2023 թվականի հունիսի 3-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերը։
Տեղեկությունը հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առնչությամբ առաջընթաց է արձանագրվել։
Հիշեցնենք, այդ օրը, Մոսկվայում, կայացել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը։
«Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,– ասված է ՀՀ կառավարության այդ առիթով տարածված պաշտոնական հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2023-ի մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։ Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին որոշ մանրամասներ են հայտնի դարձել սույն արձանագրության վերաբերյալ։
Aravot.am-ի հետ զրույցում, Արամ Սարգսյանն ասաց, որ ըստ էության, խոսքը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը, ադրբեջանական պատկերացմամբ, գտնվում է, այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի ներկայիս տարածքում․ «Միջանցքը հետեւյալ բաղադրիչներն ունի․ երկաթգիծ, որը սովետական տարիներին Արաքսի ափով գնում էր մինչեւ Բաքու, այնտեղից ՌԴ, Ջուլֆայով գնում էր դեպի Թեհրան։ Սա ուզում են վերականգնել, բայց ԻԻՀ-ն այս հարցում ռազմավարական որոշում ունի․ իրենք հեռանկարը շատ լավ տեսնում են եւ պատկերացնում են հետեւանքները։ Բայց, նաեւ պարզվում է, որ երկաթգծին զուգահեռ՝ դրա կողքով ավտոճանապարհ է անցնելու, որը կապելու է Նախիջեւանը՝Ադրբեջանի հետ։ Զուգահեռ լինելու է նաեւ գազամուղ, որով Ադրբեջանը Նախիջեւանին գազ պետք է մատակարարի։ Կառուցվելու է նաեւ էներգետիկ համակարգ․ տեղադրվելու են բարձրավոլտ սյուներ, որոնց միջոցով իրականացվելու է էլեկտրականության մատակարարում։ Բայց, ուզում եմ հստակ հասկանանք՝ Նախիջեւանի բնակչությունը մեծ չէ, այս տարիների ընթացքում էլ պակասել է, ուստի, այդ տարածքը ավելի շատ ռազմական պոլիգոն է լինելու, քան բնակավայր։ Ուստի, այս պարագայում, խոսքը նրա մասին է, որ Նախիջեւանն ապահովվելու է իբրեւ ռազմական միավոր, որը, իմ համոզմամբ, Հայաստանի դեմ է լինելու»։
Բացի սրանից, ըստ մեր զրուցակցի, նաեւ մալուխային կապով է կոմունիկացիա ապահովվելու Նախիջեւանի համար, որը նույնպես անցնելու է այդ, այսպես կոչված միջանցքով։
Ի՞նչ է ստանում Հայաստանը այս ամենից։
«Զրո, ոչինչ չի ստանում, որովհետեւ դա դառնում է էքստերիտորյալ տարածք՝ այն պատճառով, որ այնտեղ լինելու են ինֆրաստրուկտուրային օբյեկտներ։ Պատկերացրեք․ գազամուղը որպեսզի սպասարկվի, ուրեմն, այնտեղ պետք է լինեն համապատասխան կայաններ, տարբեր ծառայություններ ու պարզ է չէ՞, որ դրանց սպասարկումը Ադրբեջանն է ցանկանալու կազմակերպել, քանի որ իր սեփականությունն է։ Նույնը՝ էներգետիկ եւ մյուս համակարգերի մասով։ Մեկ-երկու «վթար» եւ կհայտարարվի, որ Հայաստանը չի կարողանում ապահովել ադրբեջանական սեփականության անվտանգությունը, ապա ինքը պետք է ստանձնի դրա սպասարկումը»,- ասաց Արամ Սարգսյանը։
Մեր զրուցակիցը այլ գաղտնազերծումներ էլ է անում փաստաթղթից․ «Հայկական կողմին բլիթ են տվել, ասում են՝ դրա հետ մեկտեղ ապաշրջափակվելու է նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի երկաթգիծը ու այդ պարագայում, Հայաստանը վերջապես կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Հասկանում եք չէ՞, Վրաստանն ու Աբխազիան ե՞րբ կկարողանան իրար հետ խաղաղություն կնքել, ի՞նչ պայմաններով, կցանկանա՞ն նրանք այդ երկաթգիծն օգտագործել, թե՝ ոչ»։
Ի դեպ, աբխազական երկաթգծի թեման վերջին անգամ շոշափվեց 2017 թվականին` Հայաստանի հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի` Թիբիլիսի կատարած այցից հետո: Լրատվամիջոցները գրում էին, որ այցի շրջանակներում քննարկվել է նաև երկաթգծի հնարավոր բացման թեման, թեև և ՀՀ, և Վրաստանի կառավարությունները հերքեցին տարածված լուրերը: Իսկ 2021-ի փետրվարի կեսին Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի խոսքով՝ անհրաժեշտ է պաշտոնական Թբիլիսիի հետ խոսել Աբխազիայով անցնող երկաթգծի բացման վերաբերյալ: «Եթե խոսում ենք Կովկասում խաղաղարար նախաձեռնություններ զարգացնելու մտադրության մասին, ապա, իհարկե, պետք է բացենք հաղորդակցության ուղիները, պետք է հաղորդակցվել և առևտուր անել»,- հայտարարել է Շամբան:
