Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ իրանցի փորձագետի՝ «Զանգեզուրի միջանցքը» չափազանց կարեւոր նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար՝ պանթուրանիզմի գաղափարախոսությամբ պայմանավորված. «Ազգ»

Սեպտեմբեր 27,2024 10:27

Անվտանգության հարցերով իրանցի փորձագետ Խոդայար Սաիդ-Վազիրիի ուշադրությունից նույնպես չի վրիպել «Զանգեզուրյան» միջանցքի թեման: Սակայն մինչեւ «Գորշ գայլերը հետամուտ են զանգեզուրյան միջանցքին» խորագրի ներքո այդ թեմային անդրադառնալը, որը հրապարակվել է Iranian diplomacy կայքում, փորձագետը հարկ է համարել նախ քննության առնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական ու անվտանգային ասպեկտները:

Իրանցի փորձագետը նշում է, որ Թուրքիայում առկա են երկու խոշոր մաֆիոզ խմբավորումներ՝ «հարավային» մաֆիան, որը P.K.K-ի հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող քրդական խմբավորում է եւ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է երկրի կառավարող շրջանակների հետ: Մյուսը «Հյուսիսային» կամ «Տրապիզոնի» մաֆիան է, որի ներկայացուցիչները ցեղապաշտական հակումներով ծայրահեղ ազգայնական թուրքեր են եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունեն:

Ըստ վերլուծաբանի, վերջինս պանթուրանիզմի գաղափարախոսության ջատագով թուրքական նեոֆաշիստական խմբավորում է, որը ֆինանսավորում է «Գորշ գայլերին»՝ մաքսանենգ ճանապարհներով զենք ու թմրանյութ տեղափոխելու եւ թրաֆիքինգով զբաղվելու համար:

Ըստ հոդվածագրի, ելնելով պանթուրանիզմի գաղափարախոսությունից՝ Թուրքիայի ներկայիս կառավարիչները հավատացած են, որ Թուրքիայից մինչեւ Կասպից ծովի արեւելյան հատվածն ու «Արեւելյան Թուրքիստան» կոչված տարածքներում պետք է ստեղծվի թյուրքական կայսրություն, եւ այս գաղափարը պատճառ է դարձել, որ «Զանգեզուրի» միջանցքը չափազանց կարեւոր նշանակություն ունենա Անկարայի ու նրա մերձավորագույն դաշնակից Բաքվի համար:

Հստակ է, որ Իրանի ու Հայաստանի սահմանին գտնվող «զանգեզուրյան» միջանցքը Թուրքիային հնարավորություն կտա Նախիջեւանի միջոցով միանալ Կասպից ծովին, այնտեղից էլ ճանապարհ հարթել դեպի արեւելք՝ Թուրքմենստան, Ուզբեկստան եւ այլուր:

Հեղինակը նաեւ ահազանգում է, որ Չինաստանից դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող ցամաքային տարանցիկ ճանապարհին փոխարինելու ներուժ ունեցող «զանգեզուրյան» առանցքը գործելու է ի վնաս Իրանի տնտեսական շահերի: Սաիդ-Վազիրին նաեւ հիշեցնում է, որ հայ-իրանական սահմանը վերանալու դեպքում, Եվրոպայի հետ հաղորդակցվելու համար, Իրանը կարողանալու է օգտագործել միայն Թուրքիայի ճանապարհը եւ խախտվելու է տարածաշրջանում շահերի հավասարակշռությունը, որը հանգեցնելու է անվտանգային ու քաղաքական բացասական հետեւանքների:

Ըստ հեղինակի, «զանգեզուրյան» միջանցքի գործարկումը մի կողմից կնպաստի Նախիջեւանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը, մյուս կողմից բացասաբար կանդրադառնա Իրանի Արեւելյան ու Ատրպատական նահանգների, ինչպես նաեւ Արդեբիլ նահանգի տնտեսության վրա: Իսկ տնտեսական հավասարակշռության խախտումը պանթուրքիստական քարոզչության տեսակետից լուրջ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության շահերին:

Ըստ փորձագետի, ներկայում Թուրքիան ավելի ավտորիտար ու ռազմատենչ համակարգ ստեղծելու ուղղությամբ է շարժվում: Սաիդ-Վազիրին նաեւ նշում է, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը (MET), որն ստեղծման պահից մինչեւ 2016 թվականը, PKK-ի հետ առնչվելուց բացի, որեւէ նկատելի առաջընթաց չէր գրանցել, ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ MET-ի ղեկավար նշանակվելուց հետո միայն վերածվեց խոշոր անվտանգության կազմակերպության, որի խոսքը վճռական նշանակություն ունի Թուրքիայի համար: Թուրքական անվտանգության կառույցի այս հզոր ղեկավարին, ինչպես նշված է Սաիդ-Վազիրիի հրապարակած հոդվածում, KGB-ում համեմատում են Պուտինի հետ: Ըստ հեղինակի, Հաքանին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առավել քան երբեւէ վերածվել է անվտանգային համակարգի: Հոդվածագիրը չի բացառում, որ ապագայում Հաքան Ֆիդանը փոխարինելու է նախագահ Էրդողանին:

Սաիդ-Վազիրիի համոզմամբ, կովկասյան տարածաշրջանում վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանն ընդլայնում են ռազմական ու անվտանգային կապերն իրենց դաշնակիցների հետ: Իսկ Կովկասում զենքի կուտակումներն այնքան մեծ ծավալների են հասել եւ ռազմական գործողությունների ակտիվացումն այնքան ակնառու է, որ վերլուծաբանը մոտ ապագայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լայնածավալ պատերազմի հավանականությունը չի բացառում: Նա ենթադրում է, որ այս հակամարտության մեջ բախվելու են ո՛չ միայն հարեւան երկրների, այլ նաեւ արտատարածաշրջանային խաղացողների շահերը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30