Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այժմ ակնհայտ է, որ Արցախի անկախությունը չճանաչելու ՀՀ հաջորդական իշխանությունների պատճառաբանությունները սխալ էին». Արշավիր Գյոնջյան. «Ազգ»

Սեպտեմբեր 27,2024 10:46

Այս տարվա սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի կարճատեւ, բայց փառահեղ անկախության ողբերգական ավարտի տխուր տարելիցը: Այս հոդվածի նպատակն է լուրջ եւ մանրամասն ծրագրված մարտավարության սերմերը հայտնաբերել, որպեսզի Արցախի վերականգնումը դրվի իրական հիմքերի վրա, օգտագործելով այն բոլոր միջոցները, որ հայկական աշխարհը կարող է հայթայթել:

Հոդվածս հորդորում է հայերին ավելի առաջ տանել իրենց ջանքերը: Ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների օրինակները հուշում են, որ սոսկ փաստական, իրավական հաստատումները հաճախ գործնականում այնքան էլ արդարության վերականգնմանը չեն նպաստում:

Արցախը ոչ երազ էր, ոչ էլ պատրանք:

Դա դժվար ձեռք բերված հաղթանակի, որոշ առումով՝ սրբազան պատերազմի արդյունքն էր, որին հայերս երկար դարեր սպասել էինք:

Արցախում 1991 թվի դեկտեմբերին տեղի ունեցած օրինական հանրաքվեից եւ ազատագրական հաղթական պատերազմից հետո, որն ավարտվեց 1994-ին հայտարարված հրադադարով, Արցախը դարձավ իրավական անկախ Հանրապետություն:

Բայց այդ ժամանակվա միջազգային հասարակությունը խուսափեց ճանաչել այդ անկախությունը: Որոշ շրջանակների համար դեռեւս անհասկանալի էր մնում նաեւ այն, որ անկախությունը չճանաչվեց նույնիսկ անկախ Հայաստանի Հանրապետության կողմից, չնայած վերջինս եղել էր Արցախի ամենանվիրյալ դաշնակիցը եւ նույնիսկ ազատագրական պատերազմի առաջնորդը:

Այժմ ակնհայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանի հաջորդական իշխանությունների կողմից տրված զգուշավոր այդ մոտեցման բոլոր պատճառաբանությունները սխալ էին եւ ապարդյուն: Դրանք «ակնկալված մարտավարական օգուտներ» չտվեցին Արցախի դատին: Ընդհակառակը, անկախությունը պաշտպանելու այդ տատանումն ու անվճռականությունը ի վերջո հանգեցրեց այսօրվա դժբախտ ճակատագրին, երբ 120 հազար արցախցիներ 24 ժամվա ընթացքում ցեղասպանական բռնի ուժով տեղահանվեցին իրենց բնօրրանից 2023 թվի սեպտեմբերի 19-ին:

Այսօր, մեկ ամբողջ տարի այդ ողբերգությունից հետո, առկախ է մնում այն հարցը, թե ի՞նչ է սպասում Արցախին եւ արցախահայությանը: Ներկա իշխանությունների անհասկանալի լռությունն ու Հայաստանում տարբեր խմբավորումների կողմից երբեմն բարձրաձայնված ընդվզումի փորձերը իրականում անորոշության եւ անկարողության նշաններ են վերջնական ու հիմնավոր պատասխան տալու այս հարցին: Ավելորդ է ասել, որ ե՛ւ լռությունը, ե՛ւ «պոպուլիստական» պոռթկումները նման կարեւոր խնդրին չեն կարող պատշաճ լուծում տալ:
Հայերս պարտավոր ենք դիմակայել խնդիրը, եւ նախ մշակել համապատասխան մարտավարություն` հաշվի առնելով խնդրի շուրջ ստեղծված բոլոր բարդ երեւույթները եւ հետո գործադրել այն առանց տատանվելու:

Ներկայիս հստակ քաղաքականության բացակայությունը երբեմն չմտածված իրադրությունների պատճառ է դառնում:

Ասում են, օրինակ, թե իշխանության որոշ պաշտոնական ներկայացուցիչներ, երբ հարկադրված են լինում պատասխանել «անհարմար» հարցերին, բացահայտորեն ասում են, թե Արցախի հարց գոյություն չունի: Այն արդեն լուծված է: «Արցախը Ադրբեջանի մաս է կազմում»: Նման արտահայտությունը վրդովեցուցիչ է: Մի քանի տարի առաջ այն մեղադրելի էր եւ համարվում էր ամենաամոթալի ու նույնիսկ դավաճանական անարգանքը: Դժվարանում եմ հավատալ, որ նման արտահայտություններ բարձրաձայնողները խորապես հավատում են, թե ինչ են ասում: Դա վստահորեն անընդունելի պոռթկում է, որի հիմքում ընկած է քաղաքական նպատակահարմարությունը: Նման չմտածված արտահայտություններ անողներն անկասկած մի քանի տասնամյակ առաջ այն մարդկանց շարքերում էին, որոնք 1988-ին բռունցքները բարձրացրած «Արցախը մերն է» գոչում էին:

Մյուս կողմից, պետք է նշել, որ նման անարգական արտահայտությունների դեմ ընդվզողները, մինչ օրս վրդովմունքից բացի ոչ մի իրագործելի այլընտրանքային քայլ կամ տարբերակ չեն ներկայացրել: Եկեք արդար լինենք, ասելով, որ վրդովմունք արտահայտելը ո՛չ մարտավարություն է, ո՛չ էլ կարգավորում առաջնորդող որեւէ քայլ: Հավատացած եմ, որ ե՛ւ ներկա իշխանությունները, ե՛ւ աղմկարարար ընդդիմությունը գիտակցում են, որ Արցախի վերաբերյալ ամենատարբեր, երբեմն իրարից անկախ պատճառներով արտահայտված հռետորաբանությունները սոսկ վրդովմունքի արտահայտություններ են: Դրա փոխարեն, սակայն, մենք պետք է իրատեսական, դեպի առաջ գնացող ծրագիր մշակենք: Բայց դրանից առաջ մենք նախ պետք է դիմակայենք մի շարք դառը իրականություններ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ անհաղթահարելի դժվարություններ, սակայն միեւնույն է, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց, որպեսզի Արցախի վերադարձի հարցը դնենք ճիշտ ուղու վրա: Գերագույն նպատակը պետք է լինի Արցախի վերակենդանացումը եւ բնակեցումը իր օրինական տերերով, ինչպես եղել է բազում դարեր շարունակ եւ վերստին հառնել երեք տասնամյակ առաջ` 1994-ին:

Արշավիր ԳՅՈՆՋՅԱՆ

Կանադայի պետական Օրդերի շքանշանակիր անդամ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30