերյան, Թուրքիայի կողմից սահմանի փակումն այս ողջ ընթացքում լոգիստիկ ի՞նչ խնդիրներ է առաջացրել Հայաստանի համար։

– Դա ձեզ պետք է հայտնի լինի, արդեն քանի տարի է այդ խնդիրները կան և դրանց հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինում վճարել շատ ավելի թանկ տրանսպորտային ծախսերի համար։ Անկախության տարիներին ակնհայտ է, որ Հայաստանը շատ թանկ գին է վճարել շրջափակման պատճառով ազգային տնտեսության մրցունակության համար, արտաքին շուկաներ դուրս գալու համար և այլն, այնպես որ, ակնհայտ է, որ այս ամենը չափազանց ծանր է անդրադարձել Հայաստանի վրա։

Ի՞նչ դիտարկում ունեք սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների հնարավոր արտահանման հեռանկարի վերաբերյալ։

– Ես շատ հրապուրված չեմ սահմանի բացման հարցով, ասեմ, թե ինչու։ Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն երեք միջազգային կոնվենցիա է ստորագրել, համաձայն որոնց՝ դեպի ծով ելք ունեցող երկրները պարտավոր են ցամաքային երկրներին (landlocked country) տրամադրել ճանապարհ` ընդ որում անվճար։ Այս պարագայում Վրաստանը ևս պարտավոր է դա անել։ Վերջինս, իհարկե, տրամադրում է այդ ճանապարհը, բայց, ինչպես գիտենք, անվճար չէ։ Հայաստանը վճարում է դրա համար, այնպես որ երբ խոսում են կոմունիկացիաները բացելու մասին, Թուրքիան նախ պիտի բարի լինի հարգել միջազգային իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը և հատկապես այդ երեք պայմանագրերը, որոնց տակ ստորագրել է 1948, 1957 և 1969 թվականներին։ Դրանից հետո նոր կխոսենք սահմանի բացման մասին։

Արդյո՞ք կան մշակված մեխանիզմեր, թե ինչպե՞ս է պետք գործել սահմանի հնարավոր բացման դեպքում։

– Ինձ նման մեխանիզմներ հայտնի չեն։ Փորձագետներին ու գիտնականներին նման տեղեկատվություն հայտնի չէ, հասանելի չէ։ Դրանք պարտավոր են անել կառավարության համապատասխան մարմինները։

Երկու երկրների միջև հատկապես ո՞ր ոլորտներում եք համագործակցության ներուժ եք տեսնում։

– Այս պահին կարծում եմ միայն էներգետիկ ոլորտում կարող են համագործակցել։ Հայաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսների ներուժի միայն 1/3 մասը։ Դեռևս 2009 թվականին կար համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանից Թուրքիա պետք է արտահանվեր 4․5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Բայց դա զուտ քաղաքական դրդապատճառներով չի իրականացվել և չի արտահանվել Թուրքիա։ Այլ ոլորտներ ևս կարելի է մատնանշել, բայց ընդհանուր առմամբ թուրքական ապրանքների էքսպանսիան լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար։

Այսինքն կարող է հայկական շուկան ողողվել թուրքական ապրանքներո՞վ։

– Այո, որովհետև ավելի էժան են՝ մասշտաբի էֆեկտից ելնելով։ Թուրքիան 90 միլիոնանոց սպառողական շուկա ունի։ Ապրանքն ավելի շատ է արտադրում, հետևաբար միավորի գինն ավելի քիչ ստացվում, ուստի կարողանում է ավելի էժան վաճառել։ Բնականաբար, փոքր շուկայով Հայաստանի հետ դա անհամեմատելի է, դժվար կլինի կարծում եմ նման մրցունակությունը։ Ասեմ նաև, որ շատ անորակ ապրանքներ էլ կան, հատկապես գյուղատնտեսական ապրանքները՝ մասնավորապես լոլիկ և այլն։

Ադրբեջանում ու հատկապես Թուրքիայում շատ է խոսվում Սյունիքով անցնող միջանցքի կամ ճանապարհի մասին։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի վերաբերյալ տնտեսական նշանակության առումով։

– Միջանցքն օգտագործում են միմիայն մարդասիրական իմաստով։ Այն, ինչը որ ադրբեջանցիներն ու թուրքերը միտումնավոր անում են՝ շրջանառության մեջ են դնելով այդպիսի եզրույթներ, դա հատուկ նպատակ ունի, որպեսզի ցույց տան, իբր դա մարդասիրական է և այլն։ Մինչդեռ դա առևտրային, մասնավոր, իսկ իմ խորին համոզմամբ նաև ռազմական նշանակության ունի։ Ոչ ոք չի երաշխավորում, որ չավարտված պատերազմի պայմաններում Ադրբեջանը և Թուրքիան չեն զբաղվի նաև զենքի առևտրով զբաղվեն՝ այս անգամ արդեն նշանառության տակ վերցնելով Հայաստանի Հանրապետությունը։

Այս պայմաններում նույնիսկ եթե միայն մասնավոր առևտրի մասին է խոսքը, ճանապարհը լրիվ բավարար է, որ վերահսկվի ՀՀ-ի կողմից և ապահովի բեռների ու ուղևորների անվտանգությունը։ Այնպես որ եթե այստեղ ուրիշ օրակարգ չկա, Սյունիքով անցնող ճանապարհը կարող է պարզապես նորմալ գործել, բայց ինչպես սկզբում նշեցի, Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և այդ երեք կոնվենցիաներով բացել Հայաստանի ճանապարհը դեպի Սև ծով։

 – Այսինքն եթե այդ ճանապարհը լինի ՀՀի վերահսկողության ներքո, դրանից տնտեսական օգուտներ կստանա՞ Հայաստանը։

– Ընդհանրապես բաց կոմունիկացիաներն օգտակար են, բայց դրանք պետք է վերահսկելի լինեն։ Նախ և առաջ պետք է հաշվառել բոլոր այն սպառնալիքները, որոնք կան Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում և որպես տնտեսագետ առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական սպառնալիքները։

Կարծում եմ, տարածաշրջանային շահերից ելնելով, Թուրքիան պետք է խորամիտ գտնվի և ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի և Իրանի հետ համագործակցի, որպեսզի միասին ապահովեն տարածաշրջանային անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30