Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025թ.-ի վերջում կկազմի 53,5 տոկոս». հավանություն է տրվել է 2025թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին

Սեպտեմբեր 26,2024 16:37

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին:

Օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծում իրականացվել են որոշ փոփոխություններ ու լավարկումներ: Առաջին կետը վերաբերում է կապիտալ ծախսերի՝ հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխելու մեխանիզմին: Երկրորդ կետը վերաբերում է բազմամյա պարտավորությունների գծով տեղեկատվությանը: Նախագծում առանձին հավելվածով կներկայացվեն 2025 թ. պետական բյուջեում ներառված այն միջոցառումները, որոնք ունեն հստակ սահմանված ավարտի ժամկետ, հավելվածով կբացահայտվեն այդ միջոցառումների բովանդակությունը, մեկնարկի և ավարտի տարեթվեր, ընդհանուր և մնացորդային արժեքներ, ինչպես նաև 2025 թվականին նախատեսվող ծախսերի մեծություններ: «Դա հնարավորություն կտա ԱԺ բյուջետային քննարկումներում ծախսային միջոցառումները՝ ինչպես նախկինից շարունակվող, այնպես էլ նոր մեկնարկող, դիտարկել ողջ կենսացիկլի մեջ՝ հաշվի առնելով դրանց ֆիսկալ ազդեցությունը հետագա տարիների վրա»,- ասել է նախարարը:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև հիմնական ֆինանսական ցուցանիշներին: Ըստ այդմ՝ 2025 թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թ. հաստատված բյուջեի համեմատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին: Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ: Ընդ որում՝ կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար: Ըստ նախարարի՝ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6,6 տոկոսի, ծախսային քաղաքականությունը կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության լրացուցիչ նախաձեռնություններով և համակարգային բարեփոխումներով ուղղված է լինելու մարդկային կապիտալի առավել արդյունավետ զարգացմանը և իրացմանը, իսկ պետական ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ կրթական և նախակրթական հաստատություններ, ճանապարհներ, ջրամբարներ և այլն, ներդրումներ իրականացնելու միջոցով ֆիզիկական կապիտալի կուտակմանը: Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ ծախսային քաղաքականությունը միտված է լինելու նաև պաշտպանական համակարգի ամրապնդմանը՝ բարձրացնելով երկրի դիմադրողականությունը հնարավոր ռիսկերի հանդեպ: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: «2025 թվականի առկա բյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետբյուջեի պակասուրդը, որը աճում է մինչև 5,5 տոկոսի 2025 թվականին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոսի մակարդակի: Արդյունքում Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025-ի վերջում կկազմի 53,5 տոկոս»,-ասել է ֆինանսների նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախագծի շուրջ մնացած քննարկումները կլինեն Ազգային ժողովում:

Կառավարությունը նախատեսում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական և վարչարարական ծախսերը

Գործադիրը հավանություն է տվել ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված այն ֆինանսական և վարչարարական ծախսերը, որոնք առաջանում են արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների կրկնակի փորձաքննության անհրաժեշտության հետևանքով։ Նախագծով նաև առաջարկվում է, որ եթե հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարվեն` նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, Պետական եկամուտների կոմիտեն կապահովվի ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է՝ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում: «Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկվա՞ծ է, թե՞ չէ: Ընդ որում՝ փորձաքննության ենթարկող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր: Մասնավորապես՝ եթե ընկերությունները ցանկանում են 1 օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, համապատասխան վճարումները կարող են հասնել ընդհուպ 60 հազար դրամի»,-ասել է ԲՏԱ նախարարը:

