Եթե անգամ Անկարան ու Բաքուն աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցերում լրջագույն խնդիրներ ունեն` նրանք միասնական են Հայաստան պետությունը թուլացնելու իրենց նպատակում
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – սա մեջբերում է ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի շնորհավորական ուղերձից, որը նա հղել է Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին:
Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաեւ միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», – ընդգծել է փոխնախագահը: Նա նշել է նաեւ, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ փոխնախագահի ուղերձից 2 օր առաջ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին էր Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես եկել հատուկ հայտարարությամբ, որում ուշագրավ շեշտադրումներ էր արել: Նա նախ Ադրբեջանի սանզազերծած գործողություններին անդրադառնալիս մանրամասն նկարագրել էր Արցախում տեղի ունեցածը. «Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետեւանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100 000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը», ասվում է Ջոլիի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Նա շեշտել էր, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաեւ կողմերի միջեւ երկխոսության եւ վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը. «Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020թ. Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին»։
Միեւնույն ժամանակ Կանադայի արտգործնախարարն արձանագրել էր, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղության հասնելու բանակցություններում. «Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Հարց է ծագում` Հայաստանի իշխանություններն, առհասարակ, նկատո՞ւմ են գործընկեր պետությունների ուղերձներում արցախցիների իրավունքների, «տարածքային ամբողջականության», «ինքնորոշման իրավունքի» սկզբունքների հարգման արձանագրումները, որոնք, թվում էր, թե պետք է պաշտոնական Երեւանի համար լրացուցիչ խթան լինեն, որպեսզի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններում քաղաքական գիծ ու դիրքորոշումներ ձեւավորվեր:
Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երեւանի գիծը` միջազգային հանրության այսօրինակ ուղերձներն ու կոչերը չնկատելն է:
Փոխարենը իշխանական գործիչները, իշխանամերձ գործիչներն ավելի մեծ եռանդով փորձում են մեր հանրությանը համոզել, թե օրինակ, հնարավոր կլինի Թուրքիայի հետ փոխհարաբերություններում ինչ-որ ճեղքում արձանագրել` Ալիեւի հետ նշանակալի պայմանավորվածությունների չհասնելու պարագայում:
Նույնիսկ հնչում են մեկնաբանություններ, թե Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ լուրջ խնդիրներ կան, եւ ենթատեքստերով ակնարկում են, թե Հայաստանը պետք է ձգտի այդ խնդիրների առկայության պայմաններում ինչ-որ հաջողությունների հասնել:
Եթե անգամ Անկարան ու Բաքուն աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցերում լրջագույն խնդիրներ ունեն` նրանք միասնական են Հայաստան պետությունը թուլացնելու իրենց նպատակում: Հակառակ դեպքում Ալիեւի «ԼՂ-ի խնդիրը լուծված է եւ վերջակետ» արձանագրումը պետք է որ ազդակ լիներ Էրդողանի համար, եւ Հայաստանի շրջափակումը պետք է վերացված լիներ, իսկ Հայաստանի հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատած լիներ:
Սակայն մենք ի՞նչ ենք տեսնում… Վերջին 2 տարիներին Հայաստան-Թուրքիա բանակցությունների օրակարգային հարցերի վերաբերյալ անգամ որեւէ արդյունք չի գրանցվել: Օրինակ` Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար` «ամենասեղմ ժամկետներում»: Եվ ինչո՞ւ այս հարցում առաջընթաց չկա մինչ օրերս:
Փոխարենը մեծ ոգեւորություն է առաջացրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հանդիպումը:
Սակայն Փաշինյանն ու Էրդողանը հերթական անգամ «մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին», «առկա պայմանավորվածություններին», «ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը»:
Բացի այդ, Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղության հաստատմանը: Ավելին` Թուրքիայի նախագահը նշել է, թե իբր` «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել եւ իր անկեղծ աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացի շարունակմանը»։
Հետաքրքիր է, «առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ» ո՞ր հարցում է «զգալի առաջընթաց» գրանցվել:
Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպման մասնակից` Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, օրինակ, ընդամենը 10 օր առաջ հայտարարեց, որ` «Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը»:
Սա՞ է «առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 26.09.2024