Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթում ոչ մի բառ չի հնչել, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, սուվերեն տարածքն օկուպացված է, բանտերում հայ ռազմագերիներ են խոշտանգվում, Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը»

Սեպտեմբեր 26,2024 17:47

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՄԱԿ-ի 79-րդ վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատեց պատմական խայտառակություն։ «Նիկոլ Փաշինյանի ելույթը որպես ՀՀ վարչապետի ելույթ պատմական խայտառակություն էր։ Առաջին անգամ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործում է ոչ թե իր երկրի լրջագույն խնդիրներից խոսելու, այլ օգտագործում է իր կուսակցության էժանագին «Ապագա կա» կարգախոսը ռեկլամ անելու համար։

Չորս րոպեանոց ելույթում չի հնչել որեւէ բառ, որ Հայաստանի պետականությունը վտանգված է եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասը զավթված է ադրբեջանական օկուպանտների կողմից։

Այդ ելույթում չի նշվել որեւէ բառ Ադրբեջանի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների եւ Արցախի քաղաքական էլիտայի մասին։

Չորս րոպեանոց ելույթում որեւէ բառ չի հնչել այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։

Այդ ելույթում որեւէ կոչ չի հնչել ՄԱԿ-ին, որը նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կազմակերպում է ՄԱԿ-ի՝ կլիմայի համաժողովը։

Դուք պատկերացնո՞ւմ եք մի այլ երկրի ղեկավար, որի հայրենակիցները լինեին բերդում եւ այդ երկրում նախատեսվեր կլիմայի համաժողով կամ որեւէ այլ միջոցառում, ու նա չդիմեր ՄԱԿ-ին եւ չասեր․ «Բարձրացրեք ձեր ձայնը, մի գնացեք այդ համաժողովին, բոյկոտեք կլիմայի համաժողովը, պայման դրեք Բաքվի առաջ, չասեր՝ ես այս ամբիոնից դիմում եմ ՄԱԿ-ի առաջին դեմքերին, որոնք նստած էին դահլիճում, ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա, նոտա հղեք Ադրբեջանին, որ մինչեւ նոյեմբերի 11-ը, մինչեւ ձեր իսկ կառույցի համաժողովը Բաքվի բանտերից պիտի ազատվեն առ այս պահը խոշտանգվող հայ ռազմագերիները, պայման դրեք Բաքվի առաջ, որ կլիմայի համաժողովը չի կայանա, եթե ադրբեջանական զինուժը դուրս չգա։

Բոլորը նստած էին, ամենալավագույն պահն էր՝ դիմելու ՄԱԿ-անդամ երկրներին, որոնք մասնակցելու են Բաքվում կայանալիք համաժողովին, ասելու՝ պայման դրեք, որ կմասնակցեք կլիմայի այդ համաժողովին միայն այն դեպքում, երբ որ Ադրբեջանը իր զինուժը կհանի 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն զավթված տարածքից։

Որեւէ բառ չի հնչել։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսել է չգիտեմ ինչի մասին, Եհովայի վկաների գրքից է մեջբերումներ արել՝ խեղաթյուրելով Աստվածաշունչը։ Եվ խոսել է այն մասին, որ մենք պետք է դադարենք իրական խնդիրների մասին խոսելուց եւ մեր առջեւ պիտի լինի ապագայի տեսլականը։ Այսինքն, կատարյալ զավեշտ եւ կատարյալ ցնդաբանություն։

Ի դեպ, այդ նույն դահլիճում նստած Ադրբեջանի արտգործնախարարն իր հանդիպումներում առիթը բաց չի թողել՝ կրկին խոսելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խոչընդոտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Եվ մինչեւ Հայաստանը չփոխի սահմանադրությունը, որեւէ խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Իսկ Ադրբեջանի սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ այս Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918/19 թվականների Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, իսկ այդ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում գրված է, որ Սյունիքը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքը՝ ամբողջությամբ, Լոռու մարզը՝ մասնակի, Շիրակի մարզը՝ մասնակի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերը՝ մասնակի հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Հիմա հարց․ Նիկոլ, եթե Ալիեւը քեզ ասում է պիտի փոխես սահմանադրությունդ, որովհետեւ Հայաստանի սահմանադրության նախաբանում, «վիձիծե լի» վտանգ է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բա դու Ալիեւի մռթին մի հատ ինչի՞ չես խփում Ադրբեջանի սահմանադրությամբ։

Օրերս Ադրբեջանի միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը ասել էր․ «Մենք լուծեցինք Արցախի հարցը, հիմա ժամանակն է, որ Ադրբեջանը լուծի «պատմական արեւմտյան Ադրբեջանի» հարցը եւ Սյունիքն ու «պատմական Ադրբեջանի» հողերը ազատի հանցագործ հայերից։

Եվ անելու են, սիրելի հայրենակիցներ, քանի դուք ձեր տներում նստած ուրախանում եք Նիկոլ-Էրդողան նկարով, ասում վայ, ինչ լավ է, Էրդողանի հետ Նիկոլը լավ կլինի ու մենք թուրքական TAJ ֆիրմայի խալաթ կամ չստիկ կհագնենք»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30