Ըստ Մխիթար Հայրապետյանի, հաշվի առնելով այս հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակություն չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ: «Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Սահմանված օրենքով ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը, և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն շուրջ 1,5 տարի է՝ պրակտիկայում կիրառվում է այն, ինչ հիմա փորձ է արվում օրենսդրական տեսք տալ: «Ներկայացնեմ ապրիլից սեպտեմբեր վիճակագրությունը: Ստացել ենք 5449 հայտ 30786 ապրանքի մասով: Այս բոլոր դեպքերում՝ ընդամենը չնչին, ռազմականի դեպքում՝ 14 տոկոսը, երկակիի դեպքում՝ 30 տոկոսն ենք ուղարկել հավելյալ փորձաքննության: Մնացած դեպքերի համար մենք բիզնեսին ազատել ենք 2-3 աշխատանքային օրից և 12 կամ 60 հազար դրամ գանձվող գումարը վճարելուց: Ընդհանուր՝ ապրիլից սեպտեմբեր, մեր հաշվարկով, խնայել ենք 2-4 աշխատանքային օր և 82 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցչ ծախս: Նաև հրապարակել ենք ՊԵԿ կայքում ցանկ 57319 ռազմական և 12882 երկակի նշանակություն չհանդիսացող ապրանքների մասով»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, առաջարկություններ: Փոխվարչապետն ընդգծել է՝ թեմայի շուրջ աշխատանքները պետք է շարունակվեն, պետք է հստակ ուշադրություն դարձնել որոշումների կայացման կարգին: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ այս առումով կամայականության հնարավորությունները մեծ են, քանի որ այսօր ցանկացած կենցաղային իր կարող է դիտվել երկակի նշանակության ապրանք: Նշվել է, որ օրինագծերի փաթեթը մանրամասն կքննարկվի ԱԺ-ում:

Կկարգավորվի ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը. մինչև ուսումնառության ավարտը կընդլայնվեն ուսանողների աջակցության հնարավորությունները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաջորդող ուսումնական տարիների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով: Ինչպես նաև կհստակեցվեն 2024-2025, 2025-2026, 2026-2027 ուսումնական տարիների համար սահմանված կրթաթոշակի առավելագույն չափերը, որոնց փոխարեն առաջարկվող փոփոխությունների և լրացումների համաձայն՝ կգործեն նոր սահմանաչափեր և սկզբունքներ: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած կրթաթոշակի հավակնության համար ամրագրվել է առաջադիմության շեմ (միջին որակական գնահատականի 75 տոկոս և ավելի տոկոս), ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողին կրթաթոշակ տրամադրվելու է ըստ կիսամյակների:

Այս և թեմայի վերաբերյալ չզեկուցվող փաթեթով ընդունված մեկ այլ որոշմանն անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ այդմ՝ առաջարկվում է հստակեցնել անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ մինչև ուսումնառության ավարտը ուսանողների աջակցության հնարավորություններն ընդլայնվում են: «Ընդ որում՝ այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով: 2025-2026 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում: Կարևոր է, որ այս փոփոխություններով հանում ենք նաև ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը: Պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ ավելի համաչափ բաշխմանը մեր բուհերում: Սակայն հաշվի առնելով, որ խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին, ապա այս դրույթի անհրաժեշտությունը դուրս է գալիս: Եվ նաև այս սահմանաչափի վերանայումը նաև հնարավորություն է տալիս, որ 100 տոկոս փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում արդյունքում չէր ձևավորվում»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ աջակցությունը տարածվելու է նաև այս տարի բուհեր ընդունված, ինչպես նաև քոլեջներ ընդունված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսանողների համար: Այն կվերաբերի շուրջ 180 ուսանողի: Վերջիններս նույնպես այս տարի այս նույն պայմաններով կունենան հնարավորություն՝ ուսման վարձի փոխհատուցում ստանալու կրթաթոշակի տեսքով, և նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը:

Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարի այս որոշման շրջանակում 1-ին կիսամյակում 1834 բուհերի ուսանողների ուսման վարձ է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում ուսանողների թիվը բուհական մակարդակում աճել է մինչև 2134-ը: Ինչ վերաբերում է քոլեջների ուսանողներին, ապա 1-ին կիսամյակում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով 919 սովորողի է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133-ի: «Այսինքն՝ այս որոշումը վերաբերում է հազարավոր ուսանողների՝ քոլեջներում և բուհերում, և նրանք այս որոշման ընդունմամբ կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապատասխան աջակցությունը կա, և նրանք կարող են կենտրոնանալ իրենց ուսման և դրա որակի վրա»,- նշել է նախարարը:

Ի պատասխան Մհեր Գրիգորյանի հարցին, նախարարը պարզաբանել է՝ ծրագրով 2024 թ.-ին շահառուների թիվը ավելի քան 4000 է, նրանք բուհերի և քոլեջների ուսանողներ են:

