«Ավանդական աղբյուրները, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ավելի քիչ են օգտագործվում նորությունների սպառման համար, մինչդեռ սոցիալական ցանցերի և համացանցային աղբյուրների օգտագործումը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում»,- «Խոսքի ազատությունն ու մեդիայի սպառումը Հայաստանում» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց «Պրիզմա» հետազոտական ընկերություն հետազոտող Շուշան Ղահրիյանը։
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Պրիզմա հետազոտական ընկերության կողմից՝ 2024-ի հուլիսին։ Նպատակն է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում մարդիկ գտնում, տարածում, արժևորում տեղեկությունն ու վստահում դրան, ուսումնասիրել տեղեկատվության առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև վեր հանել խոսքի ազատությանն առնչվող սպառնալիքներն ու սահմանափակումները քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների տեսանկյունից։ Կատարվել են համապետական ներկայացուցչական հարցումներ տնայցերի միջովով ՀՀ 18+ բնակչության շրջանում, իրականացվել են 8 ֆոկուս խմբային քննարկումներ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ սոցիալական և քաղաքական լուրեր ստանալու աղբյուրներից առաջատարը շարունակում են մնալ սոցիալական ցանցերը, 2-րդ հորիզոնականում հեռուստատեսությունն է, հետո ընկերները, ընտանիքի անդամները, լրատվական կայքերը, ռադիոն և տպագիր մամուլը։
Ըստ հարցման արդյունքների՝ հեռուստաընկերությունների թոփ հնգյակում են «Արմենիա», «Շանթ», «Առաջին ալիք»-ը, ռուսական ալիքները և «Կենտրոնը»։ Իսկ այն հարցին, թե ո՞ր հեռուստաալիքներին եք ամենաշատը վստահում, ըստ պատասխանների՝ առաջին հնգյակում են «Արմենիան», «Առաջին ալիքը», «Շանթը», «5-րդ ալիքը» և «Կենտրոնը»։
Ո՞ր ռադիոալիքներն եք լսում շաբաթական առնվազն մեկ անգամ․ ըստ այս հարցի պատասխանների թոփ հնգյակում են «Ռադիո Ավրորա»-ն, Հայաստանի հանրային ռադիոն, Ռադիո Ջանը, FM105.5-ը, Ռադիո հայը։
Լրատվական կայքերի թոփ հնգյակում են Azatutyun.am-ը, 1in.am-ը, news.am-ը, Lurer.com-ը և 168.am-ը։ Իսկ թե նորությունները ստանալու համար ամենաշատը ո՞ր լրատվական կայքերին են վստահում, հարցվածների տված պատասխաններով կայքերի առաջին հնգյակում են Azatutyun.am-ը, 1in.am-ը, news.am-ը, Lurer.com-ը և Aravot.am-ը։
Հարցման արդյունքներով հարցվածների 74%-ը լրատվական կայքերից օգտվում է սոցցանցերի միջոցով, իսկ 26 %-ը՝ անմիջապես լրատվական կայքից։
Առավել շատ օգտագործվող սոցիալական ցանցերն ու մեսենջերներն են YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը և Odnoklassniki-ն։
Անդրադառնալով մեդիայի հանդեպ վստահության ցուցանիշին՝ Շուշան Ղահրիյանը պարզաբանեց․ «Ըստ հետազոտության արդյունքների՝ հայկական լրատվամիջոցների լուրերը վստահելի համարողների տոկոսը փոքր-ինչ աճել է, սակայն 45%-ը դեռևս չի վստահում։ Այն հարցվածները, որոնք ասել են, որ չեն վստահում ԶԼՄ-ների կողմից ներկայացվող լուրերին, նրանց 66 տոկոսը նշել է, որ սոցիալ-քաղաքական լուրեր ստանում է սոցցանցերից, մինչդեռ ԶԼՄ-ների լուրերին վստահողների 59 տոկոսն է ասել, որ լուրեր ստանում է սոցցանցերից։ Հարցվածների կեսից ավելին, որոնք չեն վստահում հայկական մեդիայի կողմից տրամադրված լուրերին, այդ լուրերը ստանում են սոցիալական ցանցերից»։
