Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գահակալության արարողություն Գյումրիում՝ Հռոմի պապի ներկայացուցիչների մասնակցությամբ

Սեպտեմբեր 26,2024 16:59

Այսօր Գյումրու Հայ Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ՝ Հռոմի պապի ներկայացուցիչների, միանձնուհիների, մեծ թվով հավատացյալների մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության արարողությունը։

Նա հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, որը Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ.-ին։ Իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռի` որպես Առաքելական Կառավարիչ նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։

Իտալերենով ընթերցվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոնդակը։
   

Հնչեցին Հռոմի պապի ներկայացուցիչների՝ նոր գահակալին ուղղված բարեմաղթանքները, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Եղեք կանաչ ծառի նման, որը որքան ավելի շատ է ապականություն շնչում, այնքան ավելի շատ թթվածնով է հատուցում»։

Բարեմաղթանքներում հիշատակեցին Հռոմի պապի ու Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերը, հիշեցին հետերկրաշարժյան Գյումրին։

Հայաստանում Սուրբ աթոռի նվիրատվության քարտուղարն ասաց․«Շատ հիշողություններ են պահպանվել իմ սրտում, այն ժամանակաշրջանից, երբ այստեղ էի գտնվում, բայց մեկն առանձնակի հիշարժան է․ հանդիպումը Կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք Աշոցքի հիվանդանոցում ինձ վկայեցին իրենց հավատքը, որը դիմակայել էր անաստվածության տարիների հալածանքներին այնպես, ինչպես ժայռերն են դիմակայում; Ժայռոտ հավատքը բնորոշ է հայերին, այն ժողովրդին, որը կարողացավ կարծր քարից կերտել հավատքի և հույսի նշանը՝ խաչքարը, Զատիկ ավետող ծաղկաց խաչը, որը մեզ հրավիրում է հիշողություն կերտելու, նորից սկսելու, դարձյալ հառնելու՝ ապավինելով Աստծո զորությանը։

Սրբազան քահանայապետը ձեզ կոչեց հովիվ լինելու այստեղ, որտեղ երկրաշարժից հետո կարողացան քարը քարին դնել, և ես, Հռոմից գալով՝ Պապից ձեզ վստահված հանձնառությունն ընդունելու համար, շնորհակալություն հայտնելիս՝ չեմ կարող չմեջբերել Սուրբ Պետրոսին, որը հիշեցնում է քրիստոնյաներին, որ իրենք կենդանի քարեր են։

Դուք՝ Գերապայծառ տեր, կոչված եք հոգալու, եզակի և բացառիկ կենդանի քարերի մասին, որովհետև, սիրելի եղբայրներ և քույրեր, ամեն անգամ, երբ դուք աղոթում ու երգում եք ձեր ձայնով, ինչպես 2016 թվականին այդ մասին այստեղ՝ Գյումրիում, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հնչում է անցյալի իմաստուն սրբերի ձայնը։ Ձեր խոսքում հնչում է արձագանքը նրա, ով Աստծո խոսքն ավետելու նպատակով ստեղծեց ձեր այբուբենը, ձեր երգերում միաձուլվում են ձեր պատմության ողբերն ու ուրախությունները։

Ձերդ գերազանցություն, Աստծո սիրած կենդանի քարերը վստահված են ձեր հովվի սրտին»։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդ` Արհ. Տ. Գևորգ արքեպիսկոպոս. Նորատունկյանն էլ, դիմելով հավատացյալներին, ասաց, որ 20 արի առաջ ծունկի էր եկել քահանայության շնորհ ստանալու և չէր սպասում, որ մի անգամ էլ պիտի ծունկի գա Սուրբ Հոգին, շնորհքը ընդունելու և Հայ Կաթողիկե առաջնորդ կարգվելու։

Նա ասաց, որ փոխադարձ սիրով ու փոխադարձ վստահությամբ է գահակալելու։

Անդրադարձավ նաեւ հայրենիքի վիճակին՝ ասելով, որ օրերը խաղաղ չեն, մութ ամպերն են անցնում, բայց հավաքականությամբ ու հավատքով պիտի շարունակեն ապրել ու Աստված երբեք չի ուշանա։ Նա կոչ արեց միասնական լինել ու աղոթել այն մայրերի ու ընտանիքների համար, որոնց զավակները նահատակվեցին հանուն մայր հայրենիքի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30