Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի բռնության մասին պատմող տեսագրության հեղինակը բռնության ենթարկված աշակերտի հարեւանուհին է՝ Աիդա Կարապետյանը: Նա վստահեցնում է՝ սա դպրոցում աշակերտների նկատմամբ բռնության առաջին դեպքը չէ: Ըստ նրա՝ նախկինում էլ են նման դեպքեր եղել, ինչի պատճառով որոշ աշակերտներ դպրոցն են փոխել:
Բռնության ենթարկված Վ. Պ-ն Աիդա Կարապետյանի դստեր համադասարանցին է, նրանց հետ նույն դասարանում է սովորում նաեւ Վ. Պ-ի քույրը: Վերջինս եւ Աիդա Կարապետյանի դուստրը ականատես են եղել բռնության դեպքին եւ հաստատել Վ. Պ-ի պատմածները: Աիդա Կարապետյանը, երբ տեղեկացել է կատարվածի մասին, միանգամից որոշել է հրապարակել, որպեսզի բռնարարները գոնե այս անգամ պատասխանատվություն կրեն. «Հարցրի՝ բա Վալեր ջան, մամադ, պապադ գիտե՞ն: Ասաց՝ չէ, հանկարծ չասեք, պապայիցս վախենում եմ: Իր քույրիկն էլ մեր տանը նստած ասաց՝ նման բան եղել է, ասաց, որ վախեցել է, ու իրոք երեխեքի մեջ վախ կար»:
Ուսուցչուհին, որը աշակերտին հարվածել է, ըստ Աիդա Կարապետյանի, 70 ամյա կին է, բայց, չգիտես ինչու, դեռ չի ազատվում աշխատանքից:
Թե ինչու Վ.Պ-ի ծնողները չեն բողոքում կատարվածից, Աիդա Կարապետյանն այսպես արձագանքեց. «Այսինքն՝ ես ավելի շա՞տ եմ մտահոգվել դեպքով, ինչ կարող եմ ասել»: Հիշեցնենք, որ բռնության ենթարկված աշակերտի մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ որեւէ մեկի դեմ բողոք չունի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 195 հոդվածով (ֆիզիկական ներգործություն):
Հիշեցնենք նաեւ, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Վալերի անունով մի տղա պատմում է, որ ուսուցչուհին դասը չսովորելու համար իրեն ուժեղ ապտակել է՝ մատների հետքը թողնելով իր այտին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