Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս

Սեպտեմբեր 26,2024 23:23

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ: Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։

Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ «Հասարակական խորհրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների», «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի» և «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ։

📍 ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է  անդամներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Նախարարը ներկայացրել է խորհուրդը ստեղծելու հիմնական նպատակը, խոսել անդամների լիազորությունների և դերի մասին։

«Հասարակական  խորհրդի կազմում ընդգրկված են ակտիվ մարդիկ, ովքեր մշտապես կապի մեջ են համայնքապետերի, մարզպետների, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների ղեկավարների հետ։ Շփվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և իրենց խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրում։ Խորհրդի անդամներն 2 հիմնական դերակատարում ունեն՝ տեղում առկա խնդիրները հավաքագրել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների հետ փորձել լուծումներ գտնել այդ խնդիրներին: Արդեն  լուծումների մասին տեղում դուք իրազեկեք, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն,  տեղահանված անձանց շրջանում բարձրանա պետական ծրագրերի մասին իրազեկվածությունը»,- իր խոսքում մասնավորապես ընդգծել է նախարար Սանոսյանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝  ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայում տևում է միջինում երկու ամիս։

«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիություն ստանալու համար, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ–ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,– նշել է Արմեն Ղազարյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը զեկուցել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին, նշել, որ ծրագիր իրականացվում է երեք բաղադրիչով և առաջին փուլի շահառուներն են  3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

«Երկրորդ բաղադրիչով իրականացվում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, իսկ երրորդով՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրում»,- իր խոսքում ասել է Գայանե Ղարագյոզյանը։

Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։

Ծավալվել է հարցուպատասխան։ Հնչել են հարցեր՝ Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության  վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30