Այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրն է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր վաղ առավոտից Եռաբլուրում են:
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ այսօր հարցազրույց նախատեսված չէ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ այս օրով հարցազրույց չի տալու:
Եռաբլուրում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված՝ ոստիկանական տարբեր ստորաբաժանումներից:
Կարդացեք նաև
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ չկարողացավ իր էմոցիաները պահել ու ՔՊ-ականների ուղղությամբ վանկարկեց մարդասպան, ցեղասպան. «Իրենք լսեցին, զզվանք արտահայտող դեմքերով ինձ նայեցին:
Վանկարկում էի՝ ցեղասպան, մարդասպան: Ի՞նչ բարոյականություն ունեն գան զոհված երեխեքի շիրիմներին կապիկություն անեն:
Մեկը իրենց հարցնի՝ ո՞ր հայրենիքի համար են էս երեխեքը զոհվել, որպես ի՞նչ եք եկել: Էս մարդիկ Եռաբլուրը սարքել են քաղաք, սառը հաշվարկով շարունակում են հայրենիքը հանձնել, Եռաբլուրը մեծացնել:
Էս մարդիկ շոուների թագավոր են, էստեղ մեր երեխեքն են հանգչում, որոնք հանուն հայրենիքի զոհվել են: Իրենք եկել են լայնաբերան ժպիտներով, սպիտակ կոստյումներով իբր հարգանքի տուրք մատուցելու:
Երկու տարբեր իրականություններ են, Արցախի ցեղասպանված ժողովրդի ղեկավարությունը կանգնած եւ այստեղով անցնում են այդ ցեղասպանությունը իրականացնելու գործում համագործակցած մարդասպանները»:
Լրագրողի դիտարկմանը, թե բայց նրանք չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, Մետաքսե Հակոբյանն այսպես արձագանքեց. «Հա բայց իրենք երկու տարի առաջ հացկերություններ էին անում ու հավատարմության երդումներ տալիս, այդ Արցախի ղեկավարության շնորհիվ է, որ 2021-ին վերընտրվեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