Երկաթգծի բացման շուրջ խոսակցությունները վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության հնարավոր բացման մասին հայտարարելուց հետո։
Արամ Սարգսյանին վրդովվեցնում է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունը՝ ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը տրամադրելու մասին․ «Մասնավոր ընկերությունն ո՞վ է, այդ ի՞նչ հզորություններ, անվտանգային համակարգեր պետք է ունենա․․․ փող կորզելու ձեւ է։ Բացի այն, որ մեր անվտանգությունը մեծագույն հարցականի տակ է դրվում, քանի որ եթե այն անցնում է Մեղրիով ու եթե անգամ ռուսները շարունակեն վերահսկել, միեւնույն է, երկաթգծի ողջ երկայնքով Ադրբեջանն ի՞նչ է տեղափոխելու, ինչպե՞ս է տեղափոխելու, որեւէ մեկը դեռ չի էլ պատկերացնում եւ եթե պնդեն, որ դա պետք է լինի անխոչընդոտ, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում է գրված, ապա հայկական կողմը նույնիսկ իրավունք չի ունենալու վերահսկել, թե ի՞նչ են տեղափոխում»։
Արամ Սարգսյանը նաեւ նկատում է՝ եթե այս միջանցքի գաղափարն առաջ է եկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջանցքից, որը պետք է լիներ 5կմ լայնությամբ եւ ռուսական կողմի վերահսկողությամբ ապահովեր Արցախի եւ Հայաստանի կապը՝ հայերին՝ իրենց տարածքը օգտագործելու բոլոր հնարավորությունները տրամադրելով, ապա, Արցախի հայաթափումից, էթնիկ զտումների արդյունքում Բերձորի միջանցքը չկա, հետեւաբար, նաեւ, հայելային կապի մասին դրույթը չի կարող գործել։ Կամ, կարող է գործել մի պարագայում, եթե ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ եւ Բերձորի միջանցքի գործունեությունը վերականգնվի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին համապատասխան։ Իսկ հայերը, ըստ մեր զրուցակցի պետք է վերադառնան Արցախ՝ այն պայմանով, որ ադրբեջանական վերահսկողություն չպետք է լինի այնտեղ ու Հայաստանն իր դիրքորոշումը շատ հստակ պետք է ձեւակերպի, նաեւ՝ կոնցեպտը, որի հիման վրա, իրավական տեսանկյունից, հայերը կարող են վերադառնալ Արցախ ու ներկայացնի միջազգային հանրությանը։
Դիտարկմանը, որ թե հավաքական արեւմուտքը, թե ՌԴ-ն կարծես կոնսենսուս ունեն ճանապարհների ապաշրջափակման հարցում, Արամ Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ Արեւմուտքն իր քաղաքական շահերից ելնելով է գործում, իսկ ՌԴ-ն՝ իրավիճակային լուծումների է գնում ու ինքը ռուս գործընկերներին ասել է այդ մասին, որ նման քայլերը նպաստավոր չեն լինելու։ Հարցին, ըստ նրա, ռազմավարական մոտեցում է ցուցաբերում ԻԻՀ-ն, իսկ ՀՀ իշխանություններն իրենց ապաշնորհության արդյունքում հայկական շահերը զոհաբերում են իրենց իշխանությանը։
«Դաշնակից երկրի ներկայացուցիչներին շատ հստակ պետք է ասել՝ եթե ցանկանում եք իրավիճակից ինչ-որ մի շահ ունենալ, որովհետեւ ուզում եք Հյուսիս-Հարավն օգտագործել՝ Հնդկական օվկիանոս՝ Բանդերաբաս, Չաբաքար նավահանգիստներ դուրս գալու համար, դա կարելի է անել այլ ճանապարհով։ Բայց սա չպետք է գործի, քանի որ դառնալու է թյուրքական աշխարհի միավորման հիմնաքարը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվում են Իրանի առաջարկից՝ այդ ճանապարհն իր տարածքով իրականացնելու, այն պատճառով, քանի որ շատ լավ հասկանում են՝ Իրանը վերահսկողության բոլոր հնարավորություններն ունի․ «Իրենք շատ են ուզում Սիսիանով դուրս գալ Մեղրի։ Նաեւ, Թուրքիան արդեն կառուցում է Նախիջեւան-Կարս երկաթգիծը․ իրենք լուրջ եւ ռազմավարական խնդիրներ են իրենց առջեւ դրել՝ թյուրքական աշխարհի միավորման մասին»։
Արամ Սարգսյանի գնահատմամբ, գործող իշխանությանն այս վտանգների մասին բացատրելն իմաստ չունի, նրանց միայն պետք է հեռացնել, ինչը հիմնական խնդիր է մնում ընդդիմության համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