Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը. արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում

Սեպտեմբեր 27,2024 10:10

Երևան, 27 սեպտեմբերի: Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները:

«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»:

Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:

«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։

Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը և խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ արցախահայության նկատմամբ դաժան վերաբերմունքի և միջազգային իրավունքի խախտումների համար։

COP29-ը հյուրընկալելու հետ կապված՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցերը գտնվում են միջազգային ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին անցկացվելիք համաժողովից առաջ Ադրբեջանը կոչ է արել «համաշխարհային զինադադար» հաստատել և դադարեցնել ընթացիկ բոլոր հակամարտությունները, ինչը քննադատվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ազատազրկված անձանց աճող թիվը և մարդու իրավունքների հարցերով միջազգային իրավունքի շարունակական խախտումները:

Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Freedom House-ը, պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ էին, և էթնիկ հայերը «դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են հիմնարար իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ենթարկվել են բռնի տեղահանման»։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս, ի թիվս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն» ոճրագործությանը:

2017 թվականից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն զիջում է իր դիրքերը Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում՝ ներկայում 100 միավորից ունենալով ընդամենը 7-ը։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսում էլ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը 180 երկրների մեջ Ադրբեջանին հատկացրել է 154-րդ տեղը՝ հաշվի առնելով համատարած կոռուպցիայի մակարդակը, մրցակից քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումներն ու քաղաքացիական ակտիվության սահմանափակումները:

Free Armenian Prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30