Կառավարությունը 318.8 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին հատկացնել շուրջ 318․8 մլն դրամ՝ առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով: Գումար կհատկացվի ներքոնշյալ ծրագրերի համար: Լոռու մարզ՝ Ալավերդի բնակավայրի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի և երթևեկելի մասի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի բակերի, Թումանյան փողոցի 5-րդ և 6-րդ շենքերի բակերի, Քարկոփ բնակավայրի 630 մ. երկարությամբ փողոցի և բակային տարածքների բարեկարգման և ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի ջրագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և ինը շքամուտքերի, Թումանյան փողոցի երկու բազմաբնակարան շենքերի հինգ շքամուտքերի առաջին հարկերի, Քարկոփ բնակավայրի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների, ինը շքամուտքերի վերանորոգման և մեկ բազմաբնակարան շենքերի հիմքերի ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Սանահին կայարան թաղամասի, Թումանյան փողոցի բազմաբնակարանային շենքերի և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի կառուցման աշխատանքներ: Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի     Խաշթառակ բնակավայրի ժամանակավոր կամուրջի կառուցման աշխատանքներ, Դիլիջան բնակավայրի Էմմա Ծատուրյան փողոցի սկզբնամասում հեղեղված հենապատի վերականգման աշխատանքներ, Սարիգյուղ     բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Կիրանց բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Կիրանց բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերի ճանապարհի հենապատերի վերականգնման աշխատանքների ձեռքբերում, Ճամբարակ բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամուրջի վերանորոգման աշխատանքներ: Սյունիքի մարզ՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի գազամատակարարման համակարգերի շինհավաքակցման աշխատանքների ձեռքբերում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ռեկտորի պաշտոնում Արմեն Գրիգորյանի ընտրության արդյունքները: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր 4 հավակնորդ: Նիստն իրականացվել է՝ մրցույթի ընթացակարգի համաձայն, մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Մրցույթի արդյունքներով 20 անդամից 19 կողմ ձայնով 5 տարի ժամկետով ռեկտորի պաշտոնում ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը: «Պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում, ավելի քան 10 տարի աշխատում է, և վերջին 5 տարին նաև ուսումնական աշխատանքներն է ղեկավարել բուհում: Անցումային այն ժամանակահատվածում էլ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է եղել և ցույց է տվել բուհն արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը: «Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանողներ։ Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ», -ասել է ռեկտորը՝ հավելելով, որ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրային գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ ունեն նաև հաջողություններ, միջազգային կառույցների հավատարմագրումներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հարցին, թե համալսարանը երբ կարող է տեղ զբաղեցնել որևէ վարկանիշային աղյուսակում, գոնե 500 լավագույն բուհերի մեջ, ռեկտորը պատասխանել է, որ 5 տարին բավարար ժամանակահատված է Եվրոպայի՝ տնտեսագիտական ուղղությամբ թոփ 300 համալսարանների շարքում և աշխարհի թոփ 1000 լավագույն բուհերի մեջ ընդգրկվելու համար:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմողների թվի աննախադեպ աճով պայմանավորված՝ կհատկացվի ևս 450 մլն դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. համար ծրագրերի տարեկան հաստատված բյուջեն 1 մլրդ 206 մլն դրամ է, սակայն օգոստոսի 7-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1646 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 205 մլն դրամ, որից 205-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով, 464-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 977-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով, 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2024 թ. հուլիսի 15-ից հետո դիմած և երրորդ եռամսյակում դիմող շուրջ 672 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Ըստ հիմնավորման 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։

Ըստ այդմ՝ կսահմանվեն հիփոթեքային վարկի մարման աջակցության տրամադրման ընթացակարգը, կհստակեցվեն ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ մի շարք եկած խնդիրները։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ բոլոր այն անձինք, ովքեր ընդգրկված են եղել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում, սակայն 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, քանի որ իրազեկված չեն եղել ծրագրի շահառու հանդիսանալու վերաբերյալ, կարող են ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի մյուս պայմանները բավարարելու դեպքում։ Առաջարկվող կարգավորման հիմքում դրված է այն փաստը, որ ծրագրի շահառուների ցանկում ներառված, սակայն չդիմած շուրջ 300 ընտանիքների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք նախկինում չեն ունեցել ՀՀ հաշվառում, ինչը պարտադիր պայման էր։ Այդ ընտանիքները հնարավորություն կունենան դիմել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին:

