Հոկտեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավորներ Արտուշ Գաբրիելյանին եւ Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման եզրափակիչ մասերը: Նրանց երկուսի վերաբերյալ վարույթների քննությունը սեպտեմբերի 17-ին էր նշանակվել:
Արտուշ Գաբրիելյանի հարցով ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդության համար հիմք էր հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը:
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում, Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը խոսեց իր գործի մասին, ներկայացրեց դիտարկումները, որոնք առնչվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովի ձերբակալությանը, կալանավորմանը, բնականաբար, չհամաձայնվելով իրեն «առաջադրված մեղադրանքին»:
Ըստ նախարարի միջնորդության հիմնավորումների՝ դատական նիստը դատավորի կողմից նշանակվել է 2024 թվականի հունիսի 24-ին, ժամը 10:00-ին՝ դատախազի կողմից միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո ավելի քանի 44 ժամ անց, ինչի արդյունքում 72 ժամվա ընթացքում Օլեգ Նեֆեդովի նկատմամբ դատարանի կողմից ժամանակավոր կալանավորման մասին որոշում չի կայացվել եւ նա ազատ է արձակվել, հեռացել դատարանից, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Կարդացեք նաև
Դատավորը պատճառաբանել էր պատճառը. դատախազի կողմից չի ներկայացվել «Ինտերպոլի» համապատասխան քարտի թարգմանությունը ձերբակալված անձին հասկանալի լեզվով:
Դատախազությունն իհարկե սեպտեմբերի 20-ին արձագանքել է դատավորի կարգապահական վարույթի շրջանակներում ասվածին (լրացուցիչ ճնշում բանեցնելով այս փուլում –Ռ.Մ.) այսպես. «Գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ ինչպես կիրառելի միջազգային պայմանագրերով, այնպես էլ կիրառման ենթակա՝ 1998 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի 478.4 հոդվածով սահմանված չէ հետաքննության մարմնի, առավել եւս՝ դատախազի պարտականությունը՝ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը կամ դրան կից ներկայացված նյութերը (սույն դեպքում՝ Ինտերպոլի քարտը) թարգմանված տարբերակով անձին տրամադրելու պարտականություն»: Իսկ դատական քննության ժամանակ դատախազի կողմից ապահովել էին թարգմանով:
Այս գործի քննության ընթացքում պարզվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազի կողմից դատարան է ներկայացվել 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, այսինքն՝ անձի ձերբակալումից մոտ 26 ժամ հետո:
Դեռեւս երկու տարի առաջ, ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, նրան հայտարարվել էր նախազգուշացում:
Վահե Միսակյանի պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գեւորգյանը, հիմնավորելով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նշել էր. «Դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի խախտումներ։ Թիվ ԵԴ03360121 քրեական գործը (Վազգեն Մանուկյանի գործը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն էին։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը».-խմբ.) դատավորը քննել է ավելի քան երեք տարի, եւ գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել է։ Անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու ուղղությամբ նիստերի կայացման համար՝ մեր դիտարկմամբ՝ կանխամտածված խոչընդոտող գործողություններ է ստեղծել»։
Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել էր Վ. Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն:
Ըստ դատավորի ներկայացուցիչ Արա Ղազարյանի՝ «Լիազոր մարմնի կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը հիմնավորվում է դատաքննության երկարատեւությամբ՝ առանց հաշվի առնելու օբյեկտիվ ու վերաբերելի հանգամանքներ, օրինակ` դատավորի ծանրաբեռնվածությունը, անձնական եւ մասնագիտական բարեվարքությունը, որոշման հնարավոր ազդեցությունը հանրային ու մասնագիտական հեղինակության վրա, վիճահարույց գործի՝ օրենքով սահմանված կարգով լուծված լինելու հանգամանքը, դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունքի խախտման մասին բողոքի բացակայությունը դատավարության մասնակիցների կողմից եւ ընթացիկ դատական գործի պայմաններում կարգապահական վարույթ հարուցելու իրավաչափությունը։ Արդյունքում կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու անհամաչափ որոշում, որը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը»։
ԲԴԽ-ն 2024 թվականի հունվարի 20-ից մինչեւ օգոստոսի 26-ը ընկած ժամանակահատվածում 9 որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2024