Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան․ «Իրենք գործում են նույն ծրագրի մեջ եւ, Նյու-Յորքում կարծես թե, այդ ծրագրի մասնակիցները հանդիպեցին միմյանց»

Սեպտեմբեր 26,2024 16:26

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին՝ ասաց․ «Որպես ժամանակակից ու մասնակից, պետք է ասեմ, որ մեր նորանկախ պետությունը երբեք այսպիսի խայտառակ էջ չի ունեցել, ինչպես Նյու-Յորքում, որտեղ ելույթ ունեցավ Փաշինյանը։ Կարծես, ինքը Հայաստանի հետ կապ չուներ։

Տարբեր առիթներով ասել եմ, որ ինքը հրաշալի տիրապետում է ժողովրդի զգացմունքը գողանալու եւ այդ գողացած էմոցիայով իշխանությունը նվաճելու եւ իշխանության մնալու արվեստին։ Բայց պարզվում է, որ դա միայն տեղական խնդիր չէ։ Նա փորձում է նաեւ պետությունների էմոցիան գողանալ նաեւ բարձր ամբիոնից։ Նրա ելույթը Հայաստանի հետ կապ չուներ։ Նա խոսում էր ապագայի մասին այնպես, ինչպես խոսում է Հայաստանում, աշխարհին բացատրում էր, որ մենք պետք է ապրենք «ապագա կա»-ի երազով եւ իր կերպարը փորձում էր մատուցել որպես խաղաղության աղավնի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում։ Եվ դա այն դեպքում, որ այնտեղ նստածներից շատերը գիտեն, թե ինչ է կատարվում ռեգիոնում, Հայաստանի հետ ինչպես են վարվում հարեւանները, էթնոզտման, ցեղասպանության ենթարկում արցախահայությանը, ինչպես են օկուպացրել մեր տարածքները եւ ինչ ծրագրեր ունեն մեզ հետ կապված։

Այս վիճակում խոսել այդ մասին, խայտառակություն էր։ Եթե հիշում եք, ՄԱԿ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ էլ նա արդեն մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մասին ասում էր, որ արցախահայությունն այնտեղ անվտանգ է, ապահով է եւ այլն, որին հաջորդեց էթնոզտումը»,-ասաց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով Էրդողանի հետ հանդիպմանը՝ Ռուբեն Հակոբյանը հարց հնչեցրեց, թե դա, արդյո՞ք, հանդիպում էր, թե նա բարեկամական այց էր կատարել «Թուրքիայի տուն», ինչպես կոչվում է այդ վայրը։ «Եթե հանդիպում էր, մենք բարեկամ պետություններ չենք եւ առնվազն դա պետք է չեզոք տարածքում լիներ։ Բայց այստեղ կարեւոր հարցն այն է, որ գնացել, հանդիպել է մեկին, ով շատ ավելի անկեղծ է, ասում է՝ ես եմ նվաճել, ես եմ գրոհել, ես եմ վերցրել, ես եմ օկուպացրել Արցախը, ասում է՝ ուզում էիր, չէ՞, մնալ իշխանության։ Եթե Արցախը հենց այնպես հանձնեիր, քեզ կասեին դավաճան եւ կզրկվեիր իշխանությունից։ Բայց դու ճիշտ արեցիր, որ ուղարկեցիր հինգ հազարից ավելի զինվոր, որպեսզի քո քաղաքացիները չմտածեին, որ դու դավաճանում ես քո պետությանը։ Դու պետք է զոհեր տայիր, մարդկանց ուղարկեիր սպանդանոց եւ ես բոլորին գլխատեցի։ Ու դու մնացիր իշխանության։

Իրենք գործում են նույն ծրագրի մեջ եւ, կարծես թե, այդ ծրագրի մասնակիցները հանդիպեցին միմյանց»,-ասաց նախկին պատգամավորը։

Ռուբեն Հակոբյանը նաեւ ներկայացրեց իր պատկերացումներն այն ուղիների մասին, թե ինչպես է հնարավոր ազատվել այսօրվա կառավարությունից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30