Հաստատվել է ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը

Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Գործադիրը հաստատել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը, որում ներառվել է 19 միջոցառում: Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակման նպատակով գոմաղբամբարների կառուցում և այլն:

Վարժական հավաքներ՝ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ

 Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին կտրամադրվի աջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։ Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։ Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և միանվագ աջակցության ձևով: Աջակցության տրամադրումը իրականացվելու է մարզպետների աշխատակազմերի և նախարարության միջև կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում: Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։

Նախատեսվում է օտարել Կոտայքի մարզում գտնվող պետական գույքը 

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոց թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0ֆ,1702 հեկտար մակերեսով հողամասն օտարել աճուրդով: Ըստ հիմնավորման՝ գույքը կառուցված է եղել 1985 թ. և նախատեսված է եղել օգտագործել որպես բժշկական հաստատություն, սակայն ներկայումս տարածքը չի օգտագործվում։ Այն գտնվում է ներկայիս Աբովյանի բժշկական կենտրոնի ետնամասում։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 203 100 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով՝ 20 310 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղի 1-ին փողոց 13/6 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին գյուղի վարչական տարածքում կրթահամալիրի կառուցման նպատակով։

Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Նախատեսվող փոփոխության համաձայն՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Գործադիրը հավանություն է տվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրի ստորագրման առաջարկությանը։ Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում է վերահսկվող օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի տեղափոխման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Գուավա», «Վ-Սանկ» և «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

«Գուավա» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 100 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և արտադրամասի վերանորոգման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.4 մլն դրամ:

«Վ-Սանկ»-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ջրի վերաշրջանառության համակարգով, հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման ժամանակակից կայանների ցանց։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայան։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 1.8 մլրդ դրամի ներդրում, որից սեփական դրամական միջոցները կազմում են 150 մլն դրամ, հիմնական միջոցները 650 մլն դրամ և լիզինգ/վարկային միջոցներ 1 մլրդ դրամ։ Իրականացված ներդրումներով կառուցվել է ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ ավտոլվացման համալիրը: Այս պահին արդեն ներմուծվել են թվով չորս Wash Tec սարքավորումներ։ Ներդրումները ունեն հետևյալ բաշխվածությունը՝ 650 մլն դրամ՝ հիմնական միջոցներ (տարածք, շենք-շինություն) 700 մլն դրամ՝ սարքավորումներ, 70 մլն դրամ՝ տարածքի ասֆալտապատում, 100 մլն դրամ՝ բետոնային հատակ, 280 մլն դրամ՝ շինարարական և վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսվող ներդրումների ամբողջ ծրագրի նախահաշվային արժեքը կազմելու է ավելի քան 5.6 մլրդ դրամ։ Ամբողջ ծրագրի իրականացման համար ներդրումները ունենալու են հետևյալ բաշխվածությունը՝ 2.4 մլրդ դրամ սարքավորումների ձեռքբերման համար, 2 մլրդ դրամ կայանների կառուցման համար, 1.2 մլրդ դրամ՝ Green Care հատուկ նյութերի ձեռքբերման համար։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայաններ։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, այն նախատեսվում է հասցնել մինչև 55-ի՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 627 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.7 մլն դրամ։

«Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ»-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120.9 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված, ինչպես նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 16 աշխատատեղ՝ 167 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2029 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ 21-ի՝ 216 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 95.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.9 մլն դրամ։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Երևանի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8 քառ․մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ հետ վերցնել և տասը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։

Կառավարությունը սահմանել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը: Սահմանված ցանկում ներառված են տարբեր ոլորտներին առնչվող տարածական տվյալներ և ըստ էության ապահովում են ամբողջական տեղեկատվություն թե՛ անշարժ գույքի, թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տնտեսության տարբեր բնագավառների վերաբերյալ։ Համապատասխան տարածական տվյալների հասանելիության ապահովման պարագայում վերը նշված սուբյեկտները հնարավորություն կունենան կատարել համապարփակ վերլուծություններ և կայացնել արդյունավետ որոշումներ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30