Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետվությունները էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու հարցը ՍԴ-ն չի քննի

Սեպտեմբեր 27,2024 13:00

«ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչներ՝ փաստաբան Խ. Մաթեւոսյան, Վ. Պետրոսյան) դիմել էր Սահմանադրական դատարան սեպտեմբերի 13-ին՝ խնդրելով որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ «Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից» դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին համապատասխանությունը այնքանով, որքանով վիճարկվող դրույթով սահմանվող հարկային հսկողության արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից հասցեատիրոջը հանձնված համարելն առանց վերջինիս կողմից այդ ակտը փաստացի ստանալու մասին հավաստման ոտնահարում է հարկ վճարողների՝ արդարադատության մատչելիության, դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները՝ հանգեցնելով նշված իրավունքների իրացման համար անհրաժեշտ եւ արդյունավետ կազմակերպական կառուցակարգերի եւ ընթացակարգերի սահմանման պահանջների խախտմանը»:

Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին հասցեագրված վարչական ակտը հանձնված համարելը՝ առանց հարկ վճարողի կողմից այդ փաստաթուղթը ստանալու վերաբերյալ հավաստման, չի կարող դիտարկվել որպես վարչական ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցում: Դիմողը նշում է, որ դատարանի մատչելիության իրավունքի տրամաբանությունից բխում է, որ անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող վարչական ակտը վիճարկելու հստակ եւ իրական հնարավորություն ունենա, իսկ համապատասխան ակտի մասին իրազեկված չլինելու պայմաններում գործնականում անհնարին է այդ ակտի վիճարկումը։

Դիմողը պնդում է, որ «(…) հարկային հսկողության արդյունքում ընդունված վարչական ակտի՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը համարելը այդ ակտը հարկ վճարողին հանձնված չի կարող դիտվել որպես արդարադատության մատչելիության, դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքների իրացման արդյունավետ միջոց, առանց այդ ակտի ստացման մասին հավաստման »:

ՍԴ դատակական կազմը մերժեց այն, պատճառաբանելով, որ դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված որեւէ հիմնական իրավունքի խախտման, հետեւաբար, համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի միջեւ պատճառահետեւանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30