Հարցին՝ ընդհանուր առմամբ հայկական լրատվամիջոցների լուրերն անկողմնակալ ու օբյեկտի՞վ են, 2023-ին հարցվածների 44 տոկոսն էր համարում դրանք օբյեկտիվ, 2024-ին՝ 41 տոկոսը։ Այսինքն՝ 2023-ի համեմատ փոքր-ինչ նվազել է հայկական լրատվամիջոցների լուրերն անկողմնակալ և օբյեկտիվ համարողների տոկոսը։
Շուշան Ղահրիյանը վստահեցրեց՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ դանդաղ, բայց կայուն աճում է այն մարդկանց տոկոսը, որոնք պատրաստ են վճարել հավաստի տեղեկության համար։
Մեդիաօգտագործողների կարիքների հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենաշատը կարևորում են հետևյալ թեմաները՝ կրթություն, առողջապահություն ու բարեկեցություն, անվտանգություն։ Սակայն հարցվածների 50 տոկոսն է պատասխանել «ավելի շուտ գոհ եմ» այն հարցին, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում իր համար կարևոր թեմաները։ Շուշան Ղահրիյանն ասաց․ «Չնայած լուսաբանման որակից գոհունակություն հայտնողների նկատելի աճին, միևնույն է, հարցվածների մեկ երրորդը շարունակում է դժգոհ մնալ։ Քաղաքականության նկատմամբ համեմատաբար ցածր հետաքրքրությունը հուշում է, որ մարդիկ հոգնել են այդ թեմայից։ Մարդիկ հոգնել են բացասական լուրերից և նախընտրում են դրական բովանդակություն, սակայն փնտրում են ոչ թե պարզապես զվարճացնող, այլև մոտիվացնող ու տեղեկացնող բովանդակություն։ Մարդիկ նախընտրում են կարդալ լուրերը, քան դիտել դրանք, նրանք ավելի հեշտ են կենտրոնանում տեքստի վրա, և կարդալը ժամանակ է խնայում»։
Խոսքի ազատության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ հետազոտության արդյունքում ստացվել է այսպիսի պատկեր․ «Հայաստանում խոսքի ազատության ընկալման մակարդակը մնում է բարձր՝ առանց նկատելի փոփոխության 2023-ի համեմատ։ 2023-2024-ի ընթացքում զգալիորեն նվազել է հարցվածների տոկոսը, որ կարծում է՝ կարող է ազատորեն մասնակցել խաղաղ ցույցերի կամ հաճախել կազմակերպված քաղաքական միջոցառումների։ Ատելության խոսքը շարունակում է լուրջ խնդիր համարվել երկրում»։
Ըստ հարցման արդյունքների՝ այս տարի ավելի շատ մարդիկ են կարծում, որ իրենց խոսքի ազատությունը սահմանափակվում է, քան նախորդ տարի։ Օրինակ՝ 2023-ին հարցվածների 56 տոկոսը և 2024-ին 50 տոկոսն է կարծում, որ համացանցում կարող է ազատորեն տարածել իր տեսակետը (նույնիսկ, եթե այն մեծամասնության հետ չի համընկնում)։ 2023-ին հարցվածների 48 և 2024-ին 42 տոկոսն է կարծում, որ համացանցում կարող է ազատորեն քննադատել կառավարությանը և իշխանություններին։ 2023-ին հարցվածների 42 և 2024-ին 40 տոկոսն է կարծում, որ իր կարծիքը կարող է ազատորեն արտահայտել առցանց, քան համացանցից դուրս։ Հարցվածների 77 տոկոսը կարծում է, որ Հայաստանում լրագրողները որոշակի թեմաներ լուսաբանելիս կարող են բախվել սպառնալիքների։ Հարցվածների միայն 50 տոկոսն է կարծում, որ իշխանությունները կամ համապատասխան կառույցները բավարար կերպով պաշտպանում են լրատվամիջոցների խոսքի ազատությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