Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի օրենսդրական փաթեթ, որով ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորվի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը

Սեպտեմբեր 26,2024 16:30

Ներքին գործերի նախարարությունՍեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։

Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին (INL)՝ ընդգծելով համատեղ մեկնարկած հակակոռուպցիոն ոլորտի նոր ծրագրի կարևորությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու տեսանկյունից՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է վերջին տարիներին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, սահմանադրական և ինքնավար մարմինների գործունեության փոփոխությունները։

Փոխնախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է հանցավորության դեմ պայքարը՝ հաշվի առնելով հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացասական հետևանքներն ու ազդեցությունը տնտեսության կայուն զարգացման վրա։ Այս առումով Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները՝ նախարարության արդյունավետության և հանցավորության դեմ պայքարի խթանման ուղղությամբ, ԱՄՆ աջակցությամբ մարդկային ռեսուրսների կառավարման փոփոխություններին միտված նոր նախաձեռնությունները։

Արփինե Սարգսյանը շեշտադրել է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում բավական հաջող փորձառությունը և հույս հայտնել, որ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ կընդունվի օրենսդրական փաթեթ, որը կնպաստի և՛ հանցավորության դեմ պայքարի բարելավմանը, և՛ ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը։

Նա վերահաստատել է ՆԳ նախարարության պատրաստակամությունը` շարունակելու գործընկերությունը և համատեղ նախանշելու այնպիսի լուծումներ, որոնց նպատակը առկա ձեռքբերումների ամրապնդումն է և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում լրացուցիչ կարիքների վերհանումն ու հասցեագրումը։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը նշել է, որ կոռուպցիան խաթարում է հասարակական կայունությունը, առաջացնում տնտեսական և սոցիալական բացասական հետևանքներ։ «Մենք կիսում ենք դրա դեմ պայքարում ՀՀ Կառավարության հանձնառությունը, միաժամանակ բարձր ենք գնահատում այս ոլորտում ՆԳ նախարարության ջանքերը», – ասել է նա։

Դեյվիդ Ալենն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա կոռուպցիայի դեմ պայքարում գրանցել նոր արդյունքներ։

Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդի խոսքով՝ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, և աշխարհում համախառն ներքին արդյունքի 2-ից 4 տոկոսն անցնում են փողերի լվացման սխեմաներով։ «Փողերի լվացման դեմ պայքարում Հայաստանն աննախադեպ առաջընթաց ունի և այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ գրանցելու Ձեր պատրաստակամությունը»,- ասել է Նիկոլաս Մենսֆիլդը։

Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քրիստինա Աֆոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Կառավարությանը և ՆԳ նախարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրի շրջանակներում հավաքագրված կարիքների հասցեագրմանը։

Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի իրավական հարցերով փորձագետ Տաթև Սուջյանն անդրադարձել է փողերի լվացման դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30