Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դռներ կբացի ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության համար և դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Էրդողանը հույս է հայտնել, որ աստիճանաբար կկարգավորվեն զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու պետությունների միջև դժվարությունները հաղթահարելով՝ հնարավոր կլինի առաջ շարժվել։
«Երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Ադրբեջանը ներկայումս զբաղված է այս ակնկալիքով և ջանքերով, և մենք նույնը տեսել ենք Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը, որը կառաջանա, կբխի բոլորի շահերից: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար», – նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա: